Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում

29.01.2019

2016 թվականի դեկտեմբերին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում (ԵԳՀ) Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր  ‹‹Իրավագիտություն մասնագիտության արդիականացում›› դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն

ամփոփվել են:Այս առիթով հունվարի 29-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանի ուղեկցությամբ շրջեցին նորաստեղծ Կրիմինալիստիկայի լաբորիատորիայում և Իրավաբանական կլինիկայում: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր, ի.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը: Նա ընդգծեց՝ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ‹‹Այս ենթակառուցվածքի առկայությունը բուհում թույլ է կտա իրավագիտության ոլորտում ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ: Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված նոր կադրերի պատրաստումը››, -հավելեց Ժ. Ջհանգիրյանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։
Ապագա, ինչպես նաև արդեն գործող իրավաբանների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված Կրիմինալիստիկայի լաբորատորիայի սրահները համալրված են համապատասխան սարքավորումներով, մանեկեններով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է իրավագիտության ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված մատնադրոշմային, ֆինանսատնտեսական և դատահաշվապահական հետազոտությունների ծրագրային ապահովմամբ համակարգչային տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի խոսքով Կրիմինալիստիկայի լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել իրավագիտության ոլորտում:
«Լաբորատորիան նպաստում է իրավագիտության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է»,- նշեց Ռ. Այդինյանը:
Նորաստեղծ լաբորատորիայում, դիտարկելով լաբորատոր սարքավորումները, ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Տիգրան Պողոսյանը քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը, ծրագրի արդյունքում հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում լաբորատորիան զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումներով, քննչական ճամպրուկներով, կրիմինալիստիկական ուսումնական ստենդերով, հավաքածուներով: Նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Ռ. Այդինյանի խոսքով դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև ‹‹Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի մշակում, և համանուն մագիստրոսական ծրագրի ձեռնարկի մշակում և տպագրություն, կատարվել է ‹‹Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի մշակում և վերանայում՝ իրավաբանական կրթությունը նորովի կազմակերպելու համար:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայից և կլինիկայից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն ԵԳՀ-ի ուսանողները և դասախոսները, այլև այս ոլորտի այլ մասնագետները:
Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, ծրագրի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների առկայությունը բուհում կխթանի գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը:
Նպատակ ունենալով ընդլայնել ստեղծվող ենթակառուցվածքների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ բուհի կողմից առաջին քայլերն արդեն արվել են. արդեն իսկ իրականացվել են հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, ակտիվ համագործացություն է սկսվել հայաստանյան բարձրագույն ուսւմնական հաստատւթյունների և գիտահետազոտական և փորձագիտական կենտրոնների հետ: Նման քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը, որը ստեղծված ենթակառուցվածքի առկայությամբ դառնում է ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...