Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին մասնակցության հնարավոր հարցերի պարզաբանումներ (շարունակություն)

10.02.2019

21. Պարտադի՞ր է արդյոք, որ ծրագրի ղեկավարը լինի բուհի ռեկտորը/ղեկավարը:
ՆՄՀ ղեկավար ձեռնարկի 5.2 կետով հստակ սահմանվում է, որ բուհի ռեկտորը չի կարող ներառվել աշխատակազմում, իսկ բուհի պրոռեկտորը աշխատակազմում կարող է ներառվել միայն առանց վարձատրության:
Ինչ վերաբերում է ծրագրի աշխատակազմին, ապա ՂՁ-ի 7.2.2 բաժնում ամրագրված են որակավորման նվազագույն պահանջներ, որոնց պետք է բավարարեն ծրագրի աշխատակազմի անդամները: Միաժամանակ, ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող բուհերին խորհուրդ է տրվում դրամաշնորհային ծրագրի աշխատակազմում ներառել այն մասնագետներին, ովքեր ունեն բավարար ժամանակ` դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող բուհերը պետք է հաշվի առնեն, որ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմում ներառված անձինք չեն կարող ընտրվել այլ խորհրդատվական աշխատանքի իրականացման համար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
22. Ի՞նչ հաստիքներ են նախատեսվում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և որքա՞ն է աշխատակազմի աշխատավարձը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատակազմը ներառում է միայն հետևյալ հաստիքները` ծրագրի ղեկավար, համակարգող, գնումների մասնագետ և հաշվապահ: Ծրագրի ղեկավարի, համակարգողի, գնումների մասնագետի և հաշվապահի պարտականությունների մանրամասն նկարագրությունը տրված է Ղեկավար ձեռնարկի 7.2.2 բաժնում: Ծրագրի աշխատակազմի նշված հաստիքների համար անձանց տվյալները պետք է ներկայացվեն հայտի համապատասխան բաժնում` կցելով նաև վերջիններիս ինքնակենսագրությունները, որոնցից պետք է ակնհայտ լինի նշված անձանց համապատասխանությունը պահանջվող նվազագույն որակավորումներին: Հայտատու բուհերը պետք է ապահովեն ներկայացված աշխատակազմի պատշաճ աշխատանքը ծրագրի ողջ տևողության ընթացքում: Դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի ցանկացած փոփոխություն պետք է պատշաճ հիմնավորվի և նախապես գրավոր համաձայնեցվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի բոլոր վերոնշյալ անդամները պետք է բավարարեն հետևյալ նվազագույն որակավորման պահանջներին.
• տվյալ պաշտոնի համար պահանջվող համապատասխան կրթություն,
• համապատասխան ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ
• ՀՀ կրթական համակարգի և վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների իմացություն,
• տվյալ ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն, օրինակ` գնումների մասնագետի համար` գնումների և ֆինանսական ընթացակարգերի իմացություն, հաշվապահի համար` ֆինանսական ընթացակարգերի իմացություն,
• ՀԲ կողմից ֆինանսավորված ծրագրերում աշխատանքի փորձը ցանկալի է,
• միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը ցանկալի է,
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
• Համակարգչային բավարար հմտություններ (MS Office, ինտերնետ, այլ):
Ծրագրի աշխատակազմի համար թույլատրելի առավելագույն վարձատրության չափերը հետևյալն են (ներառյալ հարկերն ու սոցիալական վճարները).
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար – ամսական առավելագույնը 150000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հաշվապահ - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի գնումների մասնագետ - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
23. Որքա՞ն է դրամաշնորհային ծրագրերի տևողությունը:
Ներկայացված բոլոր ծրագրերի համար առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը: Միևնույն ժամանակ, հայտատու բուհերին խորհուրդ է տրվում ոչ թե ինքնաշխատ կերպով ընտրել ծրագրի առավելագույն տևողությունը, այլ դրա շրջանակներում նախատեսել հնարավորինս իրատեսական ժամանակացույց և վերջնաժամկետներ:

24. Քանի՞ փուլով պետք է իրականացնել դրամաշնորհային ծրագիրը (փուլերի նվազագույն քանակը և տևողությունը):
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացվող հայտը կազմելիս հայտատու բուհերը պետք է հաշվի առնեն, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է իրականացվի նվազագույնը չորս փուլով, ընդ որում` յուրաքանչյուր փուլի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի վեց ամիսը: Բուհերը պետք է հաշվի առնեն ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման համար պահանջվող ժամանակահատվածը` նախապատրաստական աշխատանքների, գնումների/ընտրության գործընթացի, անհրաժեշտ պայմանագրերի կնքման, դրանց իրականացման մանրամասն պլանավորմամբ` սահմանելով ծրագրի իրականացման ընթացքին առավելագույնս համապատասխանող ժամանակացույց: Ըստ այդմ, փուլի սկիզբ և ավարտ սահմանելիս պետք է հաշվի առնել նաև ծրագրի բյուջեն և հերթական փուլով նախատեսված գործողությունների համար պահանջվող գումարը, քանի որ դրամաշնորհային գումարի հերթական հատկացումները խստիվ կապված են փուլային հաշվետվությունների ստացման և ընդունման հետ:
25. Ի՞նչ հաշվետվություններ և կից փաստաթղթեր պետք է ներկայացնեն դրամաշնորհային ծրագիր իրականացնող բուհերը ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին:
ՆՄՀ դրամաշնորհառու բուհը պետք է ներկայացնի ծրագրի իրականացման ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունների ձևաչափերը կցված են դրամաշնորհային պայմանագրի ձևաչափին: Ներկայացվող հաշվետվությունները պետք է հաստատված լինեն բուհի օրինական ներկայացուցչի կողմից: Հաշվետվություններին կից պետք է ներկայացվի վճարման պահանջագիր հաջորդ փուլի ֆինանսավորման համար։ Վճարման պահանջագրի հետ մեկտեղ շահառու հաստատությունները ներկայացնում են նաև տվյալ վճարման փուլի համար ծրագրի բյուջեով սահմանված համաֆինանսավորման գումարը ծրագրի համաֆինանսավորման գործառնական հաշվին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը (վճարման հանձնարարագրի պատճեն/ բանկային քաղվածք)՝ տվյալ փուլը սկսելուց հետո 10 օրվա ընթացքում: Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ըստ ծրագրի փուլերի՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենների հետ միասին, ինչպես օրինակ բանկային քաղվածքները, վճարման հանձնարարագրերը, հաշիվ-ապրանքագրերը, հանձնման-ընդունման ակտերը, պայմանագրերը և այլն: Ֆինանսական հաշվետվությունների հետ միաժամանակ ներկայացվում են նաև ծրագրային հաշվետվությունները: Դրանցում նկարագրվում են տվյալ փուլում կատարված աշխատանքները, ստացված արդյունքները, ինչպես նաև տեղեկատվություն` տվյալ փուլի ընթացքում առաջացած խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ (եթե այդպիսիք եղել են): Միաժամանակ, եթե ծրագրի փուլի տևողությունը գերազանցում է երեք ամիսը, հաստատությունը ներկայացնում է եռամսյակային ծրագրային հաշվետվություն` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում՝ նույն ձևաչափով, ինչ որ փուլային ծրագրային հաշվետվությունները: Բացի փուլային ծրագրային և ֆինանսական հաշվետվություններից, որ ներկայացվում են ամեն փուլի ավարտից հետո, բուհերը պետք է պատրաստեն և ԿԾԿ ԾԻԳ-ին ներկայացնեն ավարտական ֆինանսական և ծրագրային հաշվետվություններ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Ավարտական ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները պետք է հաստատվեն ՆՄՀ ՀԽ-ի կողմից:
26. Ինչպիսի՞ն պետք է լինի դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման շրջանակը և ու՞մ կողմից պետք է իրականացվի:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունավետ մշտադիտարկման և գնահատման նպատակով դրամաշնորհառու հաստատությունները պետք է իրականացնեն ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը մոնիտորինգի և գնահատման շրջանակի համաձայն, որը բաղկացած է երեք մասից. նկարագրական մաս, որը նկարագրում է հիմնական նպատակները, ծրագրերը և մշտադիտարկման ու գնահատման առկա կարողությունները, պահանջվող ռեսուրսները և իրականացվելիք գործողությունները: Մոնիտորինգի և գնահատման շրջանակը պետք է հասցեագրի հետևյալ հարցերը.
• ի՞նչ պետք է մշտադիտարկվի և գնահատվի,
• ո՞վ է պատասխանատու մշտադիտարկման և գնահատման գործողությունների համար,
• ե՞րբ է նախատեսված մշտադիտարկումն ու գնահատումը (բուհը պետք է մշակի գնահատման և մշտադիտարկման պլան ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի համար` ըստ ծրագրի բաղադրիչների համապատասխան Առդիր 2-ի Հավելված 6-ի),
• ինչպե՞ս պետք է իրականացվի մշտադիտարկումն ու գնահատումը (մեթոդներ):
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի շարունակական հիմքով: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի գնահատումը կիրականացվի երեք փուլով.
• նախնական գնահատում (պետք է ներկայացվի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հայտում` սկզբնական իրավիճակի ներկայացման և ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հիմնավորման շրջանակներում),
• միջնաժամկետ գնահատում,
• վերջնական գնահատում:
Դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգն իրականացվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից` ներգրավելով ԿԳՆ ներկայացուցիչների: Դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, կարող են ներգրավվել նաև տեղական և միջազգային փորձագետներ: Մոնիտորինգի արդյունքում ի հայտ եկած խախտումների, էական շեղումների կամ թերացումների դեպքում ԿԾԿ ԾԻԳ-ը կարող է ՀԽ-ի քննարկմանը ներկայացնել ծրագրի դադարեցման հարցը:

27. Ինչպե՞ս է իրականացվում դրամաշնորհային ծրագրի փաստաթղթաշրջանառությունը :
Դրամաշնորհային ծրագրի իրականացումը բուհից պահանջում է պատշաճ փաստաթղթաշրջանառության վարում և պահպանում, ինչը պետք է ապահովեն դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի անդամները` յուրաքանչյուրը իր մասով, ինչպես և նկարագրված է Ղեկավար ձեռնարկի համապատասխան բաժնում: Պատշաճ փաստաթղթաշրջանառության վարումը նշանակում է նաև, որ դրամաշնորհային ծրագրի մեկնարկին բուհը պետք է ստեղծի գլխավոր թղթապանակ, որը պետք է ներառի առնվազն հետևյալ փաստաթղթերը.
• Դրամաշնորհային ծրագրի հայտը և ուղեկցող փաստաթղթերը` համաձայն ՂՁ-ի,
• Դրամաշնորհային հայտի ներկայացման և ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցած որևէ պաշտոնական գրագրություն/փաստաթղթեր,
• Դրամաշնորհային ծրագրի շնորհման վերաբերյալ պաշտոնական տեղեկացումը,
• Բոլոր ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների պատճենները,
• Բոլոր հաշիվ ապրանքագրերի բնօրինակները և այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:
Այս թղթապանակը պետք է հասանելի լինի ԿԾԿ ԾԻԳ-ի, ԿԳՆ, ինչպես նաև արտաքին աուդիտորների և ՀԲ համապատասխան աշխատակիցների այցի ժամանակ` դիտարկումների համար:

28. Ի՞նչ ընթացակարգերով են իրականացվելու գնումների գործընթացները դրամաշնորհի շրջանակներում:

Դրամաշնորհառու հաստատությունը պետք է հետևի Ղեկավար ձեռնարկի 7.3 բաժնում ներկայացված գնումների ընթացակարգերին:
Դրամաշնորհառու հաստատությունը պետք է գնման եղանակի ընտրության ընթացքում հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպիսիք են` պահանջվող գույքի և ծառայության տեսակը, պահանջվող գույքի և ծառայության նախահաշվային արժեքը, օտարերկրյա հայտատուների մասնակցության հավանականությունը և գնման գործընթացի հետ կապված ծախսերը: ՆՄՀ դրամաշնորհառու հաստատությունը ծրագրի շրջանակներում գնման գործընթացները պետք է իրականացնի համաձայն հայտի հետ ներկայացվող գնումների պլանի (Առդիր 2-ի Հավելված 5): Գնումների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը տրված է Ղեկավար ձեռնարկի 7.3 բաժնում:

29. Ինչպես է իրականացվելու դրամաշնորհային ծրագրերի աուդիտը:
ՆՄՀ շրջանակներում բուհերի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները ենթարկվում են աուդիտի դրամաշնորհային ծրագրի որոշակի ընթացքի համար: Աուդիտը իրականացնում է ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընտրված աուդիտորը: Աուդիտորի ընտրությունը կատարվում է ՀԲ-ի համար ընդունելի աուդիտորների ցանկից: Աուդիտորը ընտրվում է նվազագույն արժեքի հիման վրա ընտրության եղանակով: Աուդիտորի ծառայությունների աշխատանքային նկարագիրը ներկայացված է Ղեկավար ձեռնարկի Առդիր 3-ում: Ընտրված աուդիտորի հետ ԿԾԿ ԾԻԳ-ը կնքում է պայմանագիր: Աուդիտորի եզրակացությունը և կից նամակը տրամադրվում է ծրագիրը իրականացնող հաստատությանը և ԿԾԿ-ին: ԿԾԿ ԾԻԳ-ը աուդիտի արդյունքները ներկայացնում է ՆՄՀ ՀԽ-ին, որը քննարկում և որոշում է կայացնում հետագա քայլերի վերաբերյալ` փոփոխված աուդիտորական եզրակացությունների առկայության դեպքում: Փոփոխված աուդիտորական եզրակացության դեպքում տվյալ բուհը համարվում է ոչ իրավասու` ՆՄՀ հաջորդ փուլին մասնակցության համար: Որևէ ոչ իրավասու ծախս, որ կհայտնաբերվի աուդիտի ընթացքում կամ ԿԾԿ ԾԻԳ-ի, ԿԳՆ, ՀԲ կողմից դիտարկումների ընթացքում պետք է պատշաճ կերպով վերականգնվի «Կրթության բալերավում» վարկային ծրագրի հաշվին:

30. Շահերի բախման բացառումը:

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում շահերի բախումը մեկնաբանվում է հետևյալ կերպ` կամայական անցյալ, ներկա կամ ապագա տնտեսական, ֆինանսական կամ մասնավոր ուղղակի կամ անուղղակի (ազգականների կամ ամուսինների միջոցով) շահ, ինչպես նաև սեփականության կամ այլ կապեր ՆՄՀ դրամաշնորհային հայտ ներկայացրած/ծրագիր իրականացնող բուհի դրամաշնորհային աշխատակազմի և բարձրագույն ղեկավարության ու ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակազմի, ինչպես նաև ՆՄՀ ՀԽ-ի և ՀԳՀ-ի անդամների միջև: Եթե ՆՄՀ դրամաշնորհային հայտ ներկայացրած/ծրագիր իրականացնող բուհի դրամաշնորհային աշխատակազմի և բարձրագույն ղեկավարության որևէ անդամ ուղղակի կամ անուղղակի (ազգականների կամ ամուսինների միջոցով) ձևով ունի որևէ տնտեսական, ֆինանսական և/կամ մասնավոր շահ որևէ կազմակերպության կամ ընկերության հետ (ներառյալ որևէ ծառայությունների կամ ապրանքների մատակարարի), ում հետ ՆՄՀ դրամաշնորհառու բուհը նախատեսում է կամ ունի որևէ պայմանագիր կամ այլ համաձայնություն, ապա այդ աշխատակազմի անդամը պետք է բացահայտի այս կապը` գրելով ԿԾԿ ԾԻԳ-ին այն բոլոր փաստերի մասին, որոնք առնչվում են կապին/շահին: Շահերի բախման մեջ ներգրավված անհատները պետք է բացառվեն տվյալ համաձայնությանը/պայմանագրին վերաբերող որոշումների կայացման գործընթացից:
Ծրագրի միջոցների և սեփականության որևէ կեղծիքի, վատնման կամ ոչ նպատակային օգտագործման պարագայում ՆՄՀ դրամաշնորհառու բուհի դրամաշնորհի աշխատակազմը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի բուհի ղեկավարին: Բուհի ղեկավարի կողմից նշված խնդիրների հասցեագրման ձախողման պարագայում խնդրի մասին պետք է տեղեկացվի ԿԾԿ ԾԻԳ-ին բուհի դրամաշնորհի աշխատակազմի կողմից` գրավոր կարգով և նույն գրության մեկ պատճենը ուղարկելով նշված խնդրի պատճառ հանդիսացող անձին: Մասնակից բուհերի պատասխանատվությունն է ապահովել, որ իրենց կողմից ներկայացված հայտերը չպարունակեն այնպիսի տեղեկատվություն, որը կարող է առնչվել մտավոր սեփականության խնդիրների:

31. Ինչպե՞ս են կարգավորվում դրամաշնորհային հայտի ներկայացման, գնահատման և հետագայում ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող հնարավոր բողոքները:

Հայտերի ներկայացման, գնահատման, ինչպես նաև հետագայում ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող ցանկացած բողոք կարգավորվում է ՀԲ և ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված (N 70-Ա/Ք հրաման, 09.02.2015 թ.) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի գործառնական ձեռնարկով սահմանված բողոքների կարգավորման մեխանիզմի համաձայն:

 

Նորություններ

22.04.2019 ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված նորարարական կենտրոնները ներկայացան «Կրթություն և կարիերա Էքսպո-2019»- ին        « Երևան էքսպո »  ցուցահանդեսային համալիրում ապրիլի 17- ին մեկնարկեց 19-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա Էքսպո-2019» եռօրյա ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավար ներ ով ներկայանում էին ավելի քան 80 կրթօջախներ՝ բուհեր , քոլեջներ , ուսումնական կենտրոններ , ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից , Բելառուսից ,... 17.04.2019 Ամփոփվեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Ապրիլի 17-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային... 15.04.2019 Հեռավար կրթական ծրագիր Հյուսիսային համալսարանում` ՆՄՀ դրամաշնորհով Ապրիլի 12-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրով արդյունքների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, խոսում դժվարությունների և ձեռքբերումների մասին: Միջոցառման...