Նորություններ
Մեկնարկել են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
10.08.2016

Օգոստոսի 9-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի և Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր : Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցը 4 մասնաշենք ունեցող համալիր է և ներկայումս վերանորոգման ծրագրում ընդգրկված են համալիրի 2 մասնաշենքերը: Շինհրապարակում իրականացվող աշխատանքներին ծանոթացան նաև կապալառու «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող«Պարապետ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի և վերոնշյալ դպրոցների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 27-ին համաձայն շինարարական կապալի պայմանագրի մրցույթում հաղթող ճանաչված «Բաղրամյանշին ԲԲԸ»-ին, հանձնվեցին շինհրապարակներ, մասնավորապես` Արարատի և Մեծամորի ավագ դպրոցների շենքերը և դրանց հարակից տարածքները: Նշենք նաև , որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի օգոստոսի 15-ին, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է մոտ 26 ամիս:Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Պետրոս Քարամյանը արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին, «Բաղրամյանշին» ԲԲԸ շինարարական կազմակերպությանը հանձնեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցները ուսումնական գործընթացը կկազմակերպեն այլ տարածքներում: Արարատ քաղաքի ավագ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի հարևանությամբ գտնվող Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի շենքում, իսկ Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցը իր իսկ համալիրի, ներկայումս վերանորոգման ծրագրում չընդգրկված 2 մասնաշենքերում: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը և նվազեցնել շահագործման և պահպանման ծախսերը: Ծրագրի իրականացումը նպաստում է նաև ծրագրի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում սոցիալական և տնտեսական օգուտների ավելացմանը: