Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին մասնակցության հնարավոր հարցերի պարզաբանումներ

11.02.2019

1. Ի՞նչ է Նորարարությունների մրցակցային հիմնադրամը և ինչպե՞ս է գործում:
Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (ՆՄՀ) բարձրագույն կրթության ոլորտում պետության կողմից նախաձեռնված և նորարարությունները խթանող քաղաքական մեխանիզմ է, որի շրջանակներում բարձրագույն ուսումնական հաստատություններին (բուհ) մրցակցային հիմունքներով տրվում են դրամաշնորհներ` նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի ընդհանուր կարողությունների հզորացման, ինչպես ուսուցողական և ուսումնառության միջավայրի, այնպես էլ հետազոտական կարողությունների և այլն խթանման համար: ՆՄՀ-ն գործարկվել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագիր: ՆՄՀ-ի վարչական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԳՆ-ի համակարգում գործող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից: ՆՄՀ-ի ռազմավարական պլանավորումը և որոշումների կայացումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրերի Համակարգող խորհրդի կողմից, որի նախագահը ՀՀ ԿԳ նախարարն է: Հայտերի ուսումնասիրումն ու գնահատումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման հանձնաժողովի կողմից:
2. Ի՞նչին պետք է ուղղված լինի բուհի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը ՆՄՀ դրամաշնորհ ստանալու համար
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՆՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի համադրված լուծմանը.
I. Արդիականության և համապատասխանության խթանում. գործատուների ներգրավում կրթական գործընթացներին (կրթական ծրագրերի մշակմանը մասնակցելու, ուսումնական պրակտիկայի կազմակերպման միջոցով), կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, աշխատաշուկայի ուսումնասիրման կենտրոնների զարգացում, ինչը ենթադրում է կարիերայի կենտրոնների ձևավորում, և այլն:
II. Արդյունավետության բարձրացում. հաստատությունների կառուցվածքային բարեփոխումների խթանում, բուհերի ներքին կառավարման համակարգի բարելավում, կառավարման տեղեկատվական համակարգերի ձևավորում և այլն:
III. Մատչելիության բարձրացում. հասարակության առավել լայն շրջանակներին ներգրավում բարձրագույն կրթության համակարգում, մասնավորապես` ընդգրկելով սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցող խմբերին (ինչպիսիք են օրինակ` հեռահար և հեռավար ծրագրերը և այլն):
3. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի տեսակները:
ՆՄՀ-ի կողմից ֆինանսավորման ենթակա դրամաշնորհային ծրագրերի տեսակներն են՝
• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն համագործակցության սերտացմանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա:
• Պետական բուհերի ծրագրեր, որոնք կնպաստեն առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծման` նկատի ունենալով ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և նորարար լուծումները կրթական ոլորտում: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ:
• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ոչ պետական բուհերի խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Ոչ պետական բուհերը կարող են նաև համատեղ ծրագրեր ներկայացնել, ինչը կնպաստի փոքր բուհերի կոնսոլիդացիային և կխթանի բուհերի միջև համագործակցությունը:

4. Ո՞վ կարող է հանդես գալ իբրև հայտատու

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերում հիմնական հայտատու կարող է լինել իրավասության պայմանններին բավարարող պետական կամ ոչ պետական բուհը: Բոլոր մյուս կազմակերպությունները և ընկերությունները կարող են հանդես գալ միայն իբրև գործընկեր հաստատություն:
5. Ովքե՞ր կարող են ընդգրկվել կոնսորցիում ծրագրերում:
Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ հետազոտական ընկերությունից: Կոնսորցիում ծրագրերում կարող են ընդգրկվել նաև հիմնական հայտատու բուհից բացի այլ պետական և ոչ պետական բուհեր, ինչպես նաև մասնավոր ձեռնարկություններ և կազմակերպություններ, գիտահետազոտական հաստատություններ, որոնք կարող են լինել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա կազմակերպություններ:
6. Արդյոք բուհի մասնաճյուղը կարող է ինքնուրույն դիմել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը առանձին հայտ չի կարող ներկայացնել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

7. Ի՞նչ պայմանների պետք է բավարարեն հայտատուները` ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացնելու իրավասության համար: 
• բուհի` ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայությունը - ՆՄՀ-ին դիմելու համար բուհը պետք է ունենա ինստիտուցիոնալ հավատարմագրում կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրում,
• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայությունը, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
• ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքները` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հայտով իբրև հիմնական դրամաշնորհառու հանդես եկող բուհերը պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը կցված է Ղեկավար ձեռնարկին: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումը անցկացնելու և արդյունքները ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերին, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, խորհուրդ չի տրվում հայտ ներկայացնել, քանի որ այդ դեպքում հայտը կդիտվի իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն տվյալ բուհը կխրախուսվի ուղղել/կարգավորել հայտնաբերված խնդիրները:
• աուդիտի չփոփոխված եզրակացություն ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար - Այն բուհերը, որոնք մասնակցել են ՆՄՀ գործարկման փորձնական կամ այլ փուլի և ստացել են աուդիտի չփոփոխված եզրակացություն ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար, իրավասու են հայտ ներկայացնել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հետագա փուլերի վերաբերյալ: Այս բուհերը չեն անցնի ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Այն դեպքում, եթե որևէ բուհի դրամաշնորհայի ծրագրի վերաբերյալ աուդիտորի եզրակացության մեջ նշված են որոշ նկատառումներ, ապա բուհերը պետք է համապատասխան պարզաբանումներ ներկայացնեն վերոնշյալ նկատառումները հասցեագրելու և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքների վերաբերյալ: Այն բուհերը, որ մասնակցել են ՆՄՀ գործարկման փորձնական կամ որևէ այլ փուլի և ունեն աուդիտի փոփոխված եզրակացություններ, իրավասու չեն ՆՄՀ հետագա փուլերին մասնակցելու:
ՆՄՀ դրամաշնորհ ստանալու համար իրավասու համարվելու համար բուհը պետք է բավարարի վերոնշյալ բոլոր համապատասխան պահանջներին: Եթե բուհը ներկայացնում է կոնսորցիում ծրագիր, ապա պետք է բավարարի նաև կոնսորցիում ծրագրերին ներկայացվող պահանջներին, որոնք թվարկված են հինգերորդ կետում:ՆՄՀ ընդհանուր ծրագրի շահառու բուհերի ցանկը ընլդայնելու նպատակով՝ իրավասության լրացուցիչ չափանիշը, այն է՝ դրամաշնորհային հայտ ներկայացնող բուհի կողմից՝ ԿՈՀԾ 2-ի շրջանակներում ՆՄՀ փորձնական փուլի և/կամ ԿԲԾ շրջանակներում ՆՄՀ առաջին փուլի դրամաշնորհառու բուհ չլինելու հանգամանքը կիրառվել է ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման երկրորդ (հավելյալ) փուլի ընթացքում:
Ներկայումս մեկնարկած ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի համար նման լրացուցիչ իրավասության չափանիշ չի գործում:

8. Արդյոք իրավասու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել այն բուհը, որն ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել ոչ թե «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի», այլ արտերկրում գործող համանման կառույցի կողմից:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմելու համար ինստիտուցիոնալ պայմանական կամ ինստիտուցիոնալ հավատարմագրման առկայության պահանջը կարգավորվում է ՀՀ կառավարության` 30.06.2011 թ. N 978-Ն որոշմամբ, որով հաստատվել է ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը: Մասնավորապես, խոսքը այդ կարգի երկրորդ բաժնի 10-րդ և 11-րդ կետերի մասին է, որոնք փոփոխվել են ՀՀ կառավարության 19.03.2014 թ. N 301-Ն որոշմամբ և ուժի մեջ են ըստ այդ փոփոխությամբ հաստատված տարբերակի: Ըստ այդմ, ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմելու համար ինստիտուցիոնալ հավատարմագրման պահանջով իրավասու կհամարվեն այն բուհերը, որոնց ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները գրանցված են հավատարմագրման պետական գրանցամատյանում: Հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցման պայմաններն ու ընթացակարգը նշված են վերոնշյալ որոշման հղված կետերում: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել պատրաստվող բուհերին խորհուրդ է տրվում նախապես «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի» հետ ճշտել իրենց բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների` հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցված լինելու փաստը:

9. Առավելագույնը քանի՞ ծրագրում կարող է ընդգրկված լինել բուհը:
Յուրաքանչյուր բուհ կարող է միևնույն ժամանակ իրականացնել մեկ ծրագիր որպես հիմնական հայտատու (այն բուհը, որն իր անունից ներկայացնում է հայտը): Կոնսորցիում ծրագրերում հիմնական հայտատուն կարող է լինել միայն բուհը: Սակայն բուհերը կարող են մինչև երեք հայտ ներկայացնել, ինչը կերաշխավորի բուհի տարբեր ներկայացուցիչների (կառուցվածքային միավորների) առավելագույն մասնակցությունը դրամաշնորհային ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Դրամաշնորհային ծրագրերի առավելագույն թիվը, որ կարող է իրականացնել բուհը կամ որպես հիմնական հայտատու, կամ որպես գործընկեր հաստատություն, երեքն է:

10. Որո՞նք են հայտին առաջադրվող ընդհանուր չափանիշները:

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին ներկայացվող հայտերի ընտրության նպատակով սահմանվել են գնահատման չափանիշներ` ներկայացված ծրագրերից լավագույններն ընտրելու և ֆինանսավորելու համար: Ընտրության յուրաքանչյուր չափանիշ ունի որոշակի կշիռ, իսկ գնահատումն իրականացվում է Ղեկավար ձեռնարկով սահմանված ընթացակարգերով և ընտրության չափանիշներով:
Ընտրության չափանիշներն են`
• Ներկայացրած Ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին:
• Դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորումը և համապատասխանությունը նպատակին
• Ծրագրի բովանդակությունը. Հաստատությունները պետք է ներկայացնեն ծրագրի հիմնախնդրի ռազմավարական վերլուծություն և հիմնավորում, ինչպես նաև ծրագրի իրականացման մեթոդաբանությունը: Հայտին կից պետք է ներկայացվի նաև ծրագրի իրականացման պլան, մոնիտորինգի և գնահատման պլանը, ինչպես նաև գնումների պլանը:
• Ակնկալվող արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է համարժեք լինեն նախատեսված ծախսերին: Հայտերը պետք է՝
­ հիմնավորեն ծրագրի նորարարական բնույթը և ներկայացնեն ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները,
­ ներկայացնեն ծրագրի ավարտից հետո ծրագրի ազդեցության շարունակման գործողությունների պլան,
­ ներկայացնեն ծրագրի արդյունքների տարածման պլանը:
• Ծախսերի արդյունավետությունը – Հաստատությունները պետք է հիմնավորեն նախահաշվի և ծրագրով նախատեսված գործողությունների համադրելիությունը: Այլ ենթաչափանիշներ են համաֆինանսավորման չափը և ծրագրով նախատեսված ապրանքների/ծառայությունների/խորհրդատվության պատշաճ և հիմնավորված նախահաշվային արժեքի հաշվարկը: Յուրաքանչյուր ապրանքի/ծառայության/ վերապատրաստման համար պետք է հստակ ներկայացվի դրա կապը ծրագրի նպատակի և խնդիրների հետ, ընդ որում, հիմնավորելով ոչ միայն նշված ապրանքի/ծառայության/ վերապատրաստման անհրաժեշտությունը, այլ նաև բյուջեում նշված քանակները/ծավալները: Ծախսերի արդյունավետությունը գնահատման ժամանակ էական դեր ունի նախահաշվային արժեքի իրատեսականության գնահատումը, այդ թվում, թե ինչքանով է այդ արժեքը ներառում հնարավոր հարկերը, պարտադիր վճարները և այլ անհրաժեշտ ծախսերը:

• Գործընկերների որակավորումները և համապատասխանությունը նպատակին (Միայն կոնսորցիում ծրագրերի համար) - Ծրագրային հայտերում պետք է նկարագրվեն գործընկերների փոխլրացնող որակավորումները, փորձառությունն ու հմտությունները և դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ ծրագրային հայտում պետք է ներկայացվի գործընկերների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը:

11. Ի՞նչ փաստաթղթեր պետք է պարունակի ամբողջական լրացված հայտը:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող հաստատության կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1. Լրացված հայտը` ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ում տրված ձևաչափի
2. Հաստատության ռազմավարական ծրագիրը(և/կամ բիզնես պլանները կոնսորցիումի բոլոր մասնակիցների համար)
3. Դրամաշնորհային ծրագրի բոլոր մասնակիցների պետական գրանցման վկայականների պատճենները
4. Դրամաշնորհային ծրագրի բյուջեն (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 1-ի)
5. Ծրագրի իրականացման պլան (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 2-ի),
6. Ծրագրի տրամաբանական կառուցվածք (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 3-ի),
7. Գործունեության վերջին երկու տարվա փորձի համառոտ նկարագրության` ներառյալ տեղեկատվություն կնքված հիմնական պայմանագրերի և հիմնական գործընկերների վերաբերյալ կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների համար (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 4-ի) ,
8. Գնումների պլանը (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 5-ի);
9. Մոնիտորինգի և գնահատման պլանը (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 6-ի);
10. Նախահաշվի տողերի հաշվարկ (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 7-ի);
11. Կոնսորցիումի անդամ կազմակերպության կողմից համաֆինանսավորումը (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 8-ի) ;
12. Կոնսորցիումի անդամ կազմակերպության կողմից ոչ գումարային ներդրումները (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 9-ի) ;
13. Դրամաշնորհառու կազմակերպության կողմից ոչ գումարային ներդրումները (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 10-ի)
14. Կոնսորցիումի մասնակիցների միջև համագործակցության հռչակագիրը (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 11-ի) ,
15. Կոնսորցիումի մասնակիցների միջև փոխհամաձայնության հուշագիրը (ըստ Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 12-ի) ,
16. Ֆինանսական կարողությունների գնահատման արդյունքները,
17. Տեղեկանք նախկինում իրականացված ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աուդիտի արդյունքով աուդիտորական եզրակացությունում նշված դիտարկումների ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ (այն բուհերի համար, որոնք նախկինում իրականացրել են ՆՄՀ դրամաշնորհային ծրագիր և անցել են ծրագրի աուդիտ):
Փաստաթղթերը պետք է ստորագրվեն հաստատության լիազոր անձի կողմից: Հայտի փաթեթը պետք է ուղակցվի հայտատու հաստատության պաշտոնական գրությամբ:

12. Կարող են արդյոք բուհի կողմից ներկայացված հայտի փաստաթղթերը ստորագրվել այլ անձի կողմից, այլ ոչ բուհի ռեկտորի/ղեկավարի:
Փաստաթղթերը պետք է ստորագրվեն հաստատության լիազոր անձի կողմից: Եթե ստորագրողը հանդիսանում է ոչ թե բուհի ռեկտորը/ղեկավարը, այլ բուհի այլ ներկայացուցիչ, ապա հայտի փաթեթում պետք է ներկայացվի նաև տվյալ անձին բուհի ռեկտորի/ղեկավարի կողմից տրված գրավոր լիազորագիր` ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հայտի փաստաթղթերը ստորագրելու լիազորության վերաբերյալ: Հայտի Բ.4. կետում` դրամաշնորհի համար պատասխանատու անձ տողում պետք է լրացվեն հաստատության լիազոր անձի տվյալները, ով որ ստորագրում է հայտի փաստաթղթերը:
13. Ինչ ժամկետներում պետք է ներկայացվի հայտը:
Հայտի պատրաստմանը և ներկայացմանը տրվում է երեք ամիս ժամանակ` հայտի հրապարակման օրվանից հաշված: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 16-ն է: Հայտի իրավասությունն ու ամբողջականությունը գնահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում, որից հետո բացակայող փաստաթղթերի և լրացուցիչ պարզաբանումների համար «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կարող է դիմել հայտատու բուհին` տալով առավելագույնը 7 օր ժամանակ լրացուցիչ պարզաբանումների և բացակայող փաստաթղթերի ներկայացման համար: Դրանից հետո բոլոր իրավասու և ամբողջական հայտերը կտրամադրվեն հայտերի գնահատող հանձնաժողովի փորձագետներին` գնահատման համար: Գնահատումը կիրականացվի Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ի համաձայն` առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև գնահատման արդյունքները տրամադրվում են Համակարգող խորհրդին` ֆինանսավորման ենթակա ծրագրերի վերաբերյալ որոշման կայացման համար: Համակարգող խորհրդի որոշումից հետո հայտատու բուհերը կտեղեկացվեն արդյունքների մասին, և բոլոր այն բուհերը, որոնց ծրագրերը կհաստատվեն ֆինանսավորման համար, կհրավիրվեն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` պայմանագրեր կնքելու:
14. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու և ոչ իրավասու ծախսերը:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու են համարվում այն ծախսերը, որոնք անմիջականորեն առնչվում են ծրագրին, ծառայելու են ծրագրի նպատակների իրականացմանը և կարող են կատարվել դրամաշնորհային միջոցներից, այդ թվում համաֆինանսավորման նվազագույն (10 %) մասնաբաժնից: Ոչ իրավասու ծախսերն այն ծախսերն են, որոնք չեն կարող կատարվել դրամաշնորհային միջոցներից:
Ստորև ներկայացված ծախսերի ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում, ՆՄՀ-ի շրջանակներում իրավասու ծախսերի տեսակները՝
• գույք,
• համակարգչային և այլ սարքավորումներ, ներառյալ լաբորատոր սարքավորումներ և նյութեր,
• գրենական պիտույքներ և գրականություն,
• ծրագրային ապահովում և էլեկտրոնային ռեսուրսներ,
• տպագրություն, լուսաբանման շրջանակներում եթերաժամի կամ տպագիր մամուլում տարածքի գնում (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 3 %-ը):
• խորհրդատվական ծառայություններ (տեղական և միջազգային),
• սեմինարների, աշխատաժողովների, վերապատրաստումների կազմակերպում,
• գործուղում փորձի ձեռքբերման նպատակով, ներառյալ ճանապարհածախսը կեցության ծախսերը և հնարավոր մասնակցության վճարները (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 5 %-ը),
• համակարգչային ծրագրերի մշակում և կատարելագործում ,
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի աշխատավարձ
• այլ ծախսեր (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 0,5 %-ը) ներառյալ բանկային ծառայությունների վճարները, մաքսային վճարները և ծրագրի իրականացմանը առնչվող այլ փոքր տեխնիկական ծախսեր
Վերոնշյալ և ստորև տրված ցանկերում չներառված այլ ծախսերը պետք է հիմնավորվեն հայտատուի կողմից և իրավասու ծախս ճանաչվելու համար ներկայացվեն ՆՄՀ-ի Համակարգող խորհրդի հաստատմանը:
Վերը նկարագրված իրավասության ծախսերը վերաբերում են միայն բուհերին, որոնք կամ դրամաշնորհային ծրագրի հիմնական իրականացնող են, կամ կոնսորցիում ծրագրի մասնակից: Կոնսորցիում ծրագրերի մեջ ընդգրկված մյուս մասնակիցների համար իրավասու են համարվում միայն խորհրդատվական ծառայությունների և դրանց հետ կապված գործուղման ծախսերը:
ՆՄՀ դրամաշնորհային միջոցները և առնվազն 10% համաֆինանսավորումը չեն կարող օգտագործվել ստորև նշված ոչ իրավասու ծախսերի իրականացման համար.
• տարածքների և շինությունների ձեռքբերում և վարձակալություն,
• մարդատար մեքենաների ձեռքբերում,
• որևէ շինարարական աշխատանքներ, ներառյալ շենքերի վերանորոգում,
• կոմունալ ծախսեր (էլեկտրականություն, ջուր, ջեռուցում, հաղորդակցման միջոցներ, աղբահանություն և այլն),
• անդամավճարներ, տույժեր, տուգանքներ, գույքահարկ և այլն,
• աշխատակազմի վարձատրություն, բացառությամբ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի անդամների
15. Դրամաշնորհային ծրագրի իրականացնողների կողմից համաֆինանսավորման նվազագույն մասնաբաժնից (10 %) ավելի համաֆինանսավորման դեպքում այդ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նկատմամբ գործու՞մ են արդյոք իրավասության չափանիշները:
Դրամաշնորհային ծրագրի իրականացնողների կողմից համաֆինանսավորման նվազագույն մասնաբաժնից (10 %) ավելի համաֆինանսավորման դեպքում այդ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նկատմամբ չեն գործում վերոնշյալ իրավասության/ոչ իրավասության չափանիշները:

16. Որքան՞ է կազմում դրամաշնորհային ծրագրերի բյուջեն:
Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհը կարող է լինել առավելագույնը 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առանձին պետական բուհերի ծրագրերի արժեքը կարող է լինել առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ոչ պետական բուհերի ծրագրերի արժեքը նույնպես կարող է լինել առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բացի դրանից, դրամաշնորհային ծրագրերի բյուջեն պետք է ներառի նաև հայցվող դրամաշնորհային գումարի առնվազն 10 տոկոս համաֆինանսավորումը: Դրամաշնորհային գումարի չափը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով տվյալ փուլում հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված օրվա համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ամրագրված տարադրամի պաշտոնական փոխարժեքը:

