Նորություններ
Աշխատանքային այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
22.07.2016

Հուլիսի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը ամփոփեց մեկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին բուհում մեկնարկել է ՙՃարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ՚ ծրագիրը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ճարտարապետական և շինարարական նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լաբորատորիայի տարածքի մասնակի վերակառուցում ու վերանորոգում, փորձարարական սարքերի, անհրաժեշտ այլ սարքավորումների ու գույքի ձեռքբերում և մոնտաժում,: Ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել է լաբորատորիայի համար նախատեսված գույքի, համակարգչային տեխնիկայի, օդափոխման և անվտանգության համակարգերի ձեռքբերումը: Ընթացքում են լաբորատորիայի տարածքի բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաև լաբորատոր սարքավորումներիձեռքբերման գործընթացը: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՙՄիկշին՚ ՍՊԸ-ի հետ գործընկերությամբ: Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ ճարտարապետաշինարարական կրթությունը նորովի կազմակերպելու համար առաջիկայում կմշակվի նաև անհրաժեշտ կրթական բովանդակությունը՝ հումանիտար, բնագիտական և տեխնիկական կրթամասերում ընդգրկված յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերը: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը ճարտարապետաշինարարական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռքբերել գործնական հմտություններ, որոնք կարևոր պայմաններ են թե որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար : Հիշեցնենք, որ ՆՄՀ շրջանակներում 2013 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՃՇՀԱՀ–ի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվել և գործում է Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսունագիտական լաբորատորիան, որն իրականացնում է հանրապետության տարածքում հիդրոշինարարական կառույցների փորձաքննություն: