Նորություններ
Աշխատանքային հանդիպում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
09.02.2018
Փետրվարի 1-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները դրամաշնորհային ծրագրի համակարգող, ԵՊԿ-ի Որակի ներքին ապահովման բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանի ուղեկցությամբ եղան նորաստեղծ Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիայում, ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը փաստեց, որ Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը: Ն. Ավետիսյանը ներկայացրեց, որ ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է երաժշտական լաբորատորիայի ստեղծումը և դրա զինումը նորարարական փոփոխական ակուստիկ սարքավորումներով, համապատասխան երաժշտական գործիքներով և մասնագիտական համակարգչային ծրագրերով: Նա խոսեց ծրագրի շրջանակներում այս փուլում իրականացված գործողությունների մասին: Ն. Ավետիսյանը նշեց, որ Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի հիմնադրման ընթացքը սկսվել է տարածքի վերանորոգման աշխատանքներից: Մասնավորապես, իրականացվել են լաբորատորիայի տարածքում փոփոխական ակուստիկ պանելների տեղադրման և համակարգող սենյակի ձայնամեկուսացման աշխատանքներ: Ձեռք բերված անհրաժեշտ կահույքը և համակարգչային սարքավորումները տեղադրված են: Մեկնարկել է համապատասխան մասնագիտական համակարգչային ծրագրերի գնման գործընթացը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները, շրջայցի արդյունքում, ամրագրեցին, որ ձեռք են բերվել նաև նախատեսված լարային գործիքներն ու անհրածեշտ երաժշտական սարքավորումները: Երաժշտական գործիքներն ու սարքավորումների մի մասն արդեն տեղադրված է նորաստեղծ լաբորատորիայում: Մյուս մասն էլ ձեռք է բերված, գտնվում է բուհում և առաջիկայում նույնպես կտեղադրվի նախատեսված տարածքում: Բուհը իրականացրել է նաև միջազգային խորհրդատուի ներգրավման աշխատանքները, ով պետք է աջակցություն ցուցաբերի նորարարական տեխնոլոգիաների՝ ուսումնական գործընթացում ներդրման տեսանկյունից, իրականացնի բուհի աշխատակիցների վերապատրաստում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ մի շարք քայլեր են ձեռնարկված նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ. մասնավորապես, իրականացվել է <<Երաժշտական կատարողական արվեստ>> մագիստրոսական կրթական ծրագրի վերամշակում և արդիականացում, այս ծրագիրը հաստատվել է բուհի կողմից: Ընթացքում է <<Ստեղծագործություն>> (կոմպոզիցիա) մասնագիտության նոր ժամանակակից առարկայական ծրագրերի մշակման գործընթացը:
Հավելենք, որ Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի բուհի ուսանողների կիրառական կարողությունների և հմտությունների զարգացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև ուսանողների ձայնարտաբերման տեխնիկայի կատարելագործմանն ու մասնագիտության վերջնարդյունքների բարելավմանը:





















