Նորություններ
Հյուսիսային համալսարանը ամփոփում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը
30.01.2018
Հունվարի 29-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, արտաքին կապերի բաժնի կոորդինատոր Սյուզաննա Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորումը և հագեցումը համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ալավերդու մասնաճյուղում աշխատանքներին ծանոթանալու համար առանձին այց էր իրականացվել, որի արդյունքները ներկայացվել էին ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:Այս անգամ հանդիպման առանցքում դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետի հարցն էր: Ներկաները քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր՝ պայմանավորված ծրագրի ժամկետի փոփոխությամբ : Ծրագրի ղեկավար Սյուզաննա Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված էլեկտրոնային շտեմարանների և հեռավար ուսուցման կազմակերպման համար խորհրդատուների ներգրավման աշխատանքները տևեցին ավելի երկար, քան նախատեսված էր, ինչը առաջ է բերում դրամաշնորհային ծրագրի տևողության երկարացման խնդիր: Ըստ այդմ բուհը պատրաստում է ծրագրի փոփոխության առաջարկ, որի արդյունքում այն կամփոփվի տարեվերջին: Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում այս փուլում իրականացված գործողությունները. խոսեց թե ընթացքում առաջ եկած դժվարությունների, թե դրանց կարգավորման համար կիրառված եղանակների մասին: Սարգսյանը նշեց, որ ընթացքում են համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները. այն հարմարեցվում է հեռաուսուցման Moodle համակարգին: Իրականացվել է հեռավար ուսուցման մեթոդներով տասնհինգ դասընթացների ցանկի հստակեցում: Մեկնարկել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծման համար խորհրդատուների ընտրության աշխատանքները: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Ժաննա Անդրեասյանը կարևորեց գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով հեռավար կրթություն իրականացնող այլ բուհերի հետ հանդիպումը, որը կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Նա նշեց, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունն է ՆՄՀ շրջանակներում իրականացված դրամաշնորհային ծրագրի արդյունքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում արդեն գործող Հայաստանում առաջին հեռավար մագիստրոսական ծրագիրը: <<Հեռավար կրթության ոլորտում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի փորձառությունը ուսանելի է այս ուղղությամբ քայլեր անող մնացյալ բուհերի համար>>,- հավելեց Ժ. Անդրեասյանը :
Հավելենք, որ այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու զարգացմանը:






