Նորություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը մայրաքաղաքի ավագ դպրոցներ
27.08.2019
Օգոստոսի 26-ին օգոստոսյան խորհրդակցությունների համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը շրջայց է իրականացրել Երևանի ավագ դպրոցներում ,որոնք հիմնովին վերակառուցվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկեց շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր և ուղիղ միացմաբ ներկայացրեց հիմնանորոգման ընթացքը:ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջայցը սկսեց Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցից: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է սույն թվականի հուլիսի 20-ին, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմում է մոտ 24 ամիս: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը նշեց, որ հիմնանորոգվող դպրոցներում նախատեսվում է իրականացնել սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ:Կբարեկարգվի նաև դպրոցների հարակից տարածքները: Կկառուցվեն խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
«Ավագ դպրոցները և ընդհանրապես դպրոցաշինությունը լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կետրոնում»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Նախարարի հաջորդ կանգառը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն էր (ավագ դպրոց): Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը նշեց, որ Հայաստանում 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ «Հաճախ բողոքում ենք ավագ դպրոցների բովանդակային առումով չկայացած լինելուց, բայց համոզված եմ, որ ֆիզիկական պայմանները ուղիղ ազդեցություն ունեն կրթության որակի վրա», հավելեց Ա. Հարությունյանը:
Հյուրերը շրջեցին դպրոցում և դպրոցի հարակից տարածքում:Այս դպրոցում շինարարական աշխատանքները տրելու են 22 ամիս:
Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցների շենքերը կունենան հարմարեցված միջավայր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջայցը ավարտեց Երևանի թիվ 142 դպրոցում, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրեց , որ ըստ նախագծի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 27 ամիս և այդ աշխատանքներին զուգահեռ իրակացվում է նաև տեխնիկական վերահսկողություն: Հավելենք, որ վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից երեքն են: Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներից վեցում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:



























