Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները՝ ԵՊՀ-ում. քննարկվեցին գիտակրթական ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

17.12.2025

ԵՊՀ այցելեց Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով հստակ պատկերացում կազմելու կրթական բարեփոխումների, գիտահետազոտական և նորարարական ծրագրերի, ինչպես նաև դրանց առնչվող մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Այցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Պատվիրակության ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև ԵՊՀ մի շարք առաջատար գիտաուսումնական և գիտահետազոտական կենտրոններում՝ տեղում ծանոթանալով ստեղծված ենթակառուցվածքներին, գիտական ներուժին և միջազգային համագործակցության հեռանկարներին։
Պատվիրակության կազմում էին Համաշխարհային բանկի գործառնությունների գծով փոխտնօրեն Նարինե Թադևոսյանը, բարձրագույն կրթության գծով ավագ մասնագետ Կոռնելիա Ջեսսին և կրթության մասնագետ Աննա Բերձենաձեն: Այցը մեկնարկեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին համալսարանի զարգացման ռազմավարական ուղղությունները, կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձան ԵՊՀ-ում ժամանակակից գիտակրթական միջավայրի ձևավորմանը և նորարարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ընդգծելով դրանց կարևորությունը բարձրորակ կրթության և կիրառական գիտության խթանման տեսանկյունից։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, ընդգծեց վերջին տարիներին համալսարանում գիտության ֆինանսավորման զգալի աճի փաստը, որը միտված է ինչպես հետազոտությունների կատարմանը, այնպես էլ գիտական սարքավորումների ձեռքբերմանը։ Ռեկտորի խոսքով՝ այս ջանքերի շնորհիվ ԵՊՀ գիտական հրապարակումների թիվն արձանագրել է էական աճ. այս տարի հրապարակված հոդվածների թիվը հասել է 711-ի, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանում։
Խոսելով գիտական և դրամաշնորհային ծրագրերի մասին՝ ռեկտորը շեշտեց, որ վերջին տարիներին ԵՊՀ-ում կազմակերպվող գիտաժողովների թիվը ևս աճել է, և դրանց մեծ մասն անցկացվել է օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ՝ ընդլայնելով միջազգային գործակցության շրջանակը։ Նա նշեց, որ ԵՊՀ-ում հետազոտական լաբորատորիաների և սարքավորումների արդիականացումը խթանել է գիտական աշխատանքի զարգացումը: Նախաձեռնությունները ֆինանսավորել են ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ ներառելով բարձրորակ և արժեքավոր մասնագիտական սարքավորումներ: Ռեկտորը կարևորեց այն հանգամանքը, որ այդ սարքավորումներն օգտագործում են երիտասարդ մասնագետները, քանի որ երիտասարդ կադրերի ներգրավումը գիտության ոլորտում շարունակում է մնալ հիմնական մարտահրավերներից։
Հանդիպման ընթացքում Կոռնելիա Ջեսսին կարևորեց բարձրագույն կրթության և գիտահետազոտական համակարգերի զարգացման ընթացքի, առկա մարտահրավերների, ինչպես նաև իրականացվող նորարարական նախաձեռնությունների մասին անմիջականորեն տեղեկացվելու հնարավորությունը ԵՊՀ-ում՝ նշելով, որ դրանք կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ։
Կողմերը քննարկեցին նաև ոլորտում երիտասարդ մասնագետներին ներգրավելու, ուսումնական ծրագրերի հավատարմագրման մասին հարցերը, կարևորեցին ուսումնական գործընթացի արդիականացումը, թվային և առցանց ուսուցման ընդլայնումը, օտարերկրյա ուսանողների ներգրավման խթանումը և այլ առանցքային խնդիրներ։
Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց ԵՊՀ-ում, մասնավորապես՝ Ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում, Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկական համակարգերի միկրոմշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում։
Նշենք, որ վերոնշյալ կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» և «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրերի շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնելու կիրառական գիտությունը, խթանելու նորարարությունը և բարձրացնելու կրթության ու գիտական հետազոտությունների որակը։
Այցի ընթացքում հյուրերը հանգամանորեն ծանոթացան կենտրոնների տեխնիկական հնարավորություններին, իրականացվող գիտական ծրագրերին և դրանց կիրառական նշանակությանը։Աղբյուրը՝ https://www.ysu.am/news/90697
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...