Նորություններ
Համաշխարհային բանկի թիմն այցելել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններ
07.06.2024

Հունիսի 4-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ՝ հասկանալու, թե ինչպես են ռեսուրսներն օգտագործվում նրանց կողմից, ինչ մարտահրավերների առաջ են կանգնած նրանք ներկայումս: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, Կրթական կենտրոնի ԾԻԳ ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ 2023 թվականին հիմնվել է նոր նախակրթարան, իսկ այժմ ընթանում են խաղահրապարակի կառուցման աշխատանքները։
Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանի և դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել ուսուցիչների հետ։ Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։ Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրերն անցկացնում էին հարմարավետ գեղեցիկ ու գունեղ սենյակներում՝ լի ուսումնական նյութերով ու խաղալիքներով։ Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Շիզուկա Կունիմոտոն նշել է, որ նման ծրագրերի արդյունքում նախադպրոցական հաստատությունների ստեղծումը կարևոր նախապայման է վաղը կրթված քաղաքացիներ ունենալու համար։ ՀԲ պատվիրակության անդամները շրջեցին այն դասարաններում, որտեղ ամփոփվել են ՏՀՏ և բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) հիմնումը։ Համաշխարհային բանկի պատվիրակության հաջորդ կանգառը Դալարիկի միջնակարգ դպրոցում էր, որտեղ ստեղծվել էին նոր նախակրթարան և STEM լաբորատորիաներ, և ընթանում էին խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը վստահեցրել է, որ խաղահրապարակի շինարարական աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցով և պայմանագրով նախատեսված որակի պահանջներին համապատասխան, և դրանք նախնական փուլում են։ Խաղահրապարակն ամբողջությամբ կգործի նոր ուսումնական տարվա սկզբին` ապահովելով առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր համայնքում բնակվող 4-6 տարեկան երեխաների համար: Հավելենք, որ այս պահին թվով 7 նախակրթարաններում, որոնք հիմնադրվել են 2023 թվականին, ընթանում են խաղահրապարակների կառուցման աշխատանքները:Հավելենք, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր նախակրթարանների ստեղծման 21 միկրոծրագրեր։
Դալարիկի դպրոցում ՀԲ պատվիրակության անդամները շրջեցին դասասենյակներով, որտեղ տեղադրվել են նոր կահույքը և տեղակայված են ՏՀՏ և բնագիտական լաբորատորիաները։ Ծրագրի արդյունքում դպրոցում հիմնվել է 4 բնագիտական լաբորատորիա «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։ Շիզուկա Կունիմոտոն բարձր է գնահատել ԲՏՃՄ ոլորտի հետ կապված կրթական բարեփոխումները. «Հայաստանի ջանքերը կրթական բարեփոխումների ոլորտում շատ արժեքավոր են և տվել են տպավորիչ արդյունքներ», նշել է ՀԲ Թիմի համաղեկավարը:
Նշենք, որ իրականացվող ծրագրի համատեքստում նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում, վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում, ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: