Նորություններ
Գործարկվեց ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը
02.10.2018
ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում մեկնարկեց խաղողի բերքահավաքը և ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գործարկումը: Բերքահավաքին մասնակցում էին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները, Ոսկեհատի ՈՒՓՏ-ի և գինեգործարանի աշխատակիցները, որոնց համատեղ ջանքերով կատարվեց խաղողի սելեկտիվ հավաք:
Բերքահավաքից առաջ ուսանողներին և աշխատակիցներին համապատասխան ցուցումներ տվեց ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գինեգործ Արտակ Գաբրիելյանը:Մասնագետների կողմից դաշտային պայմաններում ուսանողներին մանրամասն ներկայացվեցին խաղողի բերքահավաքի, մթերման և մշակման նրբությունները: Մասնագետները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող բոլոր հարցերին: Հավաքված խաղողը խնամքով տեղավորվեց արկղերում և տեղափոխվեց խաղողի այգու հարևանությամբ գտնվող գինու գործարան՝ վերամշակման:
Այնուհետև ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնում առաջին անգամ տեղի ունեցավ խաղողի վերամշակման գործընթացը: Հիշեցնենք, որ ՀԱԱՀ Գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և կոչված է Ագրարային համալսարանում կատարելագործելու գինեգործական կրթությունը: ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն:Նյութատեխնիկական նորագույն բազայի առկայությունը և գիտակրթական ներուժը հնարավորություն կընձեռեն ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ և իրականացնել գիտահետազոտական, նորարարական ծրագրեր:











