Նորություններ
Աշխատանքային հանդիպում ԵՊԲՀ-ում
26.01.2018
Հունվարի 26-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովը ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ներկայացրեց, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Նշենք, որ ելնելով ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի մատակարարման համար պահանջվող ժամանակահատվածից՝ Համաշխարհային բանկի համաձայնությամբ և ՆՄՀ Համակարգող խորհրդի որոշմամբ բուհի դրամաշնորհային ծրագրի իրականացումը երկարաձգվել է մինչև 2018 թվականի ապրիլը: Այժմ ավարտական փուլում են Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքները: Բուհի կողմից իրականացվել են կրող պատերի ամրացման, տանիքի կառուցման և անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքները: Ձեռք են բերվել օդափոխման և անվտանգության համակարգեր: Իրականացվել են նաև կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները. մասնավորապես կառուցվել է պանդուս, ստեղծվել է հավելյալ մուտքի հնարավորություն: Հարող տարածքը կառուցապատվել է մետաղական սյուներով և ժամանակակից տեսք ստացել: Կառուցվել են նաև թեքահարթակներ՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար մուտքն ապահովելու համար: Ընթացքում է ստոմատոլոգիական սարքավորումների ու վարժասարքերի մատակարարման գործընթացը: Նշենք, որ դրանք լայն կիրառման սարքավորումեր են` թե կրթական, թե բուժական նշանակությամբ: Ներկաները ծրագրի համակարգող Արամ Բայկովի և կենտրոնի նորանշանակ ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի ուղեկցությամբ շրջեցին վերանորոգված տարածքում, քննարկեցին անհրաժեշտ ստոմատոլոգիական սարքավորումների և վարժասարքերի ձեռք բերման հետ կապված մի շարք հարցեր: Ա. Բայկովը տեղեկացրեց, որ դրամաշնորհային պայմանագրի երկարաձգման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կոնսորցիումի գործընկերների հետ կնքված հռչակագրերի և համաձայնագրերի գործունեության ժամկետի երկարաձգման: Այս փուլում տեղի է ունեցել նաև կոնսորցիումի անդամների փոփոխություն, մասնավորապես կոնսորցիումի չորս անդամներից մեկը փոխարինվել է մասնավոր ոլորտի ևս մեկ մասնակցով՝ ի դեմս «Ստոմ Լայն» ՍՊԸ-ի, որի փորձառությունը ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման դաշտում կարող է դրական նշանակություն ունենալ այս մասնագիտւթյամբ ուսանողների գործնական հմտությունների բարելավման տեսանկյունից: Ա. Բայկովը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարության եւ կոնսորցիումի անդամների միջև տեղի են ունեցել քննարկումներ, որոնց արդյունքում նախանշվել և հստակեցվել են այն սարքավորումները, ծախսանյութերը և գործիքները, որոնք կոնսորցիումի անդամները կարող են մատակարարել բուհին կենտրոնի արդյունավետ գործունեության համար: Բայկովի հավաստմամբ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կենտրոնը կհամալրվի նաև այդ սարքավորումներով:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: Այս փուլում ԵՊԲՀ-ի ուսումնամեթոդական և գիտական խորհրդի կողմից ուսումնական ձեռնակները երաշխավորվել են տպագրության: Նախատեսվում է տպագրել 5 ձեռնարկ 4 մասնագիտական առարկաներից: Կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, առաջիկայում բուհը կնախաձեռնի կենտրոնի աշխատակիցների ընտրության և հրամանագրման գործընթացը. <<Եղել են նախանական քննարկումներ բուհի ղեկավարության մասնակցությամբ: Համապատասխան սարքավորումների մատակարարումից հետո, նախատեսվում է տեխնիկական վերապատրաստում, որի արդյունքում էլ կընտրվեն կենտրոնի աշխատակիցները>>, - հավելեց Մ. Խուդավերդյանը:
Նշենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը թույլ կտա էապես զարգացնել ուսանողների գործնական հմտությունները՝ նվազագույնի հասցնելով կրթության բացերով պայմանավորված բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:










