Նորություններ
Նոր նախակրթարաններ՝ ՀՀ Արարատի մարզում
03.10.2023

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արարատի մարզի Հովտաշենի, Շաղափի, Սուրենավանի միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև սույն թվականի ապրիլի 20-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Նախակրթարանների բացմանը ներկա էին կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, մանկավարժներ, ծնողներ: Հյուրերը շրջեցին նախակրթարաններում, ծանոթացան կատարված աշխատանքներին, զրուցեցին մանկավարժների ու ծնողների հետ: Նշենք, որ նախակրթարանների ստեղծման նպատակով դպրոցների տարածքից առանձնացվել է հարկաբաժիններ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով:
Տնօրենների խոսքով` նախակրթարանների բացումը շատ սպասված իրադարձություն էր համայնքների համար: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում այս տարի ընդգրկված են թվով 29 կրթական հաստատություններ ՀՀ Արարատի, Կոտայքի , Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից: