Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է կրթության մշակներին

01.09.2017

    Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղել է իր հայրապետական պատգամը: «Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում և շնորհավորում կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի օրվա և 2017-2018 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով: Ամառային հանգստյան օրերից հետո կրթական մեր հաստատությունները կրկին իրենց դռներն են բացում մատաղ սերնդի առջև, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեն և կրթեն նրանց միտքն ու հոգին: Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի համար, և շնորհիվ կրթօջախների՝ մեր կյանքի մնայուն ընկերակից են եղել գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը: Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները, վառ պահելու կրթության առաջնահերթությունը և հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավը ուսման և գիտության հանդեպ: Արդարև, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն: Այս ըմբռնումով և զգացումով է մանկավարժի մատուցածը արժեք ստանում և կենսավորվում: Ուսուցիչը իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ` ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Ձեր ջանքերով կրթված ու պատրաստված սերունդն է, որ մեր օրերի արագափոփոխ զարգացումներում հոգևոր և մտավոր ներուժ և քաջություն կունենա ապահովելու մեր ժողովրդի ու պետականության շարունակականությունը և անընդմեջ զորացումն ու առաջընթացը»,-մասնավորապես նշել է ԱմենայնՀայոց Կաթողիկոսը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի կրթության ոլորտի ներկայացուցիչները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանում են Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը՝ ուսումնական ողջ տարվա ընթացքում իրենց գործունեությունն իրականացնելու համար: «Կրթության ոլորտի ներկայացուցիչների, մանկավարժների համար այս օրհհնության կարգը սիրված արարողություն է: ՄԵր առաջիկա կրթական բարեփոխումները հենց ուղղված են ուսուցչի դերարկատարության բարձրացմանը, որպեսզի նրանց համար ապահովենք աշխատելու և ապրելու ավելի լիարժեք և ապահով պայմաններ: Միայն այդ պարագայում մանկավարժները կարող են առանց կողմնակի հոգսերի իրականացնել իրենց առաքելությունը և գիտակցել դրա կարևորությունը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ կրթության մշակների օրհնության ավանդույթի սկիզբը դրվել է 2010 թվականին:


 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...