Նորություններ
ՀԱԱՀ-ում Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման աշխատանքներն ավարտվել են
26.12.2017
2017 թվականի դեկտեմբերին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ավարտում է երկու տարի առաջ մեկնարկած նորարարական ծրագրերի իրականացումը: Այս առիթով դեկտեմբերի 26-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>>(ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվում է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ, ինչպես նաև իրականացվում է գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին։ Ներկաներն ամրագրեցին, որ բուհի կողմից տրամադրված շինությունների հիմնանորոգումը ավարտված է, ամփոփվում են տարածքի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ հիմնանորոգվել են երկու շինություններ, որոնցից առաջինը արտադրական է, իսկ երկրորդում տեղակայված են թե արտադրական նշանակության, թե ուսումնական տարածքներ: Կառուցվել է դարպաս և լրացուցիչ կցակառույց: Բուհի կողմից իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, որոնց արդյունքում դրական զարգացումներ են ապահովվել նաև Ոսկեհատ համայնքի համար, մասնավորապես՝ բուհը ուսումնափորձարարական բազայի համար անցկացրել է ջրագիծ, որը հասանելի է նաև գյուղի բնակիչներին:
Ներկաները շրջայցը սկսեցին գիտաուսումնաարտադրական բազայի արտադրական տարածքից, որտեղ Վաչագան Մելքոնյանը ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված գինեգործական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների կիրառության հնարավորությունները: Նրա խոսքով իրականացվել է բուհի համապատասխան աշխատակիցների վերապատրաստում գինեգործական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների շահագործման ուղղությամբ: Գինեգործության գծով ԾԻԳ-ի անհատ խորհրդատու Մ. Մուրադյանը փորձարկեց որոշ սարքավորումներ և դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վ. Մելքոնյանի հետ քննարկեց գինեգործության համար անհրաժեշտ արդեն ձեռք բերված նորագույն տեխնիկայի շահագործման, խնամքի և սպասարկման հետ կապված մի շարք հարցեր:
ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջեցին շինությունների ներսում: Արտադրական նշանակության տարածքներում խաղողի խմորման համար նախատեսված տարաներն արդեն տեղակայված էին: Հումքի և գինու պահեստավորման համար տակառները համապատասխան տեղում էին:Վ. Մելքոնյանը շեշտեց գինեգործության մասնագիտացված լսարանի կարևորությունը, ինչը գինեգործական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ գինու արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ և կնպաստի գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը: <<Այս գիտաուսումնաարտադրական բազան պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը>>,- նշեց պրոռեկտորը:
Ծրագրի շրջանակներում գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար մշակվել է անհրաժեշտ կրթական բովանդակություն, ձեռք է բերվել գինու արտադրության և այլ համապատասխան ոլորտների վերաբերյալ ժամանակակից մասնագիտական գրականություն: Արտասահմանյան և հայաստանյան գինեգործական կազմակերպությունների փորձի ուսումնասիրման, բենչմարքինգի կազմակերպման և ծրագրի համատեքստում իրականացված գործողումների արդյունքում բուհի կողմից մշակվել և տպագրվել են անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, իրականացվել է դասագրքի տպագրություն: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ արդյունքները արդեն իսկ տեսանելի են նաև շահառուներին, քանի որ դիմորդների և ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն արդիական գինեգործական կրթության ստանալու հնարավորությամբ, ինչն արտահայտվում է այս ուղղությամբ դիմորդների նկատելի աճով:
Արդեն իսկ նկատելի են արդյունքները դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնված խաղողի այգում: 20 հա. հողատարածքում հիմնված խաղողի այգում, ուսումնափորձարարական բազայի ներկայացուցիչների հավաստմամբ կատարվել է սելեկցիոն նոր տեսակների ավելացում և աշնանը մթերվել է տասը տոննայից ավելի խաղող:
Այսպիսով, ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվում է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել գինեգործական կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ:
























