Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը:
13.12.2021

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի հիմնանորոգված Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը շրջայց է կատարել դպրոցով, ծանոթացել հիմնանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում: Դպրոցն այս ծրագրի շրջանակում 2-րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է: Դպրոցի հիմնանորոգումը իրականացվել է տնտեսումների արդյունքում , մասնավորապես Ծրագրի 2-րդ փուլով նախատեսված է եղել 7 ավագ դպրոցի հիմնանորոգում , սական ‹‹Կրթական ծրագրերի կետրոն›› ԾԻԳ-ի կողմից գնումների գործընթացի գրագետ կազմակերպման և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման և տնտեսումների արդյունքում իրականացավ դպրոցի սեյսմակայուն հիմնանորոգումը:
‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում դպրոցի 3 մասնաշենքերը ամբողջովին հիմնանորոգվել են. երեք մասնաշենքերում ամեն ինչ նոր է և արդիական: Մեծ, լուսավոր ու հարմարավետ են դասարաններն ու միջացքները, լաբորատորիաներն ու հանդիսությունների սրահը, մարզադահլիճը: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում այստեղ ևս ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:Կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:
ՀՀ Արմավիրի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորել են տոնական տրամադրությամբ: Դպրոցի տնօրենը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նա իր խոսքում գոհունակություն է հայտնել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ին` հիմնանորոգման աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար: Հարկ է նշել, որ դպրոցի հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
Հավելենք, որ, Համաշխարհային բանկը ևս անդրադարձել է ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագրին. հրապարակումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://web.facebook.com/WorldBankArmenia/posts/2020796238003363