Նորություններ
Երևանի թվով 9 հիմնական դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ
12.06.2024
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Հունիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Ռ. Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման ուղղված որոշակի առաջարկներ: