Նորություններ

Լրացուցիչ ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային նոր ծրագրով նախատեսվող աշխատանքներ

20.05.2022

«Կրթության բարելավում» վարկային ծրագիրը (ԿԲԾ) Համաշխարհային Բանկի (ՀԲ) աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին, ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, միտված լինելով միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի և բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար ուսման հավասար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանը:
ԿԲԾ-ի -ի շրջանակներում 2015-2022 թվականների ընթացքում Հայաստանում ստեղծվել են 136 նախակրթարաններ (127 նախակրթարան ՀՀ տարբեր մարզերում և 9-ը Երևանում), որոնցում ընդգրկված են 13580 շահառու չորսից վեց տարեկան երեխաներ, նախակրթարաններում ներգրավված շուրջ 258 ուսուցիչներ վերապատրաստվել են ծրագրի շրջանակներում: Հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց (10-ը Հայաստանի տարբեր մարզերում և 3-ը՝ Երևանում); 107 ավագ դպրոցներ արդեն համալրվել են բնագիտական առարկաների լաբորատորիաների համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և կահույքով (ընդհանուր 335 լաբորատորիա): 585 դպրոցներ վերազինվել են համակարգչային սարքավորումներով, 4475 ուսուցիչներ և վարչական աշխատողներ վերապատրաստվել են ուսումնական գործընթացում ՏՀՏ-գործիքների կիրառման ուղղությամբ։ Ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար ամբողջականացվել են էլեկտրոնային ուսումնական նյութերի մշակման աշխատանքները: Հիմնանորոգվել, կահավորվել և անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով համալրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նոր գրասենյակը՝ հզորացված տվյալների մշակման կենտրոնով։ Վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների ուղղությամբ առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ կարճ տեղեկատվական վերապատրաստումներ են անցել շուրջ 7000 ուսուցիչներ: Նորարարական ծրագրեր իրականացնելու և կարողությունների հզորացման նպատակով 15 բուհերի տրամադրվել են 18 դրամաշնորհային ծրագրեր, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորարարական գիտահետազոտական կենտրոններ՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով և արդիականացված կրթական բովանդակությամբ:
Հիմք ընդունելով ԿԲԾ-ի շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու վերջնարդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի (ՀՀ կառավարության` 18.08.2021թ. թիվ 1363–Ա որոշում) 4-րդ բաժնի («Մարդկային կապիտալի զարգացում») 4.3 կետով («Կրթություն») առաջնահերթություններին համահունչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարությունը խնդրել է Համաշխարհային բանկի աջակցությունը՝ տրամադրել լրացուցիչ ֆիանսավորում ԿԲԾ-ի հետագա շարունակականությունը ապահովելու համար: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ԿԲԾ-ի հիմնական նպատակներն են՝ բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցների ֆիզիկական պայմանները և ապահովել դրանցում կրթական ռեսուրսների առկայությունը, ապահովել լաբորատոր գույքի և սարքավորումների տրամադրումը հանրակրթական դպրոցներին և աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:
Մասնավորապես նոր ծրագիրը կաջակցի.
1) Նախադպրոցական հաստատություններին` շարունակելով տրամադրել դրամաշնորհներ և ընդգրկելով ավելի շատ խոցելի խմբեր ծրագրում, ինչի արդյունքում ՀՀ հեռավոր և խոցելի 80 համայնքներում կստեղծվեն մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն մոտ 3000 չորսից վեց տարեկան երեխաներ, ինչպես նաև 160 վերապատրաստված դաստիարակներ:
2) Ավագ դպրոցների ցանցի և ենթակառուցվածքների բարելավմանը և դրանց հաջող գործունեությանը, ինչի արդյունքում կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ ՀՀ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան Ցանկում ընդգրկված դպրոցներն են՝ Վանաձորի N13 ավագ դպրոցը, Արտաշատի N4 ավագ դպրոց, Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N5 ավագ դպրոցը և Երևանի Կ.Դեմիրճյանի անվան N139 ավագ դպրոցը:
3) ԿՏԱԿ-ի հետ համատեղ ԿԳՄՍՆ կարողությունների շարունակական բարելավմանը՝ հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը վերահսկելու նպատակով: Մասնավորապես լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների և առանձնահատկությունների նույնականացում և փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ամրապնդելու դրա օգտագործելիությունը և բարելավելու նախկինում բացահայտված առանցքային վերջնարդյունքները:
4) Հանրակրթության բարելավմանը` դպրոցներին կրթական ռեսուրսներով և լաբորատոր սարքավորումներով ապահովելու միջոցով: Մասնավորապես 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, ունենալով ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ վերապատրաստված 1000 ուսուցիչ:
5) Բարձրագույն կրթության բարեփոխումներին՝ շարունակելով բուհերում նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, որի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, համապատասխանությունը և մատչելիությունը, բարելավել և արդիականացնել բուհերի կրթական և ենթակառուցվածքային կարողությունները: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր:
Նախատեսվող Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն. Եվրո, այդ թվում վարկային միջոցներից 22,60 մլն․ Եվրո, իսկ պետ. բյուջեի միջոցներից՝ 5,65 մլն. Եվրո։

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...