Նորություններ

Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

03.06.2019

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ ու դասախոսներ և ավելի լայն կրթության համայնքի ներկայացուցիչներ՝ քննարկելու միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Ինտերակտիվ նիստերի միջոցով աշխատաժողովը կրթության ոլորտի շահակիցներին հնարավորություն տվեց քննարկելու ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. STEM) ուսումնական նոր ծրագրերի համար:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան:

«Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների և միջազգային փորձագետների կողմից, և կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը։ Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը»,-իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը։

Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան կարևորեց Արևելյան գործընկերության տասնամյա գործունեությունը, որի արդյունքում իրագործվել է Կայուն զարգացման 4-րդ նպատակը. այն է՝ ապահովել ներառական և հավասար կրթություն և բոլորին ընձեռել սովորելու հնարավորություն: Ապա նաև խոսեց Թումոյի հետ համագործակցության, մասնավորապես «ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի մասին՝ արտահայտելով կայուն զարգացման նպատակին հասնելու գործում մասնավոր հատվածի ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչը նորարարության համար կդառնա ինկուբատոր:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար, տիկին Սիլվի Բոսութղոն ևս շեշտեց ծրագրի կարևորությունը, որի շրջանակում գործակցում են ազգային և միջազգային փորձագետներ, Եվրամիությունը, ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՀԲ-ը և մի շարք այլ կազմակերպություններ՝ համատեղ ջանքերով նվազեցնելու Հայաստանում կրթության բացերը՝ կրկին կարևորելով այս նպատակին հասնելու համար ծրագրի բոլոր շահակիցների համակարգված գործունեությունը:

Միջազգային և հայ փորձագետների խմբում էին «Եվրոսայենս» համաեվրոպական գիտահետազոտական միության գլխավոր քարտուղար, դոկտոր Պիտեր Տինդերմանսը, մանկավարժության, դասագրքերի, ընթերցանության և հրատարակության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող պարոն Էնդի Սմարթը, վիճակագրության և հետազոտական մեթոդաբանության մասնագետ, դոկտոր Ջուաո Մարոկոն Պորտուգալիայից, Կորնելի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս և մաթեմատիկայի տարրական և միջնակարգ կրթության ծրագրի տնօրեն, դոկտոր Մերի Էն Հանթլին, կրթական բարեփոխումների, ուսումնական ծրագրերի, հրատարակության և տեխնոլոգիաների ճանաչված փորձագետ, պարոն Ջեյ Դիսկին և անվանի հոգեբան, նյարդագետ, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, տարրական և միջնակարգ կրթության ճանաչողական հիմնախնդիրների փորձագետ, դոկտոր Դանիել Ուիլինգհեմը:

Ստորև ներկայացնում ենք մի շարք եզրահանգումներ, որոնք ուղենիշ կլինեն ծրագրի իրականացման ընթացքում.

Ուսումնական ծրագրերի բարեփոխումը հայեցողական չէ, այլ պահանջում է ծավալուն քննարկումներ մասնակից փորձագետների, նախարարության, միջազգային փորձագետների և շահակից այլ կողմերի միջև՝ մշակելու և իրականացնելու ուսումնական ծրագրերի բարեփոխման Հայաստանի տեսլականն ու կարիքը:
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ և ՀԲ կազմակերպչական խումբը քննարկումներ է ունենալու աշխատաժողովի առանձին մասնակիցների հետ աշխատանքային խմբեր կազմելու նպատակով:
Աշխատանքային խմբերի ձևավորման արդյունքում կմշակվեն ու կտարածվեն վերջիններիս աշխատանքային ժամանակացույցը և ուսումնական ծրագրերի բարեփոխման ընդհանուր պլանը:
Ակնկալվում է, որ աշխատանքային խմբերը կգործեն 12 շաբաթ՝ քննարկելու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կհամարեն կատարելու իրենց նշանակված ոլորտի ուսումնական ծրագրերում:
Երբ նախնական մշակվեն համաձայնեցված փոփոխություններով վերամշակված ուսումնական ծրագրերը, կկազմակերպվեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, և վերապատրաստված ուսուցիչներն այդ նոր ծրագրերը կփորձարկեն Տավուշի մարզում:

Աշխատաժողովում եզրափակման խոսք ասաց Արևիկ Անափիոսյանը. «Մենք այժմ մեկնարկում ենք մի բարդ գործընթաց, և այն աշխատանքը, որ պիտի միասին կատարենք, լինելու է բավականին ծավալուն: Աշխատաժողովի ընթացքում փորձագետները մեզ հայտնեցին իրենց փորձից մի մասնիկ, ու եթե մենք լուրջ վերաբերվենք դրան ու միասին աշխատենք, մենք կկատարենք ֆունդամենտալ փոփոխություն, ինչն իրոք պահանջում է եռանդուն աշխատանք և ժամանակ: Միասին աշխատելիս մենք մտքեր կփոխանակենք և կկերտենք ընդհանուր տեսլական: Մեր գործընկերներն ու փորձագետները մի օր պիտի հպարտությամբ նշեն, որ աջակցել են Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին»: 

Աղբյուրը` http://edu.am

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...