Նորություններ

Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

18.01.2024

Հունվարի 18-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանը և Մարիամ Մովսիսյանը, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանը և ծրագրի համակարգող Արման Սիմոնյանը: Բուհի ներկայացուցիչները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և «Կրթական ծրագրերի կենտրոնի» ԾԻԳ-ի մշտադիտարկման թիմի հետ համատեղ շրջեցին Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի համար հատկացված տարածքում, որտեղ տեղակայվելու են Գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիա՝ AgrobotLAB, Ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ և լաբորատորիաներ, աշխատասենյակներ: Այցի ընթացքում ընթանում էին բուհում նորաստեղծ կենտրոնին հատկացված տարածքի վերանորոգման, վերակառուցման աշխատանքները։ Բուհի ներկայացուցիչների հավաստմամբ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ծրագրի ընթացիկ փուլի ավարտը։
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրով: Ծրագրի ղեկավար` Արա Ամիրյանը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն (ԳՌՄԱՃԳԿՍ), որը համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: «Կենտրոնի ստեղծումը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթա-հետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով»,-հավելեց ծրագրի ղեկավարը:
Պրոֆեսոր Արա Ամիրյանը նաև տեղեկացրեց, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակներում իրականացվել է գործուղում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։
Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Կատարված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց, որ մատակարարվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը, համակարգչային սարքավորումների մի մասը։ Գույքը և համակարգչային սարքավորումները պահեստային տարածքում են տեղակայվել, դրանց ամբողջական դիտարկումը կիրականացվի հաջորդ մշտադիտարկման այցի ընթացքում, երբ գույքն ու համակարգչային սարքավորումները կտեղակայվեն համապատասխան տարածքներում։ Մոնիտորինգային աշխատանքնային խումբը բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց դրամաշնորհային ծրագրի հետագա սահուն ընթացքի ապահովմանն առնչվող հարցեր:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ մեկնարկել է կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների/ռոբոտների ձեռքբերման գործընթացը, կազմվում են դրանց տեխնիկական նկարագրերն ու շուկայի լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացվում՝ գնումը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար։
Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցային քայլերը՝ նշելով, որ ծրագիրն ունի աջակցող գործընկերներ: Նրա հավաստմամբ, ծրագրի շրջանակներում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) աջակցում է ՀԱԱՀ-ին զարգացնելու գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտը։ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) աջակցում է կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերի կազմակերպման շրջանակում, որը հնարավորություն կտա լաբորատորիայի շահառուներին մշակել և ներկայացնել նորարարական գաղափարներ, ստեղծել ստարտափներ և փորձել իրենց գաղափարներն առևտրայնացնել։
«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունն իրականացնում է խորհրդատվություն ռոբոտատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) նախագծման, տեղեկատվական և գիտատեխնիկական տեխնոլոգիաների, արդյունաբերական ռոբոտների, ղեկավարման համակարգերի մշակման վերաբերյալ, ինչպես նաև աջակցում է ծրագրի շրջանակում ստեղծվող և ներդրվող «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի մշակման գործընթացին:
Նշենք, որ ստեղծվող գերազանցության կենտրոնում, բուհի ներկայացուցչների հավաստմամբ, հետագայում կստեղծվեն նախադրյալներ գյուղատնտեսական ռոբոտների արտադրության համար, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը։
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:
 

Նորություններ

26.02.2024 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը Փետրվարի 23-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը և ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի... 23.02.2024 ՀԲ-ն ներկայացրել է ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների անկախ գնահատման արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանն ու Արթուր... 22.02.2024 ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվում են ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվեցին նաև փետրվարի 21-ին: ՀԲ պատվիրակությունը եղավ ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ դիտարկվեցին նորաստեղծ նախակրթարանները և տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները:: ՀԲ Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի...