Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ վարկային եվ դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

01.02.2019

Հունվարի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը՝ օրակարգային 5 և ընթացիկ հարցերով: Նիստի օրակարգում ընդգրկված առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրերի 2018 թվականի ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների և 2019 թվականի ամփոփ բյուջեի հաստատմանը: Կառավարման խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ՀՀ ԿԳՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գ. Հովհաննիսյանը ներկայացրեց ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի 2018 թվականի ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, որոնք քննարկվեցին և հաստատվեցին կառավարման խորհրդի կողմից: Հավելենք, որ նշված հաշվետվությունները համաձայն սահմանված կարգի ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն։ Անդրադառնալով ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի 2019 թվականի ամփոփ բյուջեի, ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշվի և հաստիքացուցակի հաստատմանը՝ Գ. Հովհաննիսյանը ընդգծեց, որ 2019թ.-ին նախատեսված ծախսերը և ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը ընդունվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և ընդգրկվել են 2019 թ.-ի բյուջեի մասին օրենքում: Դրանք նույնպես հաստատվեցին կառավարման խորհրդի կողմից: Այնուհետև օրակարգային երրորդ հարցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրեց ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի 2019թ-ի. աշխատանքների կատարման ժամանակացույցը : ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը մի շարք հարցեր բարձրացրեց նախատեսված գործողությունների ժամկետների վերաբերյալ. մասնավորապես, պարզաբանվեցին նախակրթարանների ստեղծման, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, ավագ դպրոցներին լաբորատոր սարքավորումների տրամադրման, նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհերին դրամաշնորհների տրամադրման ժամկետները: Նիստի ընթացքում քննարկում ծավալվեց բնագիտական ուղղություններով լաբորատորիաների կարիք ունեցող դպրոցների ցանկի վերաբերյալ: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ա. Արշակյանը փաստեց, որ ցանկն ամփոփված է համաձայն դպրոցներից ստացված տվյալների՝ դրանում ներառված են բոլոր այն ավագ դպրոցները, որոնք ունեցել են լաբորատորիաների կարիք ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից: Հավելենք, որ բացի լաբորատոր սարքավորումներից, դպրոցներին տրամադրվելու է նաև համապատասխան լաբորատոր կահույք: Կառավարման խորհրդի անդամները հետաքրքրվեցին հանրակրթության առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման մեխանիզմների մասին: Հարցի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին վարկային ծրագրով առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման և Եվրոմիության ծրագրով բնագիտական առարկաների ծրագրերի և չափորոշիչների վերանայման աշխատանքների համադրման, դրանից բխող` դասագրքերի վերանայման և այլ հարցեր: ‹‹Կրթության ազգային ինստիտուտի›› տնօրեն Ն. Ղուկասյանը կարևորեց աշխատանքների կազմակերպումը միջառարկայական կապերի պահպանման անհրաժեշտության համատեքստում: Քննարկումն ամփոփվեց ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի 2019թ.-ի ընթացքում նախատեսվող գործողությունների գնումների պլանի հաստատմամբ: Նիստի ավարտին քննարկվեց ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով նախատեսված 7 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով միջազգային մրցակցային գնման մրցութային փաթեթը: Գ. Հովհաննիսյանը ներկայացրեց, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով նախատեսված 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված է կազմակերպել մրցույթ՝ միջազգային մրցակցային գնման եղանակով: Այդ նպատակով ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնի›› կողմից կազմվել է մրցութային փաթեթ Համաշխարհային բանկի աշխատանքների գնման ստանդարտ փաթեթի հիման վրա, որը հաստատվել է Համաշխարհային բանկի կողմից: Քննարկում ծավալվեց հիմնանորոգման ենթակա դպրոցների ընտրության չափանիշների և ցանկի վերաբերյալ: Ներկաները կարծիքներ փոխանակեցին ավագ դպրոցների հիմնանորոգման կարիքների վերաբերյալ` փաստելով ծրագրի անհրաժեշտությունը: ՀՀ ԿԳ նախարարը կարևորեց մրցույթի թափանցիկության ապահովումը: Գ. Հովհաննիսյանը, փաստեց, որ մրցութային հայտերի բացումը իրականացվում է բաց ռեժիմով և դրան կարող են ներկա լինել հետաքրքված կառույցներն ու անհատներ: Նիստն ավարտվեց 7 ավագ դպրոցների՝ Գյումրի քաղաքի ակադեմիական վարժարանի, Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների, հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար պատրաստված միջազգային մրցակցային գնման մրցութային փաթեթի հաստատմամբ: 

Նորություններ

20.02.2019 Խթանման աշխատանքներ ՀՀ մարզերի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 16.02.2019 Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի› մեկնարկը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ... 14.02.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ 2017 թվականին կազմակերպվել էր <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, որն ամփոփվել էր 2018-ի առաջին եռամսյակում: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ...