Նորություններ
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն
04.11.2019
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը» ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում՝ 2015-2017 թթ.: ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն»-ը եզակի է հանրապետությունում՝ իր տեսակով և հնարավորություններով: Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցած հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Կենտրոնը օրական հնարավորություն ունի սպասարկելու շուրջ 200 ուսանողի: Ծրագրի արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, սիմուլյատորներով և շուրջ մեկուկես տարվա ծախսանյութերի պաշարով: Ստեղծված կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան «Ստոմատոլոգիա» մասնագիտության նորացված կրթական ծրագրի և ուսումնական պլանի մշակում, իրականացվել է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: Այսօր կենտրոնում իրականացվոմ են պայմանագրային հիմունքներով ապագա և գործող բժիշկների վերապատրաստման դասընթացներ՝ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպվում են մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ: Բացի այդ, ինչը պակաս կարևոր չէ, կենտրոնը թույլ է տալիս իրականացնել ստոմատոլոգիական ծառայություններ:
Ինչ վերաբերում է դրամաշնորհային ծրագրի հետագա շարունակականությանը և կիրառելիությանը, ապա հարկ է նշել, որ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներից բացի այստեղ իրենց մասնագիտական հմտութուններն են զարգացնում և կատարելագործում բոլոր ստոմատոլոգիական նեղ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառող կլինիկական օրդինատորները: Մասնագիտական ասոցիացիաների հետ համատեղ իրականացվում են վարպետաց դասեր (մաստեր կլասեր): Հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կազմակերպվում են մասնագիտական կողմնորոշման ճանաչողական այցեր:
Կենտրոնում անցկացվել է կլինիկական օրդինատորների և ուսանողների շրջանում ստոմատոլոգների միջազգային մասնագիտական օլիմպիադայի սիմուլյացիոն փուլը:
Ներկայումս նորարարական կենտրոնը հանդիսանում է ստոմատոլոգիական բոլոր մասնագիտական ողղություններով գործնական հմտությունների և կարողությունների զարգացման միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից մասնագիտական ուսումնական հարթակ: Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի գործունեության մասին պատմող տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=ERZISwK4LSE