Նորություններ
Գինին սկսվում է դաշտից և ավարտվում կոստյումով ու գավաթով
28.10.2019
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազան: Այն ստեղծվել է գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման պատմությունը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերից, երբ ՆՄՀ շրջանակում մեկնարկել էր «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում(ԳԿԳԲԶ)»դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Չորս տարի առաջ, ծրագրի մեկնարկին Կրթական ծրագրերի կենտրոնի և բուհի ներկայացուցիչներին անհավատալի էր թվում, որ Արմավիրի Ոսկեհատ համայնքում գտնվող երկու կիսավեր շենքերը գինեգործական կրթության գիտաուսումնական բազա կդառնան։ Սակայն համատեղ հսկայածավալ աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում ստեղծվեց գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ, ինչպես նաև իրականացվեց գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվեցին երկու շինությունները, որոնցից առաջինը արտադրական է, իսկ երկրորդում տեղակայված են թե արտադրական նշանակության, թե ուսումնական տարածքներ: Տեղադրվեցին գինեգործական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումները: Ծրագրի շրջանակներում գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար մշակվեց անհրաժեշտ կրթական բովանդակությունը, ձեռք բերվեց գինու արտադրության և այլ համապատասխան ոլորտների վերաբերյալ ժամանակակից մասնագիտական գրականություն:Արտասահմանյան և հայաստանյան գինեգործական կազմակերպությունների փորձի ուսումնասիրման, բենչմարքինգի կազմակերպման և ծրագրի համատեքստում իրականացված գործողումների արդյունքում բուհի կողմից մշակվեց և տպագրվեց անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ: 20 հա. հողատարածքում հիմնվեց խաղողի այգի, որտեղ ամեն տարի ավելանում են սելեկցիոն նոր տեսակները: Գիտաուսումնաարտադրական բազայի արտադրական տարածքում այսօր կարևոր նշանակություն ունի գինեգործության մասնագիտացված լսարանը, ինչը գինեգործական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գործնական հմտություններ գինու արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ և նպաստում է գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:
Այս գիտաուսումնաարտադրական բազան ուսանողներին պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, այսօր խթանում է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը: 2 տարի տևած հսկայածավալ աշխատանքի արդյունքները այսօր ոչ միայն տեսանելի, այլև ըմպելի են ...
Այս մասին են փաստում ԵՊՀ 100-ամյակի առթիվ՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում, Ագրարային Համալսարանի ուսանողների կողմից պատրաստված կարմիր չոր գինին՝ Արենի և Հաղթանակ խաղողի սորտերից, ՈԱԱԿ-ի 10-ամյակի առթիվ անվանական պիտակով շշալցված գինիները, որոնք ապահովեցին երևանյան վեհաժողովի մասնակիցների բարձր տրամադրությունը և մայրաքաղաքի «գինեշատ» մասում՝ Սարյան փողոցում, երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի դրական արձագանքները Ագրարային հալասարանի արտադրության գինու որակի ու համի մասին: Այսպիսով՝ փաստենք, որ ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն, որն այսօր տարածաշրջանում իրականացնում է գինեգործական կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ:



























