Նորություններ
Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ
04.11.2019
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում է «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ը: Այն հագեցած է մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում` 2015-2017թթ.: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի մասն են կազմում փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, նորաբաց լաբորատորիաները: Դրամաշնորհային ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ միջոցառումներ՝ մշակվել և հրատարակվել է բուհի գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանը, ստեղծվել և գործում է ինովացիոն խորհուրդը, կազմակերպվել է նորարարությունների դպրոցը, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքետինգի գծով: Բուհի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծվել են նաև կոնկրետ գործիքներ՝ ինովացիոն ծառայությունն ու ինովացիոն պորտալը: Վեբ հենքով աշխատող ինովացիոն պորտալը մեկ միասնական տեղեկատվական միջավայրում է միավորում համալսարանի ուսումնահետազոտական բազաները և լաբորատորիաները՝ հստակ ներկայացնելով դրանցում առկա սարքավորումների նկարագիրը, լաբորատորիաներում հնարավոր գիտահետազոտական աշխատանքների ցանկը: Պորտալում նաև մեկտեղված են ՀԱՊՀ-ի գիտական գործունեության արդյունքները, դասախոսությունները, կրթական ծրագրերը, արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով հասանելի են շուրջ 1700 գիտական հոդվածները՝ I.polytechnic.am հասցեում: Ինովացիոն ծառայությունը գործում է իբրև բուհը տնտեսությանը և այլ շահառուներին կապող այն օղակը, որ կարգավորում է գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանն առնչվող առաջարկի և պահանջարկի հարցերը: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև փորձագիտական կենտրոն, որի կազմում վերազինվել կամ ամբողջությամբ հիմնվել են յոթ լաբորատորիաներ. մասնավորապես, ժամանակակից սարքավորումներով համալրված այս կենտրոնը միավորում է «Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների», «Գիտաարտադրական» (երեք առանձին լաբորատորիաներ), «Այլընտրանքային էներգիայի» և «Կառուցվածքային hետազոտությունների» լաբորատորիաները: «Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայում», ծրագրի շրջանակներում տեղադրվել է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը, որն իր բնույթով եզակի է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս մեծ ճշտությամբ և լայն սահմաններում ուսումնասիրել ինչպես Պոլիտեխնոպարկում մշակված, այնպես էլ արտադրությունում կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները: Ընդ որում, հետազոտություններ են կատարվում նաև նանոչափերի համար: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի գործոնեության մասին պատմող տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://web.facebook.com/npua.ic/videos/720415521758507/?_rdc=1&_rdr: