Նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին

03.10.2018

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակում մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին: ՀՀ ԿԳ նախարարը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերապատրաստման ընթացքին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել վերապատրաստմանը մասնակից ինֆորմատիկայի ուսուցիչների հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում մեկնարկել էին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումներն իրականացվում են վարկային ծրագրի շրջանակներում կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած 30 տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հանդիպման մեկնարկին «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը կարևորեց ՏՀՏ գործիքների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում՝ նշեց, որ ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայաստանյան կրթական համակարգում: 30 վերապատրաստվողներից երկուսը՝ Սոնա Խաչատրյանն ու Արմեն Մկրտչյանը, որոնք վարում էին դասընթացն ու ներկայացնում ՏՀՏ գործիքների կիրառության առանձնահատկությունները, խոսեցին վերապատրաստման կարևորության և արդյունավետության մասին: ՏՀՏ գործիքների կիրառությանը և դրանց առանձնահատկություններին ԿԳՆ նախարարը ծանոթացավ սեփական փորձով: Անձնական սմարտֆոնով, միանալով վիրտուալ համակարգին, Արայիկ Հարությունյանը փորձարկեց ՏՀՏ գործիքներից մի քանիսը և կարծիք հայտնեց դրանց արդյունավետության մասին: ԿԳՆ նախարարը փաստեց , որ ՏՀՏ գործիքները օգտակար են հիմնական և ավագ դպրոցի բովանադակության բարելավման համատեքստում. «Մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում դպրոցի կրթական ծրագրի բովանդակությունը փոխելու ուղղությամբ: Առաջին հերթին ուսուցիչը պիտի հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ ուսուցչի գործը և թե աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը: Բայց, իհարկե, անհրաժեշտ են համապատասխան պաշարներ և դրանք կիրառելու հմտություններ»,- հավելեց նախարարը:
Վերոնշյալ վերապատրաստման դասընթացների արդյունքում ուսուցիչները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծմանը և վստահեցնում են որ կօգտագործեն դրանք դասերի ժամանակ: Արդյունքում՝ ժամանակակից, ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները կդառնան դասապրոցեսի անբաժանելի մասը:
ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենի խոսքով այս վերապատրաստումները կվերափոխեն ոչ միայն ավանդական կրթական համակարգը այլև կնպաստեն կրթության մշտական հնարավորություն ապահովող ցանցի ձևավորմանը, անհրաժեշտ կադրերի պատրաստմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը, և իհարկե, կրթական նոր ստանդարտների մշակմանն ու տարածմանը:
«Վերապատրաստման դասընթացների արդյունքում ունենալով անհրաժեշտ մակարդակ՝ ինֆորմատիկայի ուսուցիչներն իրենց առարկայի դասավանդումից շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ դպրոցում. տնօրինել համակարգչայնացման հարցերը, մշտապես օգնել մյուս ուսուցիչներին տեղեկատվական տեխնոլոգիաները տիրապետելու եւ օգտագործելու գործում»,-հավելեց Հարություն Ղարիբջանյանը։
ՀՀ ԿԳՆ նախարարը ծանոթացավ նաև http://esource.armedu.am/ հասցեով հայալեզու և առարկայական ծրագրերին համապատասխան կառուցված ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներին , որոնք ստեղծվել են ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Մանկավարժների հավաստմամբ` վիրտուալ լաբորատորիաները օգնում են դպրոցներին լրացնելու իրական սարքավորումների պակասը և օժանդակում են ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպմանը:
Նախարարը վստահեցրեց, որ այս գործիքների կիրառումը և վիրտուալ լաբորատորիաների առկայությունը դասապրոցեսը ավելի գրավիչ կդարձնեն աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...