Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ մարզեր
04.09.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում սեպտեմբերի 3-4-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի և Կոտայքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի համակարգող Ռ. խաչատրյանը փաստեց, որ Հրազդանի թիվ 7, Կարենիսի, Դողսի և Նոր Կեսարիայի կրթական հաստատություններում շինարարական աշխատանքներն ընթացել են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Օգոստոս ամսվա ընթացքում նախակրթարանները կահավորվել են, հագեցվել են անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և ուսումնամեթոդական նյութերով: Նորաստեղծ նախակրթարանները գործում են սեպտեմբերի մեկից՝ ապահովելով այդ համայնքների 4-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ: ԾԻԳ- ի ներկայացուցիչը հավելեց, որ ընթացքում է երկրորդ փուլի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ընդունումը: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2019թ.-ի ընթացքում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 18 միկրոծրագրեր, իսկ ՀՀ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած խոցելի համայնքների 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվել են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով: