Նորություններ
Մեկնարկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը
15.01.2025

Հունվարի 14-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում մեկնարկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի ընթացիկ մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու՝ Արամ Պապոյանը: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի համար նախատեսված տարածքում: Նշենք, որ տարածքը վերնորոգված էր և կահավորված, իրականացվել էին նաև վերակառուցման աշխատանքներ։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումները տեղակայված էին համապատասխան տարածքներում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արամ Պապոյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական հատկորոշիչներին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Մ. Ռաֆայելյանը մանրամասն ներկայացրեց իր տեսակով եզակի Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի հնարավորությունները՝ փաստելով, որ սարքի միջոցով արդեն կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր հետազոտություններ: Ծրագրի ղեկավարի հավաստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը ԵՊՀ-ում։ Հանդիպման ընթացքում մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ծրագրի ղեկավար Մ. Ռաֆայելյանը հավաստիացրեց, որ մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ՝ մասնավորապես ընթացքում են նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքները, մեկնարկել են նաև այդ նոր մագիստրոսական ծրագրի միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման ռազմավարական պլանի մշակման աշխատանքները, ինչպես նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված սարքերի առկայությամբ պայմանավորված վերանայվել են բակալավրիատում դասավանդվող դասընթացներն ու առարկայական նկարագրերը: Մ. Ռաֆայելյանը շեշտեց, որ կենտրոնի մասնագետները համագործակցում են օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում:
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն էլ նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները: