Նորություններ

Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովում ներկայացվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագիրը

22.11.2017

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի տարեկան գիտաժողովի բացումը։Տարեկան գիտաժողովը իր բնույթով համալսարանի գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին յուրատեսակ հաշվետվություն է։ Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին, գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման` նպաստելով հանրապետությունում և հատկապես մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին։ Այսօր տեղի ունեցած առաջին լիագումար նիստին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>>ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը, ՀԱՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Նիստը բացեց և գիտաժողովի աշխատանքներին բարեհաջող ընթացք և գիտական առողջ բանավեճեր մաղթեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը։ Խիստ կարևորելով գիտաժողովի դերը հատկապես երիտասարդ գիտաշխատողների, գիտությամբ զբաղվելու հավակնություն ունեցող ուսանողների և ասպիրանտների համար` Ո. Մարուխյանը նշեց, որ ամեն ինչ արվում է Պոլիտեխնիկի` ամուր հիմքեր գցած գիտական դպրոցի ավանդույթները տեխնիկական կրթության դրոշակակիրը դարձնելու համար։ «Այսօր մեկնարկած գիտաժողովը յուահատուկ է նրանով, որ մեկնարկում է Պոլիտեխնիկի 85ամյակի շեմին։Այս իրադարձությունը յուրահատուկ կնիք է դնում տարեկան գիտաժողովի վրա։ Այս գիտաժողովը, և առհասարակ, գիտությանն առնչվող մեր բոլոր ձեռնարկները, ինչպիսին է Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը, ստեղծագործող գիտնականների համար են»,-ասաց ռեկտոր Ո. Մարուխյանը։ Նա անցնող տարին համարեց արգասաբեր, որի ընթացքում եղել են 400 հրապարակումներ և ստացվել են 17 արտոնագրեր։ Ո. Մարուխյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կկատարի իր առջև դրված խնդիրը և զեկուցումները կլինեն բանավիճային։ «Այս գիտաժողովը նշանակալի իրադարձություն է Պոլիտեխնիկի համար։ Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս գիտաժողովում քննարկվող խնդիրները։ Համոզված եմ, որ առաջիկա օրերին տեղի կունենան հետաքրքիր քննարկումներ` ի նպաստ տեխնիկական կրթության զարգացման», – իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը»: Առաջին լիագումար նիստում ՀԱՊՀ պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում:Նա մանրամասն ներկայացրեց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը», խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ծրագրի իրականացման փուլերի, գործընկերների, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին։ Նա նշեց, որ ծրագրի աշխատանքները հիմա գտնվում են 6-րդ փուլում և կավարտվեն մեկ ամսից։ Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը» լինելու է մտավոր իրավունքների ձևակերպման, ապրանքայնացման հարթակ։
Հաջորդ երեք աշխատանքային օրերի ընթացքում գիտաժողովի 8 բաժանմունքներում և 20 ենթաբաժանմունքներում կլսվի 196 զեկուցում:
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...