Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը ՀՀ կրթության և գիտության նախարարություն

06.05.2017

      Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս: Այս համատեքստում, ընդգծվել է, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամանակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450: Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը և ուսոմնասիրությունը և գործողությունները շատ ավելի հեշտանում են: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև դպրոցական համակարգում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության նորմատիվի և ստանդարտների հստակ սահմանումը: Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ և այլն: Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր:
Հանդիպմանը զեկուցվել է նաև հանրակրթական դպրոցներում ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Նշվել է, որ ընտրվել են թեմատիկ ուղղությունները և միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակվել հինգ առարկաների ծրագրային նախագծերը: Քննարկվել են նաև ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկապես գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ առկա է ուսուցիչների պակասի խնդիր, շարունակվում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը: Հանդիպմանը ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել և կառավարությանն է ներկայացվել Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն և այլն:
Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը և ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության զարգացման ճիշտ ուղու սահմանումը և նշել. «Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է»:
 

Նորություններ

05.06.2019 Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը ՇՊՀ-ում Հունիսի 4-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը: Նա նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ... 03.06.2019 Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ,... 03.06.2019 Կայացավ Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը Մայիսի 31-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրով...