Նորություններ

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

01.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներով, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Առանձին նախատեսված է նաև ցուցադրական տեսանյութերի տրամադրում, որից ուսուցիչները ցանկացած պահի կկարողանան օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:

Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Արմավիրի մարզում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:

Ողջունելով վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և տրամադրած ժամանակի համար. «Ուրախ եմ, որ ծանր ուսումնական տարվա ավարտից հետո հմտությունների բարելավման ուղղությամբ դասընթացի եք մասնակցում, որն, իսկապես, գնահատելի է: Ուսումնական տարին հեշտ չէր. գտնվում ենք հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փուլում, որը ձեզնից լրացուցիչ ջանք և աշխատանք է պահանջում: Մանկավարժության ոլորտում երբեք չենք դադարում սովորել և զարգացնել կարողությունները։ Հուսով եմ՝ այս դասընթացը ևս այդ առումով արդյունավետ հնարավորություն կստեղծի ձեզ համար»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կառավարության ծրագրով առանձին թիրախ է սահմանված` հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Սարքավորումներն արդեն տրամադրված են, բայց, իհարկե, կարիք ունենք ջանքեր գործադրելու, որպեսզի արված ներդրումները լինեն արդյունավետ, և այդ սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Իսկապես շատ բարդ է այս առարկաները բացատրել ու ներկայացնել այնպիսի պայմաններում, երբ չկան գործնական հնարավորություններ: Հասկանալի է՝ այդ աշխատանքը պետք է արվի համապատասխան միջավայրում, որն էլ կօգնի ուսուցչին բարելավել դասավանդման որակը։ Այսօր այդ միջավայրը ձևավորված է. կարիք ունենք այն ավելի արդյունավետ օգտագործելու: Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ բավականին մեծ թվով սարքավորումներ են տրամադրվել դպրոցներին, սակայն դրանք խնամքով պահպանվել են փակ սենյակներում: Այդ սարքավորումներն առաջին հերթին տրամադրվում են օգտագործման համար: Իհարկե, խնամքով պետք է պահպանել նաև օգտագործման ժամանակ, ու վստահ եմ՝ այս վերապատրաստումների ընթացքում ձեզ կփոխանցվի այն օգտակար տեղեկատվությունը, թե ինչպես ճիշտ օգտվել սարքավորումներից ու պահպանման համար ճիշտ միջավայր ստեղծել: Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի ու դասընթացների, այլ դրանք վերածել ուսումնական ակտիվ միջավայրի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ ստեղծված հնարավորություններից լավագույնս օգտվելու դեպքում ավելի մեծ թվով երեխաներ կնախընտրեն մասնագիտանալ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչն, առաջին հերթին, կնպաստի թե՛ պետության, թե՛ տնտեսության զարգացմանը և թե՛ սովորողների կարողությունների բացահայտմանը:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ևս ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ ծրագրի մեկնարկը. «Ուրախ ենք, որ բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հիմնման պիլոտային ծրագրի առաջին շահառուն դարձել է հենց Արմավիրի մարզը։ Վստահ եմ՝ վերապատրաստումները կծառայեն իրենց նպատակին ու կնպաստեն դասընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը»:

Վերապատրաստումներն իրականացնում են մրցույթների արդյունքում ընտրված փորձագետները: «Կրթական ծրագրերի կենտրոնի» /ԾԻԳ/ ՏՀՏ բաժնի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով՝ վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: Աղբյուրը՝   https://escs.am/am/news/23200

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...