Նորություններ
Մեկնարկել են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
05.08.2019
Օգոստոսի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց) : Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) հիմնանորոգման աշխատանքները: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից մեկն է: Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներից չորսում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի 5-ին շինհրապարակում էին նաև «Ագաթ 777» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հայգյուղ-Շին նախագիծ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի հուլիսի 20-ը, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից «Ագաթ 777» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնվեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմելու է 22 ամիս: Այցի ընթացքում: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքում: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը:
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկա պայմանները ` լուսանկարներում:








