Նորություններ

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է նոր գիտաուսումնական կենտրոն

16.11.2021


ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, դեղագիտական ընկերությունների, գիտական կազմակերպությունների, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և բուհերի ներկայացուցիչներ:

Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնի›› կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի՝ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված դրամաշնորհի միջոցներով։ Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է:

Բացման խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ տեխնիկապես հագեցած նոր լաբորատոր կենտրոնի բացումն աջակցություն է բնագիտության ոլորտին, որն այսօր որոշակի դժվարություններ և խնդիրներ ունի:

«Կառավարությունն աջակցել և աջակցելու է նման բոլոր նախաձեռնություններին: Կառավարությունը նաև խնդիր է դնում, որ բացումից հետո կենտրոնը դառնա գիտաուսումնական ակտիվ գործունեության վայր: Համոզմունք ունեմ, որ այս կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք Քիմիայի ֆակուլտետի զարգացմանը` չմոռանալով, որ կենտրոնի ստեղծման հետ առնչություն ունեցող մեր բոլոր գործընկերները սերում են Քիմիայի ֆակուլտետից, որը ԵՊՀ հիմնարար ֆակուլտետներից է»,- նշել է նախարարը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ծրագրի ղեկավար Աշոտ Սաղյանն էլ կարևորել է կենտրոնի բացումը` ընդգծելով, որ այն ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական միջավայր: Նրա խոսքով՝ դեռևս 2016 թվականին հասունացած գաղափարն առանց լուրջ ներդրման հնարավոր չէր լինի իրականացնել:

«Սարքավորումներն արդեն տեղադրված են, և մեր մասնագետներն այս ուղղությամբ կարող են խորացնել իրենց մասնագիտական հմտությունները»,- նշել է նա` հավելելով, որ այդ հիմքով բացվել է նաև մագիստրոսական նոր ծրագիր, որը շնորհալի երիտասարդներին ոլորտում ներգրավելու խոստումնալից հեռանկար է: Կենտրոնը դեղագիտության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռում. համապատասխան լիցենզիայի հայտն արդեն ներկայացվել է պետական առողջապահական գերատեսչությանը:

«Համոզված եմ, որ նորաբաց կենտրոնը ԵՊՀ-ի համար դառնալու է արտաբյուջետային միջոցներ ապահովող հիմնական կառույցներից մեկը»,- համոզմունք է հայտնել գիտնականը:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կենտրոնի բացումը մասնավոր հատվածի հետ հաջողված համագործակցության օրինակ կարող է դառնալ:

Նշենք, որ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի հիմնադրման նպատակը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ բարձրորակ դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստումն է։

Նորաստեղծ կենտրոնը կխթանի ֆարմացիայի հարակից ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցությունը, կնպաստի գիտահետազոտական գործունեության և նորարարությունների զարգացմանը:

Բացման արարողության ժամանակ բարձրաստիճան հյուրերը շրջել են նորաստեղծ վերլուծական լաբորատորիայում. նրանց ներկայացվել են կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և գիտական սարքավորումները` ըստ իրենց կիրառական նշանակության : Նորաբաց գիտաուսումնական կենտրոնի բացման արարողության մանրամասները տեսանյութում՝https://www.youtube.com/watch?v=47EdqBWlm6w

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...