Նորություններ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտում մեկնարկեցին աշխատաժողովի աշխատանքները
03.10.2017
«Կրթության բարելավում» ծրագրի համատեքստում հոկտեմբերի 2-ին Աղվերանում մեկնարկեցին աշխատաժողովի աշխատանքները, որն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ այս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է բուհի կարողությունների հզորացմանը միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով: Աշխատաժողովի գլխավոր հյուրեր են միջազգային փորձագետներ, Լատվիայի Սպորտի ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդրա Կուպրիկան և նույն համալսարանի Մենեջմենտի և հաղորդակցության բաժնի տնօրեն Սիգնե Լուկան: Աշխատաժողովին մասնակցում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի պետ, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ սեմինարի նպատակն է թիրախավորել բուհի կարիքները, քննարկել ներկայումս բուհում ընթացող բարեփոխումները` զարգացնելով միջազգայնացման, ուսանողների և դասախոսական կազմի շարժունության ծրագրերը: Վերապատրաստման գործընթացներին կհաջորդեն ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը նորագույն հետազոտական տեխնիկայով և սարքավորումներով վերազինելու աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ձեռք բերված փորձն ու հետազոտական կարողությունները տեղայնացնել: Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Ա. Կուպրիկան ներկայացրեց ֆիզիկական դաստիարակության և կրթության ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները: Աշխատաժողովի առաջին օրվա աշխատանքները ամփոփվեցին խմբային քննարկումներով: Աշխատաժողովը կշարունակի աշխատանքները հոկտեմբերի 3-ին և 4-ին :







