Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ամփոփում է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը

27.12.2017

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր ««Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են, ինչի առիթով դեկտեմբերի 25-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց ՀԱՊՀ ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից: ՀԱՊՀ-ի Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը և դրամաշնորհային ծրագրի համակարգող Արմինե Ավետիսյանը ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ծրագրի իրականացման փուլերի, գործընկերների, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին։ Ծրագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել է բուհի գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանը, ինովացիոն գործունեության հայեցակարգը, ստեղծվել և գործում է ինովացիոն խորհուրդը: Բուհի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով, բացի վերոնշյալ ռազմավարական շրջանակից, ստեղծվել են նաև կոնկրետ գործիքներ՝ ինովացիոն ծառայությունն ու ինովացիոն պորտալը: Ւնովացիոն ծառայությունը գործելու է իբրև բուհը տնտեսությանը և այլ շահառուներին կապող այն օղակը, որ կարգավորելու է գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանն առնչվող առաջարկի և պահանջարկի հարցերը: Ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են, այդ թվում՝ արտերկրի համապատասխան կառույցներում, ծառայությանը հատկացված տարածքը վերանորոգվել է, հագեցվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Ինովացիոն պորտալը, յուրօրինակ գույքագրում իրականացնելով բուհում առկա ենթակառուցվածքների, հնարավորությունների և ներուժի, ամբողջական պատկերացում է տալիս բուհի գիտահետազոտական գործունեության և ծառայությունների մասին: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արմինե Ավետիսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ինովացիոն պորտալի ստեղծման աշխատանքները: Վեբ հենքով աշխատող ինովացիոն պորտալը մեկ միասնական տեղեկատվական միջավայրում է միավորում համալսարանի ուսումնահետազոտական բազաները, լաբորատորիաները՝ հստակ ներկայացնելով դրանցում առկա սարքավորումների նկարագիրը, լաբորատորիաներում հնարավոր գիտահետազոատական աշխատանքների ցանկը: Առաջիկայում կիրականացվի նաև լաբորատորիաների և սարքավորումների ծառայությունների միավոր արժեքների հաշվարկն ու ներկայացումը արտաքին շահառուների համար: Պորտալում նաև մեկտեղված է ՀԱՊՀ գիտական գործունեության արդյունքները, դասախոսությունները, կրթական ծրագրերը, արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով հասանելի են շուրջ 1700 գիտական հոդվածները՝ I.polytechnic.am հասցեում: Առաջիկայով նախատեսվում է ինովացիոն պորտալը կիրառել նաև որպես գիտական հոդվածների ներկայացման և փորձաքննության գործիք:
Դրամաշնորհային ծրագրի մյուս ուղղությունը բուհի ինովացիոն գործունեության համար անհրաժեշտ և դեռևս բուհում բացակայող լաբորատոր հենքի զարգացումն էր: Այս շրջանակներում ստեղծվել է փորձագիտական կենտրոն, որի կազմում վերազինվել կամ ամբողջությամբ հիմնվել են յոթ լաբորատորիաներ:

Մասնավորապես, ժամանակակից սարքավորումներով համալրված այս կենտրոնը միավորում է <<Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների>>՚՚ <<Գիտաարտադրական>> (երեք առանձին լաբորատորիաներ), <<Այլընտրանքային էներգիայի>> և <<Կառուցվածքային հետազոտությունների>> լաբորատորիաները: Վերոնշյալ լաբորատորիաներն արդեն օգտագործվում են տեսական և գործնական պարապմունքների, գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Ա. Գրիգորյանը խոսեց ձեռք բերված լաբորատոր սարքավորումների կարևորության մասին փաստելով, որ դրանք կնպաստեն գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձացմանը:
<< Մենք համոզված ենք, որ դրամաշնորհային ծրագիրի արդյունքում ստեղծված այս ենթակառուցվածքները էլ ավելի կընդլայնեն բուհում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը>>,-հավելեց նա:
Ներկաները շրջայցն ավարտեցին <<Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայում>>, որտեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 17-ին տեղադրվել է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը: Այն հնարավորություն է տալիս մեծ ճշտությամբ և լայն սահմաններում ուսումնասիրել տարաբնույթ նյութերի կառուցվածքները: Ընդ որում հնարավոր է հետազոտություններ կատարել նաև նանոչափերի համար: Սարքն իր բնույթով եզակի է Հայաստանում, ինչի վկայությունն է կարճ ժամանակահատվածում մեծ թվով պայմանագրերի առկայությունը:Փորձագիտական կենտրոնի ստեղծումը և նման արդիական սարքավորումների առկայությունը համալսարանում կբարձրացնի իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը, կնպաստի գիտահետազոտական նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը, գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը, համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
Դրամաշնորհային ծրագիրն ամբողջացնելու նպատակով իրականացվել են նաև նորարարության գործիքները կրթական գործընթացում ներդնելուն ուղղված քայլեր: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը կարևորեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Նորարարության դպրոցի» հիմնումը և երկամսյա դասընթացների կազմակերպումը, ինչը հաջողությամբ իրականացվել էր ծրագրի երկրորդ փուլում: «Նորարարության դպրոցի» հիման վրա մշակված համապատասխան «Նորարարություն» դասընթացի առարկայական ծրագիրն արդեն ներդրված է բուհի ուսումնական գործընթացում՝ ասպիրանտական ուսուցման մակարդակում, հաջորդ ուսումնական տարվանից այն կգործի նաև իբրև դասախոսների վերապատրաստման կարևոր բաղադրիչ:
Այսպիսով՝ իրականացված ծրագիրը հնարավոր է դարձնում էականորեն ընդլայնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Պոլիտեխնիկական համալսարանի դերը տնտեսության՝ տեխնոլոգիական զարգացում պահանջող ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշները պետք է լինեն ստեղծված հնարավորությունների կիրառումը և դրանցում երիտասարդ մասնագետների մասնակցության խթանումը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...