Նորություններ

Մոնիտորինգային այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

31.01.2018

Հունվարի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում է մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտորը. նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է կրթության արդիականացման և բուհում միջազգայնացման գործընթացը ամբողջականացնելու տեսանկյունից: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանի ուղեկցությամբ եղան նորաստեղծ ինտերակտիվ լսարանում, լաբորիատորիայում և խորհրդակցությունների դահլիճում: ԾԻԳ-ի ներկայացուցիչները, շրջայցի արդյունքում, ամրագրեցին, որ ավարտվել են խորհրդակցությունների սրահի, ինտերակտիվ լսարանի և լաբորատորիայի համար նախատեսված տարածքների վերանորոգման աշխատանքները: Կենտրոնի համար նախատեսված գույքն ու գրենական պիտույքները ձեռք են բերված, իրականացվել է անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռքբերում և տեղադրում: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների երկրորդ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը: Սարքավորումների առաջին խմբաքանակը՝ թվով չորսը, արդեն իսկ մատակարարվել էր, փորձարկվել և գտնվում էր գիտահետազոտական կենտրոնի համար նախատեսված տարածքում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՀՖԿՍՊԻ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Տ. Պետրոսյանը ծրագրի ղեկավար Ա. Գյոզալյանի հետ համատեղ քննարկեց ձեռք բերված մասնագիտական սարքավորումների գործարկման հետ կապված մի շարք հարցեր: Ա. Գյոզալյանը խոսեց լաբորատոր սարքավորումների կարևորության մասին՝ փաստելով, որ դրանք կնպաստեն բուհի հեղինակության բարձրացմանը. <<Նման արդիական սարքավորումների առկայությունը բուհում կբերի սպորտի և ֆիզկուլտուրայի բնագավառում նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը>>,-հավելեց ծրագրի ղեկավարը: Նրա հավաստմամբ կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով համալրված ինտերակտիվ լսարանն արդեն օգտագործվում է տեսական և գործնական պարապմունքների իրականացման համար գրեթե ամենօրյա հաճախականությամբ, իսկ խորհրդացությունների սրահում արդեն տեղի են ունեցել ՀՖԿՍՊԻ գիտական խորհրդի տարեկան նիստն ու մի շարք սեմինարներ: Ստեղծվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով՝ բուհն իրականացնում է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Ա. Գյոզալյանի խոսքով կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Նա նշեց. <<Մենք բավականին լուրջ նախադրյալներ ունենք ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Բուհն արդեն իսկ քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ, առաջին քայլերն են արվում համատեղ միջազգային ծրագրերի պլանավորման և իրականացման համար>>: Ծրագրի ղեկավարի խոսքով քննարկման փուլում է միջազգային արդիական հետազոտական ծրագրի նախագիծը՝ Լյուվենի համալսարանի կինեզիոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև դասախոսների գործուղում՝ միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով: Այս փուլում կազմակերպվել է բուհի աշխատակիցների վերապատրաստում Լատվիայի Սպորտի ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդրա Կուպրիկայի մասնակցությամբ: Մասնագիտական կրթությունը նորովի կազմակերպելու համար բուհում մշակվում է նաև անհրաժեշտ կրթական բովանդակություն: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ պատրաստ են արդիական կրթական միջավայրի պահանջներին համապատասխան, նորացված ուսումնական պլանները և ընթացքում են առարկայական նկարագրերի մշակման աշխատանքները:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական սարքավորումներով հագեցած այս գիտահետազոտական կենտրոնը կնպաստի ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում հիմնարար հետազոտությունների իրականացմանը:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...