Նորություններ
Աշխատանքային այց ՀՀ մարզեր՝ շինարարության ընթացքին ծանոթանալու համար
10.10.2017
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին իրականացրել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Գրիգոր Բաղդասարյանը աշխատանքային այցով եղան «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցներում: ԿԾԿ ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողները ծանոթացան երկու տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Այցի ընթացքում, մասնավորապես, ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ներկաները ծանոթացան աշխատանքի ողջ ընթացքին, քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին` ավարտին են մոտենում դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, ընթացքում են խաղահրապարակների, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցումը, իրականացվել է եզրաքարերի տեղադրումը: Ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, ընթացքում են սպորտդահլիճների սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, կատարվում է վինիլային, լամինատե, մամլոգրանիտե հատակների տեղադրումը: Հիշեցնենք , որ մայիս-հունիս ամիսներին արդեն ավարտին էին հասցվել տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքները:
Ներկաները փաստում են, որ նման աշխատանքային այցերը հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը վերոնշյալ ավագ դպրոցներում: