Նորություններ
Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները
12.09.2024
Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550 ուսուցչի վերապատրաստում:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի 1.3 Ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը հետևել է վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:
Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումների ընթացքում տրամադրվել են նաև ցուցադրական տեսանյութեր, որից ուսուցիչները ցանկացած պահի կարող են օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:
Հիշեցնենք , որ Արմավիրի մարզում թվով 88 դպրոցներում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների գծով լաբորատորիաներ:
Տեսանյութը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=alqCgsvz48c