Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը

29.04.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, բուհի դասախոսներ և ուսանողներ:
Նշենք, որ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Այն կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխման ու արդիականացման համար։ Գերազանցության կենտրոնը նաև հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին: Կենտրոնն ունի երեք հիմնական բաժիններ՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, կլինիկա և ուսումնական լսարաններ: Անասնաբուժական նորագույն կաղապարվածքներով ու սարքերով հագեցած նորարարական ուսումնական այս կենտրոնը միանգամայն նոր խոսք է անասնաբուժական կրթության, գիտության, հետազոտությունների եւ ծառայությունների բանագավառներում։ Արեշի մասնաշենքում կենտրոնի համար հատկացված ընդարձակ հարկաբաժնի վերակառուցումն ու կահավորումը սկսվել է դեռ 2019թ.-ին: Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ագրոտեխնոլոգիական ուղղության զարգացումը մեր երկրում:
«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝ մեզ համար կարևորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության և անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,-փաստել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր կողմերին:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին կարևորել է գերազանցության կենտրոնի առկայությունը հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. «Անասնաբուժությունը միայն տեսական մասնագիտություն չէ. այն պահանջում է գործնական գիտելիքներ: Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը»:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է բոլոր շահակիցներին եւ առաջին հերթին՝ ուսանողներին՝ կենտրոնի բացման կապակցությամբ եւ նշել, որ այստեղ ստեղծված են բարձրակարգ և մրցունակ կրթություն ստանալու բոլոր նախադրյալները։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց աջակցող բոլոր կառույցներին՝ ԿԳՄՍ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ին և Համաշխարհային բանկին: Ռեկտորը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանին հանձնեց Ագրարային համալսարանի շնորհակալագիրը:
Ռեկտորը գոհունակությամբ նշեց այն փաստը, Ագրարային համալսարան ընդունվելու համար այս օրերին դիմող պատանիների թվում, անցյալ տարվա համեմատ, շոշափելիորեն ավելացել է անասնաբույժի մասնագիտությունն ընտրողների տեսակարար կշիռը;
Անասնաբույժի օրվա կապակցությամբ և կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ բուհի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...