17. Որքա՞ն է կազմում պարտադիր համաֆինանսավորումը և ինչպե՞ս է այն իրականացվում:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերում պարտադիր ներդրումը դրամաշնորհային գումարի առնվազն 10 տոկոսը համաֆինանսավորումն է: Բոլոր այլ ներդրումները, որ իրականացվում են կամ ՆՄՀ դրամաշնորհառու բուհի կամ կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների կողմից (կոնսորցիումային ծրագրերի դեպքում) կամավոր են. Այսպիսով, բուհերը և կոնսորցիումի մասնակից կազմակերպությունները (կոնսորցիումային ծրագրերի դեպքում) կարող են կամավոր կարգով իրականացնել կամայական ներդրում, պարտադիր գումարային 10 տոկոս ներդրումից բացի: Բուհի կողմից համաֆինանսավորումը իրականացվում է համաֆինանսավորման գործառնական հաշվին: Դրամաշնորհային միջոցների բուհի կողմից համաֆինանսավորման առաջին հատկացումը կատարվում է դրամաշնորհի պայմանագրի ստորագրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մյուս փուլերի համաֆինանսավորումը իրականացվում է տվյալ փուլի մեկնարկից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր փուլի համար համաֆինանսավորումը պետք է պակաս չլինի տվյալ փուլում դրամաշնորհային գումարի համամասնության նկատմամբ: Համամասնության պահպանման նպատակով բյուջեի կազմման ժամանակ անհրաժեշտ է այդ համամասնությունը պահպանել յուրաքանչյուր տողում: Անկախ նրանից, թե կոնկրետ ով է իրականացրել համաֆինանսավորումը` միայն հայտատու բուհը, թե նաև այլ դոնորներ, համաֆինանսավորումը ներկայացվում է իբրև հաստատության ներդրում` մեկ միասնական թվով` ըստ բյուջեի տարբեր տողերի:
18. Արդյոք պարտադիր է կոնսորցիումի մասնակցի կողմից համաֆինանսավորման իրականացումը:

Կոնսորցիումի մասնակից կազմակերպությունները պետք է հիմնավորեն ՆՄՀ առաջարկվող ծրագրում իրենց մասնակցության համադրելիությունը սեփական կազմակերպության ընդհանուր նպատակներին և առաքելությանը: Այդ կազմակերպությունները կոնսորցիումային ծրագրին կարող են մասնակցել կամ գումարային ներդրման միջոցով, կամ տրամադրելով ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի համար անհրաժեշտ ապրանքներ/ծառայություններ/խորհրդատվություն: Կոնսորցիում ծրագրի մասնակից մասնավոր կազմակերպությունների համար պարտադիր է գումարային ներդրման իրականացումը: Այն դեպքում, երբ ներդրումն իրականացվում է գումարային ձևով, դա պետք է արտացոլվի ծրագրի բյուջեում՝ որպես համաֆինանսավորում: Այլ ներդրումների դեպքում դրանց մանրամասները պետք է ներկայացվեն համապատասխան ձևաչափում (Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 9, 10): Ոչ գումարային ներդրումները չեն արտացոլվում ծրագրի բյուջեում: Դրանք հաշվի կառնվեն հայտի գնահատման ընթացքում: Այդ ներդրումների իրականացումը պետք է մշտադիտարկվի և գնահատվի ՆՄՀ դրամաշնորհ ստացող կազմակերպության և կոնսորցիումի մասնակիցների կողմից` համաձայն նրանց միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի: Ապրանքների/ծառայությունների/խորհրդատվության տեսքով իրականացված ներդրումների իրագործման ընթացքը պետք է ներկայացվի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ծրագրային հաշվետվությունում` համապատասխան ծրագրային գործողության ընթացքի նկարագրության շրջանակներում, որի ապահովման համար նախատեսված էր նշված ներդրման իրականացումը: Կոնսորցիումի անդամներից մեկի կողմից ծրագրով նախատեսված գումարային ներդրման իրականացման անհնարինության պարագայում կոնսորցիումի մյուս մասնակիցները պատասխանատու են գումարային ներդրման իրականացման համար` ծրագրի անխափան ընթացքը ապահովելու նպատակով:
19. Ինչպե՞ս պետք է կազմվի համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը կոնսորցիումի մասնակիցների հետ:
Կոնսորցիում ծրագրերի շրջանակներում հայտատու բուհը հայտի փաթեթում պետք է ներկայացնի նաև համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը` ստորագրված կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների կողմից: Երկու փաստաթղթերի ձևաչափերը ներկայացված են Ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 11-ում և Հավելված 12-ում: Համագործակցության հռչակագիրը երկկողմանի համաձայնություն է կոնսորցիումի համակարգող կազմակերպության և մյուս մասնակիցներից յուրաքանչյուրի միջև, որով մասնակից կազմակերպությունը լիազորում է համակարգող կազմակերպությանը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերում գործել իր անունից: Ինչ վերաբերում է փոխըմբռնման հուշագրին, ապա դրանով սահմանվում են համագործակցության նպատակը, գործողությունները, հաշվետվողականությունը, տևողությունը: Օտարերկրյա կազմակերպությունների` կոնսորցիումում մասնակցության պարագայում նշված փաստաթղթերը պետք է կազմվեն երկլեզու` անգլերեն և հայերեն լեզուներով:

20. Ինչպե՞ս է կատարվում դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը:
Դրամաշնորհային ծրագիր իրականացնող բուհերը հաստատված ծրագրի համար պետք է ունենան երկու առանձին գործառնական հաշիվներ` մեկը ՆՄՀ-ից ստացվող դրամաշնորհային միջոցների համար (ՆՄՀ միջոցների գործառնական հաշիվ), մյուսը` բուհի կողմից հատկացվող համաֆինանսավորման համար (համաֆինանսավորման գործառնական հաշիվ): Վերոնշյալ երկու հաշիվները պետք է օգտագործվեն միայն ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի նպատակների համար: Դրամաշնորհի գումարը պետք է բաշխվի երկու հաշիվների մեջ` համաձայն ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի բյուջեի: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բոլոր փոխանցումները պետք է կատարվեն խստիվ բյուջեի համաձայն: Դրամաշնորհային միջոցները պետք է հատկացվեն ըստ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով առանձնացված փուլերի: Առաջին փուլով նախատեսված գումարը չպետք է գերազանցի ամբողջ գումարի 20 %-ը: Հաջորդ հատկացումների չափը սահմանվում է դրամաշնորհային պայմանագրով` ծրագրի կարիքներից ելնելով և համապատասխան ծրագրի բյուջեի: Այդուհանդերձ, յուրաքանչյուր հաջորդ փուլի համար կատարվելիք հատկացումը չի կարող գերազանցել ծրագրի բյուջեի 40 %-ը: Ծրագրի հաջորդ փուլի համար ֆինանսական միջոցները տրամադրվում են նախորդ փուլի ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների ընդունման դեպքում: Դրամաշնորհային միջոցներից բոլոր վճարումները բուհի կողմից պետք է կատարվեն բանկային փոխանցման միջոցով` դրամաշնորհային պայմանագրի բյուջեի համապատասխան: Բացառիկ դեպքերում բուհը կարող է ապրանքների, ծառայությունների կամ այլ ծախսերի համար վճարումը իրականացնել կանխիկ եղանակով, եթե այդ ապրանքների, ծառայությունների և այլ ծախսերի դիմաց միանվագ վճարումը չի գերազանցում 20000 ՀՀ դրամը` դրամաշնորհային պայմանագրի բյուջեին համապատասխան: Ծրագրերի ֆինանսավորման այս և այլ մանրամասները նկարագրված են Ղեկավար ձեռնարկի 7.4.4 բաժնում: 

Նորություններ

22.04.2019 ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված նորարարական կենտրոնները ներկայացան «Կրթություն և կարիերա Էքսպո-2019»- ին        « Երևան էքսպո »  ցուցահանդեսային համալիրում ապրիլի 17- ին մեկնարկեց 19-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա Էքսպո-2019» եռօրյա ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավար ներ ով ներկայանում էին ավելի քան 80 կրթօջախներ՝ բուհեր , քոլեջներ , ուսումնական կենտրոններ , ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից , Բելառուսից ,... 17.04.2019 Ամփոփվեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Ապրիլի 17-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային... 15.04.2019 Հեռավար կրթական ծրագիր Հյուսիսային համալսարանում` ՆՄՀ դրամաշնորհով Ապրիլի 12-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրով արդյունքների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, խոսում դժվարությունների և ձեռքբերումների մասին: Միջոցառման...