Նորություններ
Ամփոփվում է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը
10.07.2018
Հուլիսի 8-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները` մասնագիտական աջակցության խորհրդատուի հետ համատեղ: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Ե. Սերոբյանը: Նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է թե կրթության արդիականացման, թե մարզում բուհի հանրային նշանակության բարձրացման տեսանկյունից: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում ստեղծվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացվում է կրթական գործընթացը՝ <<Ներառական կրթության կազմակերպում>> և <<Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում>> պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով: Ընդ որում, ծրագրի շրջանակներում որպես ուսուցման մեթոդ զարկ է տրվում հեռաուսուցման համակարգված ներդրմանը, որի շրջանակներում ներկայումս ընթացքում են համապատասխան նյութերի մշակումները: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամրագրեցին ծրագրի շրջանակներում ձեռք բերված մարզասարքերի առկայությունը, որոնց մատակարարումն իրականացվել է նախորդ մշտադիտարկման այցից հետո: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Տ. Պետրոսյանը ծրագրի ղեկավար Հ. Մելքոնյանի հետ քննարկեց ձեռք բերված մարզասարքերի գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր: Հ. Մելքոնյանը խոսեց մասնագիտական սարքավորումների կարևորության մասին՝ փաստելով, որ դրանք կնպաստեն բուհի կողմից մատուցվող հանրային ծառայությունների շարքի ընդլայնմանը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել դահլիճի, հարակից տարածքի, ինչպես նաև ռեսուրս-կենտրոնների վերանորոգումն ու կահավորումը, համակարգչային տեխնիկայի, սինխրոն թարգմանության սարքավորումների, հեռուստակոնֆերանսի համակարգի և համակարգչային ծրագրերի ձեռքբերումը: Նշենք նաև ՝ համակարգչային տեխնիկան, ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ տեղադրված էր երկու ռեսուրս-կենտրոններում և դահլիճում: Ընթացքում են մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները: Ներկաները քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր՝ պայմանավորված ծրագրի ժամկետի փոփոխությամբ: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրով նախատեսված հեռաուսուցման դասընթացի մշակման ուղղությամբ աշխատանքների իրականացումը տևեց ավելի երկար, քան նախատեսված էր, ինչը առաջ բերեց դրամաշնորհային ծրագրի տևողության երկարացման խնդիր: Ըստ այդմ բուհի կողմից ներկայացված ծրագրի փոփոխության առաջարկի արդյունքում դրամաշնորհային ծրագիրը կամփոփվի տարեվերջին:
Ներկաները փաստեցին, որ նյութատեխնիկական բազայի հարստացումը, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը, համագործակցային ցանցի ստեղծումն ու ընդլայնումը կնպաստեն բուհի հզորացմանը և վարկանիշի բարձրացմանը:









