Նորություններ
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն
29.04.2026
Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որտեղ տեղակայված են Գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիան՝ AgrobotLAB, Ծրագրավորման լաբորատորիան՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ, լաբորատորիաներ և աշխատասենյակներ: Հյուրերին ընդունեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի ղեկավար Արա Ամիրյանը: Կենտրոնի ղեկավար, տ․ գ․ դ․ պրոֆեսոր Արա Ամիրյանը հակիրճ ներկայացրեց իրականացված աշխատանքները։ Նա վստահություն հայտնեց, որ կենտրոնը՝ մեր երկրում ագրոռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ոլորտում լինելով եզակի ենթակառուցվածք՝ իր տեխնիկական հագեցվածությամբ, գյուղատնտեսական ռոբոտների նախագծման (AgrobotLAB) և ծրագրավորման (ITLab) լաբորատորիաներով, վստահաբար կծառայի նախասահմանված հիմնական նպատակներին՝ ոլորտի արդիանակացում և մրցունակ մասնագետների պատրաստում։ Պրոֆեսոր Ամիրյանը աջակցության և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, համալսարանի ղեկավարությանն ու ծրագրի կառավարման թիմին։ ՀԱԱՀ ռեկտորի ուղեկցությամբ ՀԲ ներկայացուցիչները կենտրոնի հարկաբաժնում շրջայցի ընթացքում զրուցեցին «Գյուղատնտեսական մեխատրոնիկա և ռոբոտաշինություն» կրթական ծրագրի անդրանիկ առաջին կուրսի ուսանողների հետ. մասնավորապես, ականատես եղան, թե ընդամենը մեկ ամիս առաջ ուսանող դարձած երիտասարդները ինչպես են օգտագործում 3D մոդելավորման սարքը, աշխատեցնում հետազոտող ԱԹՍ-ն, պարարտացման, բուժման եւ բազմաթիվ այլ նպատակների համար նախատեսված դաշտային ռոբոտ մեքենաները: ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանն իր խոսքում մեծապես կարևորեց կենտրոնի ստեղծումը, մասնավորապես՝ ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և զարգացմանը նպաստելուն պատրաստ մրցունակ կադրերի պատրաստման տեսանկյունից։
Առաջիկայում կկայանա «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը։ Հավելենք, որ ՀԱԱՀ-ում ներդրված երկու նոր մասնագիտությունների (Ճշգրիտ գյուղատնտեսություն մագիստրատուրայում եւ «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա բակալավրիատում) ուսանողներն արդեն օգտվում են կենտրոնի ընձեռած աննախադեպ հնարավորություններից։