Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը

08.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ հաջող համագործակցություն է առկա՝ թե՛ ընթացիկ, թե՛ քննարկվող ծրագրերի առումով:

«Վստահ եմ՝ համագործակցության հնարավորությունները միայն ընդլայնվում են՝ հաշվի առնելով, որ անցած տարի հաստատվել է «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի իրագործումը նաև ՀԲ-ի հետ համագործակցությամբ է ապահովվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին՝ կրթական բոլոր բարեփոխումների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Նախարարի խոսքով՝ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությամբ է մշակվել և ներդրվել Հանրակրթության պետական չափորոշիչը. «Մեր բոլոր կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են ՀԲ աջակցությամբ, խորհրդատվությամբ և համատեղ աշխատանքով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը: Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդան բարձր է գնահատել Հայաստանի՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կամքը: «Մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է մեզ համար: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռիտա Ալմեյդան՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում: Նա բարձր է գնահատել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով մեր երկրում իրականացված կրթական բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանն այս առումով օրինակ կարող է ծառայել մի շարք երկրների համար. «Կրթության ոլորտի բարեփոխումների, հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ»: Ռիտա Ալմեյդան տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2024 թվականին: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին: Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր՝ կապված ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունների հետ: Աղբյուրը՝ https://escs.am/am/news/19598

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...