Նորություններ
Երևանի թիվ 142 դպրոցում ամփոփվում են հիմնանորոգման աշխատանքները
10.12.2021

Դեկտեմբերի 10-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Երևանի թիվ 142 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան իրականացված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձնագրեցին՝ կատարվում են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ամփոփվել են սանհանգույցների սալիկապատման աշխատանքները:Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Դպրոցի մասնաշենքերը ամբողջովին հիմնանորոգվել են. մասնաշենքերում ամեն ինչ նոր է և արդիական:Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում այստեղ ևս ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ, որի արդյունքում ջրի ծորակները ուղղակի լաբորատոր սեղանների վրա են, կամ ներկառուցված են պահարանների մեջ:Փորձերի ժամանակ աշակերտները կկարողանան տեղում օգտվել ջրից: