Նորություններ
Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները
10.06.2020
‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում հունիսին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ խորհրդատու Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2019թ.-ի ընթացքում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 18 միկրոծրագրեր, իսկ 2020թ.-ի մայիսի 15-ից վերոնշյալ ենթաբաղադրիչի շրջանակներում ընթացքում են նախակրթարանների ստեղծման 21 միկրոծրագրեր: