Նորություններ

ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա

07.02.2020

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում: Մուլտիմեդիոն լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Մուլտիմեդիոն լաբորատորիայի բացման արարողության սկզբում ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ «Կրթական ծրագրերի կենտրոն»-բուհ համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է եզակի լաբորատորիա, որը հնարավորություն կտա համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներին ձեռք բերել մասնագիտացված գիտելիքներ, փորձառություն նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում: Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված նոր կադրերի պատրաստումը››,-հավելեց ռեկտորը:
Ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկոտոր Մհեր Մելիք-Բախշյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին: Նա նշեց՝ ‹‹Այն ջանքերն ու եռանդը, որ ներդրվել են մինչ այժմ, հիմնաքարն են, որի վրա իրապես պետք է մեկնարկի բուն ծրագրի իրականացումը: Նորաստեղծ ենթակառուցվածքը ամուր կապ է ստեղծում համալսարանի և դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների միջև»,- հավելեց պրոռեկտորը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին, որոնք աջակցել են ծրագրի իրականացմանը և նշեց, որ նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում. բուհում առկա են լաբորատորիայի գործարկման ընթացակարգերը՝ այն է հայեցակարգը և կանոնակարգը, բարելավված հետազոտական բաղադրիչներով նախադպրոցական և տարրական մասնագիտությունների կրթական ծրագրերը, թվայնացված գրադարանը: Դեկանի խոսքով, լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով, եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում: ‹‹Այս ենթակառուցվածքի առկայությունը բուհում թույլ է տալիս նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ››,- հավելեց Հ. Խաչատրյանը:
Լաբորատորիայի բացման արարողությունն ամփոփվեց շրջայցով: Հյուրերը շրջայց իրականացրեցին նորաբաց լաբորատորիայում և լսարաններում, ծանոթացան կատարված աշխատանքներին և հետաքրքրվեցին ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառելիության մասին: Ներկաները շրջայցն ավարտեցին հետազոտական լսարանում, որտեղ ծանոթացան էլեկտրոնային կրթական հարթակի կիրառությանն ու ընձեռած հնարավորություններին և էլեկտրոնային թվայնացված գրադարանին:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հրապարակումները հասանելի են նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի նախորդ հրապարակումներում, իսկ ծրագրի ընթացքի  և արդյունքների մասին  պատմող տեսանյութը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/


 

Նորություններ

12.03.2020 Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են Մարտի 10- ին և 11-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղան հիմնանորոգվող երկու... 07.03.2020 Նորաստեղծ բնագիտական առարկաների լաբորատորիաները հնարավորություն տվեցին աշակերտներին մասնակցելու Համադպրոցական գիտության փառատոնին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են (ISEF) Համադպրոցական գիտության փառատոնին, որի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մարտին Հայաստանում, իսկ հաղթող թիմերը ներկայացնելու են իրենց գիտատեխնիկական ծրագրերը ԱՄՆ-ում 2020 թվականի մայիսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտները ներկայացել են փառատոնին «Ինչպես... 06.03.2020 Կարիքների գնահատում ՀՀ Արագածոտնի և ՀՀ Լոռու մարզերում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային...