Նորություններ

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն ›› ԾԻԳ-ն ամփոփում է 2018-ի ընթացքում կատարված աշխատանքները

25.12.2018

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2018 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2018թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 17 միկրոծրագրեր Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում: Ստեղծվող նախակրթարաններում իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Նորաբաց հաստատությունները գործում են սույն թվականի սեպտեմբերի 1-ից, Դրանցում ընդգրկված են նախադպրոցական տարիքի շուրջ 344 երեխաներ: Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են նորաստեղծ նախակրթարանների 35 դաստիարակներ: Միկրոծրագրերի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
Նորաստեղծ նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը: Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվում է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում ու դրա վրա ազդող գործոնների հետազոտություն: Հետազոտության արդյունքները փաստում են ընդգրկված երեխաների զարգացման, դպրոցին պատրաստվածության դրական դինամիկայի մասին: Հավելենք, որ նման միկրոծրագրերի իրականացումը շարունակվելու է հետագա տարիներին: ԿԾԿ ԾԻԳ-ը նախաձեռնել է ծրագրի հետագա տարիներին նախատեսված միկրոծրագրերի իրականացման նպատակով նախակրթարանի կարիք ունեցող համայնքների ցանկերի ճշգրտման գործընթաց՝ համագործակցելով ՀՀ ԿԳ նախարարության և մարզպետարանների հետ:
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակներում 2018 թ. ընթացքում ավարտվել են առաջին փուլով հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Մեծամոր, Արարատ, Մարտունի, Հրազդան և Նոյեմբերյան քաղաքներում: Նշված օբյեկտները հանձնվել են շահագործման: Հիմնանորոգման ընթացքը լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
2018 թ.-ին երկրորդ փուլով հիմնանորոգման շրջանակներում նախատեսված 7 ավագ դպրոցների ցանկը համաձայնեցվել է ՀՀ ԿԳ նախարարության հետ: Կազմվել են երկրորդ փուլով հիմնանորոգման ենթակա Գյումրի քաղաքի ակադեմիական վարժարանի (գիմնազիա), Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցութային փաթեթները և մշակվել են հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները: Մրցութային ամբողջական փաթեթները ներկայացվել են Համաշխարհային բանկի հաստատմանը:
2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից նախաձեռնվել է լաբորատոր սարքավորումներ ստացող դպրոցների ցանկի և բնագիտական չորս առարկաների ուղղությամբ լաբորատոր սարքավորումների և կահույքի տեխնիկական նկարագրերի կրկնակի ճշգրտման գործընթաց՝ ժամանակային գործոնի ազդեցությամբ անհրաժեշտ փոփոխությունները իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, ԿԳՆ կողմից ստացվել է բնագիտական չորս առարկաներից պահանջվող լաբորատորիաների ցանկն ըստ ՀՀ ավագ դպրոցների: Մրցութային փաթեթը լրամշակման փուլում է: Լաբորատոր սարքավորումների և կահույքի գնումը կիրականացվի 2019 թվականին:
‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի շրջանակներում 2018 թվականին ամփոփվել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով մրցույթը, որի արդյունքներով 2018 թվականի ապրիլից մեկնարկել են շենքի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք ավարտին կհասցվեն 2019 թ. ապրիլին: 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների 55 տոկոսը: Հիմնանորոգման ընթացքը պարբերաբար լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:
2018 թվականին իրականացվել է նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթը, որի արդյունքներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին պայմանագիր է կնքվել ‹‹Հարմոնիա›› տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի հետ: Պայմանագրով նախատեսված աշխատանքներն ընթացքում են: Հիմնադրամի կողմից արդեն իսկ ներկայացվել են կարիքների գնահատման արդյունքները:
Դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային սերտիֆիկատ ստացած 30 տեղական վերապատրաստողների հետ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել են մի շարք քննարկումներ՝ վերապատրաստման խմբերի և վերապատրաստման ժամանակացույցերի կազմման նպատակով: Ըստ այդմ, կազմվել է ժամանակացույց ըստ հաստատությունների և մարզերի: 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում իրականացվել է 30 խմբով ՀՀ դպրոցների շուրջ 580 ներկայացուցիչների վերապատրաստում՝ համաձայն մշակված մոդուլների:
Անդրադառնալով կրթության բովանդակությանը, նշենք՝ «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում 2018 թվականի ընթացքում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման ուղղությամբ քննարկումներն ու կազմակերպչական աշխատանքները շարունակվել են: Մասնավորապես, 2018 թվականին կազմակերպվել է խորհրդատվական կազմակերպության ընտրության գործընթացի առաջին փուլը՝ հավաքագրվել են հետաքրքրվածության հայտերն ու դրանց գնահատման արդյունքով կազմվել է հետաքրքրվածության հայտ ներկայացրած կազմակերպությունների կարճ ցանկ: Մրցութային փաթեթն ու կազմակերպությունների կարճ ցանկը հաստատվել են Համաշխարհային բանկի կողմից: Ընթացքում է այդ փաստաթղթերի քննարկումը ՀՀ ԿԳ նախարարության հետ:
Բարձագույն կրթութան ոլորտում 2018 թվականին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում յոթ դրամաշնորհառու բուհեր շարունակել են նորարարական զարգացման ծրագրերի իրականացումը: Դրանցից երկուսը՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և Երևանի պետական կոնսերվատորիան 2018 թվականի առաջին կիսամյակում ավարտել են դրամաշնորհային ծրագրերի իրականացումը: Ներկայումս ընթացքում են հինգ բուհերում՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գլաձոր համալսարան, Հյուսիսային համալսարան և Շիրակի պետական համալսարան, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Բուհերից Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը ծրագրերը կամփոփեն 2018 թ. տարեվերջին: Մյուս երկու դրամաշնորհային ծրագրերի ավարտը 2019 թվականին է: Ծրագրերի իրականացման ընթացքը պարբերաբար լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում: 2018 թվականի առաջին եռամսյակում ամփոփվել է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի աուդիտի իրականացման նպատակով կազմակերպության ընտրության մրցույթը, որի արդյունքներով 2018 թվականի մարտի 12-ին պայմանագիր է կնքվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ աուդիտորական կազմակերպության հետ: Վերջինս իրականացրել է ավարտված դրամաշնորհային ծրագրերի աուդիտը: Աուդիտորական եզրակացությունները հրապարակվել են ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:
ՀՀ ԿԳ նախարարի 2018թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1189-Ա/2 հրամանով վերակազմավորվել է «Հայաստանի հանրապետության բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի համակարգող խորհրդի կազմը, որի առաջին նիստը կայացել է 2018 թ. հոկտեմբերի 4-ին:Այդ նիստի արդյունքներով որոշվել են նաև ՆՄՀ հաջորդ շրջափուլի առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև ՆՄՀ ղեկավար ձեռնարկում իրականացվելիք որոշ փոփոխություններ: Ըստ այդմ, ԿԾԿ ԾԻԳ-ը իրականացրել է ՆՄՀ ղեկավար ձեռնարկի լրամշակում՝ դրամաշնորհների տրամադրման նոր փուլի կազմակերպմանը նախընթաց: Ձեռնարկի լրամշակված տարբերակը հաստատվել է Համաշխարհային բանկի և ՀՀ ԿԳ նախարարի կողմից, այն հասանելի է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:
 

Նորություններ

19.03.2019 Բացվեցին յոթ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթները Մարտի 19-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում տեղի ունեցավ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթների բացման արարողությունը: Վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար հետաքրքրվածության հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջունեց <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ներկայացրեց մրցութային փաթեթների բացման ընթացակարգը : Գնումների մասնագետը նշեց, որ համաձայն... 15.03.2019 Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ՀԲ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության... 12.03.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ 12 ամիս: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մարտի 11-ին ԾԻԳ-ի...