Նորություններ
Պարզաբանումներ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագրին մասնակցության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
17.03.2018
1. Ո՞րն է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագրի նպատակը:
Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը` այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:
2. Ի՞նչ մոդելներ կարող են կիրառվել միկրոծրագրերի իրականացման ընթացքում :
ա) Արդեն գործող նախադպրոցական հաստատություններում նախակրթարանի հիմնում` առաջին հերթին անապահով ընտանիքների երեխաների ընդգրկմամբ` նոր խմբերի բացման կամ գոյություն ունեցող խմբերի լրացման միջոցով:
բ) Ուսումնական այլ հաստատություններում 3.5-4 ժամ տևողությամբ նախադպրոցական կրթական ծառայությունների կազմակերպում (առանց քնի և տաք սննդի, կամ երեխաները սնունդը բերում են իրենց հետ):
3. Ովքե՞ր կարող են ընդգրկվել նախադպրոցական ծրագրերում:
Նախադպրոցական ծրագրերում հիմնականում ընդգրկվում են հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից մինչև 6 տարեկան երեխաները:
4. Որքա՞ն է հաստատությանը տրամադրվող դրամաշնորհի առավելագույն արժեքը:
Հաստատությանը տրամադրվող դրամաշնորհի առավելագույն արժեքը կազմում է 22000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
5. Ի՞նչ աղբյուրներից է առաջանում դրամաշնորհի գումարը:
Ծրագրի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը պետք է կազմի դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները:
6. Ի՞նչ ծախսեր են իրականացվում դրամաշնորհային միջոցներով:
Դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսեր:
7. Որո՞նք են այն ծախսերը, որ դրամաշնորհային միջոցներով նախատեսված չեն:
Դրամաշնորհային միջոցներով նախատեսված չեն դաստիարակի աշխատավարձի, սննդի ծախսերը և կատարվող շինարարական աշխատանքների համար նախատեսված աշխատավարձը:
8. Ի՞նչ ներդրումներ են պահանջվում հաստատություններից միկրոծրագրերի իրականացման ընթացքում:
Հաստատություններից պահանջվում է կատարել ծրագրի արժեքի 25 տոկոսի չափով ներդրում՝ համայնքի և ծնողների ներգրավման կամ այլ հնարավոր միջոցներով: Այդ ներդրումները hիմնականում պետք է ուղղվեն դաստիարակի աշխատավարձի վճարմանը և այլ անհրաժեշտ ծախսերին/աշխատանքներին, որոնք նախատեսված չեն դրամաշնորհի միջոցներից (տես հարց 7): Դրանք կարող են լինել ինչպես կանխիկ, այնպես էլ ոչ կանխիկ (այլ ձևերով):
9. Արդյո՞ք միկրոծրագիրը խրախուսում է համայնքի, ծնողների լայն մասնակցությունը ծրագրի իրականացմանը:
Միկրոծրագրի իրականացման արդյունավետությունն ու հետագա շարունակությունը էապես կախված են համայնքի և ծնողների՝ ծրագրում ակտիվ ներգրավվածություն ունենալու հանգամանքից: Միկրոծրագիրը խրախուսում է համայնքի, ծնողների լայն մասնակցությունը ծրագրի իրականացմանը (ֆինանսական, բարեգործական և աշխատուժ/ֆիզիկական մասնակցություն): Այն պետք է ուղղված լինի ընտանիքի և համայնքի նախադպրոցական կրթության հիմնական կարիքներին, ինչպես նաև ապահովի իրականացվող միկրոծրագրի շարունակականությունը դրամաշնորհի ավարտից հետո:
10. Ինչպիսի՞ն կարող են լինել համայնքի և ծնողների մասնակցության ձևերը միկրոծրագրերում:
Համայնքի և ծնողների մասնակցության ձևերը միկրոծրագրերում կարող են լինել ինչպես դրամական (համայնքի անդամներից, տեղական իշխանություններից, ծնողներից, այլ աղբյուրներից), այնպես էլ ոչ դրամական (գույք, սարքավորումներ կամ աշխատուժի ձևով): Այդ ներդրումները պետք է օգտագործվեն աշխատողների աշխատավարձերը վճարելու և այլ ծախսերի համար (էլեկտրականություն, վառելիք, ջեռուցում, ջուր/կոյուղի, հաղորդակցման ծառայություններ, սնունդ և այլն): Խրախուսվում է նաև շահառու երեխաների ծնողների և համայնքի անդամների ներգրավվումը միկրոծրագրի իրականացմանը որպես խոհարարներ, դայակներ, ինչպես նաև նրանց անվարձահատույց մասնակցությունը հաստատության վերանորոգման աշխատանքների իրականացմանը: