Նորություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ն ամփոփում է 2017-ի ընթացքում կատարված աշխատանքները

26.12.2017

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2017 թվականին <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տարեկան կատարված աշխատանքի մեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության ոլորտին: 2017թ.-ի ընթացքում <<Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 20 միկրոծրագրեր Սյունիքի (3), Արարատի (9) և Արագածոտնի (8) մարզերում, ինչպես նաև 3 նոր նախակրթարան է հիմնվել Գեղարքունիքի մարզում՝ ծրագրի՝ 2017 թվականի բյուջեում առկա խնայողությունների հաշվին: Ստեղծվող նախակրթարաններում իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Արարատի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում նորաբաց հաստատությունները գործում են սույն թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ Գեղարքունիքի մարզում՝ դեկտեմբերի 1-ից: Դրանցում ընդգրկված են նախադպրոցական տարիքի շուրջ 450 երեխաներ: Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են նորաստեղծ նախակրթարանների 46 դաստիարակներ: Միկրոծրագրերի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
Նորաստեղծ նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը: Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվում է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում ու դրա վրա ազդող գործոնների հետազոտություն: Հետազոտության արդյունքները փաստում են ընդգրկված երեխաների զարգացման, դպրոցին պատրաստվածության դրական դինամիկայի մասին: Հավելենք, որ նման միկրոծրագրերի իրականացումը շարունակվելու է հետագա տարիներին:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի շրջանակներում 2015թ.-ից 5 ավագ դպրոցներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: 2017 թ. ընթացքում հաստատված ժամանակացույցերի համաձայն Մեծամոր, Արարատ, Մարտունի, Հրազդան և Նոյեմբերյան քաղաքների ավագ դպրոցներում շարունակվել են շինարարական աշխատանքները: 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է շինմոնտաժային աշխատանքների շուրջ 68%-ը: Նշված օբյեկտները շահագործման կհանձնվեն 2018 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հիմնանորոգման ընթացքը լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
2017 թվականի ընթացքում ավարտվել են <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի 2-րդ փուլով նախատեսված մյուս ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:
Ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նաև բոլոր ավագ դպրոցներում հիմնել բնագիտական չորս առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաներ: 2017 թվականի ընթացքում մշակվել և հաստատվել է լաբորատոր սարքավորումների գնման մրցութային փաթեթը: Լաբորատոր սարքավորումների գնումը կիրականացվի ծրագրի իրագործման հետագա տարիներին: Դպրոցներին կտրամադրվի նաև անհրաժեշտ կահույք՝ բնագիտական չորս առարկաների լաբորատորիաների կահավորման համար: 2017-ին մշակվել է նաև անհրաժեշտ լաբորատոր կահույքի համակազմն ու նկարագիրը:
<<Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում>> ենթաբաղադրիչի շրջանակներում 2017 թվականի ընթացքում <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ավարտին են հասցվել նախկինում մշակված մասնագիտական և հանրակրթական կառավարման տեղեկատվական համակարգերի՝ մեկ միասնական համակարգի մեջ ինտեգրման աշխատանքները: Այժմ գործում է կրթության կառավարման տեղեկատվական մեկ միասնական համակարգ: <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ կառավարության հետ համաձայնեցված ժամանակացույցով ընթանում են համակարգում անհրաժեշտ տվյալների մուտքագրման աշխատանքները:
2015 թվականին <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կրթական նյութեր են ստեղծվել երկրաչափություն (ամբողջությամբ), ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն (ուսումնական նյութի 50%-ի չափով) առարկաների համար: 2017 թվականին <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացվել են ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար բաց մնացած 50%-ի ուղղությամբ էլեկտրոնային կրթական նյութերի մշակման աշխատանքները: Էլեկտրոնային կրթական նյութերը, որոնք ինտերակտիվ վիտուալ լաբորատորիաներ են` ուղեկցված համարժեք տեսական մասով, կարող են փոխարինել իրական լաբորատորիաներին, նպաստել ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպմանը: էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են http://esource.armedu.am/ հասցեով, որտեղից կարելի է ներբեռնել ինչպես առանձին լաբորատոր աշխատանքներ, այնպես էլ դրանք կատարել առցանց:
2017թ.-ի ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով<<Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում իրականացվել են նաև ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատման, մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման աշխատանքներ: Մասնավորապես, մշակվել են ՏՀՏ վերապատրաստման 6 մոդուլներ, որոնք նախատեսված են դպրոցների մանկավարժական և վարչական աշխատակազմի՝ ՏՀՏ ուղղությամբ շարունակական վերապատրաստումներ իրականացնելու համար: Հարկ է նշել, որ մոդուլները մշակվել են այս ոլորտում միջազգային մեծ հեղինակություն վայելող կանադական Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոնի ընկերության կողմից՝ հաշիվ առնելով տեղի առանձնահատկությունները: Մշակված մոդուլների միջոցով երկու խմբով 5-օրյա աշխատակարգով իրականացվել է Երևանից և մարզերից ընտրված 30 վերապատրաստողների վերապատրաստում, որոնք հաջողությամբ հանձնել են ավարտական թեստը և ստացել համապատասխան հավաստագրերը: Հետագայում մշակված մոդուլների հիման վրա նախատեսվում է վերապատրաստել Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 4000 ուսուցիչների և վարչական աշխատողների: Վերապատրաստումների ընթացքին անդրադարձը հասանելի է նաև Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում :
2017 թվականին կազմակերպվել է <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, որն ամփոփման փուլում է: Շենքի հիմնանորոգումը նախատեսվում է իրականացնել 2018-ի ընթացքում:
Անդրադառնալով կրթության բովանդակությանը, նշենք՝ «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում 2017 թվականի ընթացքում տարվել են նախապատրաստական աշխատանքներ հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման ուղղությամբ: Հաշվի առնելով վերամշակվող փաստաթղթերի ռազմավարական նշանակությունը՝ քայլեր են ձեռնարկվել դրա հնարավորինս լայն հանրային քննարկում ապահովելու նպատակով: Իրականացվել են մի շարք խորհրդաժողովներ, որտեղ մասնակցել են նախարարության և ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև մասնակիցներ այլ կազմակերպություններից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման տարբեր մոտեցումները, աշխատանքների կազմակերպման եղանակները և ձևերը: Քննարկումների հիման վրա որոշվել է, որ ամբողջական մոտեցման ապահովման նպատակով առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը անհրաժեշտ է իրականացնել իբրև հանրակրթության պետական ծրագրի մաս: Ամփոփվել և վերջնականացվել է առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման տեխնիկական առաջադրանքը: Բարձագույն կրթութան ոլորտում 2017 թվականին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում տասներկու դրամաշնորհառու բուհեր շարունակել են նորարարական զարգացման ծրագրերի իրականացումը: Տասներկու բուհերի թվում են հինգ կոնսորցիում ծրագրեր, այդ թվում՝ չորսը բիզնես-գործընկերների հետ համագործակցությամբ, երկու ոչ պետական բուհերի ծրագրեր, ինչպես նաև մեկ մարզային բուհի ծրագիր: Դրամաշնորհառու բուհերն են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Գլաձոր համալսարան, Հյուսիսային համալսարան, Շիրակի պետական համալսարան, Երևանի պետական կոնսերվատորիա, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան:Բուհերից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հաջողությամբ ավարտել է դրամաշնորհային ծրագրի իրականացումը 2017 թվականի նոյեմբերին՝ ամբողջությամբ վերանայելով շինարարական յոթ մասնագիտությունների ուսուցման մոտեցումը՝ համաձայն աշխատաշուկայի պահանջների և ստեղծելով նորագույն լաբորատոր բազա այդ ուղղություններով: Եվս չորս բուհեր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան ծրագրերը հաջողությամբ ամփոփում են տարեվերջին: Մյուս դրամաշնորհային ծրագրերի ավարտը 2018 թվականին է: Իրականացվող ծրագրերի արդյունքում բուհերը հագեցվում են արդիական լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով, ներդնում կրթության ժամանակակից ձևեր և մեթոդներ, հնարավորություն ստանում ուսումնասիրել և փոխառնել միջազգային հաջողված փորձը, բարձրացնել հետագա զարգացման կարողությունները, ստեղծել պայմաններ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների գոյացման, ինչպես նաև բուհերում ստեղծվող գիտելիքի առևտրայնացման համար: Տարվա ընթացքում բուհերում դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգի ընթացքը լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակումների միջոցով:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...