Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում

29.01.2019

2016 թվականի դեկտեմբերին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում (ԵԳՀ) Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր  ‹‹Իրավագիտություն մասնագիտության արդիականացում›› դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն

ամփոփվել են:Այս առիթով հունվարի 29-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանի ուղեկցությամբ շրջեցին նորաստեղծ Կրիմինալիստիկայի լաբորիատորիայում և Իրավաբանական կլինիկայում: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր, ի.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը: Նա ընդգծեց՝ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ‹‹Այս ենթակառուցվածքի առկայությունը բուհում թույլ է կտա իրավագիտության ոլորտում ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ: Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված նոր կադրերի պատրաստումը››, -հավելեց Ժ. Ջհանգիրյանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։
Ապագա, ինչպես նաև արդեն գործող իրավաբանների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված Կրիմինալիստիկայի լաբորատորիայի սրահները համալրված են համապատասխան սարքավորումներով, մանեկեններով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է իրավագիտության ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված մատնադրոշմային, ֆինանսատնտեսական և դատահաշվապահական հետազոտությունների ծրագրային ապահովմամբ համակարգչային տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի խոսքով Կրիմինալիստիկայի լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել իրավագիտության ոլորտում:
«Լաբորատորիան նպաստում է իրավագիտության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է»,- նշեց Ռ. Այդինյանը:
Նորաստեղծ լաբորատորիայում, դիտարկելով լաբորատոր սարքավորումները, ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Տիգրան Պողոսյանը քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը, ծրագրի արդյունքում հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում լաբորատորիան զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումներով, քննչական ճամպրուկներով, կրիմինալիստիկական ուսումնական ստենդերով, հավաքածուներով: Նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Ռ. Այդինյանի խոսքով դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև ‹‹Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի մշակում, և համանուն մագիստրոսական ծրագրի ձեռնարկի մշակում և տպագրություն, կատարվել է ‹‹Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի մշակում և վերանայում՝ իրավաբանական կրթությունը նորովի կազմակերպելու համար:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայից և կլինիկայից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն ԵԳՀ-ի ուսանողները և դասախոսները, այլև այս ոլորտի այլ մասնագետները:
Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, ծրագրի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների առկայությունը բուհում կխթանի գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը:
Նպատակ ունենալով ընդլայնել ստեղծվող ենթակառուցվածքների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ բուհի կողմից առաջին քայլերն արդեն արվել են. արդեն իսկ իրականացվել են հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, ակտիվ համագործացություն է սկսվել հայաստանյան բարձրագույն ուսւմնական հաստատւթյունների և գիտահետազոտական և փորձագիտական կենտրոնների հետ: Նման քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը, որը ստեղծված ենթակառուցվածքի առկայությամբ դառնում է ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:
 

Նորություններ

26.07.2021 Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին Հուլիսի 23-ին երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում աշխատանքային այցով Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը... 23.07.2021 Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ամփոփվում են «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա ամփոփիչ մշտադիտարկումների համատեքստում, հուլիսի 22-ին տեղի ունեցավ հանդիպում Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ... 21.07.2021 Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Հուլիսի 20-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում, տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Հանդիպման նպատակը ՃՇՀԱՀ-ում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Համալսարանում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Նշենք, որ 2019 թվականի հուլիսից բուհում մեկնարկել է...