Նորություններ

Շարունակական գործընկերային համագործակցություն կոնսորցիումային ծրագրերի շրջանակում

14.04.2023

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երեք շրջափուլերի շրջանակներում իրականացվել են յոթ կոնսորցիումային ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել և գործում են իրենց տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, նյութատեխնիկական բազայով, հատուկ ծրագրային ապահովմամբ, համակարգչային տեխնիկայով հագեցած գերազանցության կենտրոններ, լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ: Այս ենթակառուցվածքներն ունեն երեք ուղղվածություն՝ կրթական, գիտահետազոտական և նորարարական, որտեղ ուսանողներն ու գիտնականները կարող են իրագործել իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով ենթակառուցվածքներում առկա ժամանակակից նյութատեխնիկական բազան: Ստեղծված կենտրոնների առկայությունը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և արդյունքներ ստանալ, որոնք մտնում են կիրառության մեջ, անգամ առևտրայնացվում, ստեղծելով կապ բիզնեսի և գիտության միջև՝ նպաստելով բուհ - գիտահետազոտական կառույց - մասնավոր հատված եռանկյունու համագործակցության ամրապնդմանը: Կոնսորցիումային ծրագրերը համագործակցության կայուն հիմք ստեղծեցին պետության և մասնավոր հատվածի միջև։ Ծրագրերի ավարտից հետո բուհերը շարունակեցին համագործակցությունը ծրագրի գործընկերների հետ, ընդլայնվեց համագործակցության շրջանակը, ձևավորվեցին նոր տեղական և միջազգային գործընկերային հարաբերություններ, միաժամանակ պետությունը շարունակեց իր աջակցությունը ծրագրերի արդյունքների զարգացման և կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի գործարկումից հետո տեղի են ունեցել տարբեր կրթական միջոցառումներ և շարունակական վերապատրաստումներ ծրագրի գործընկեր «Ալֆաստոմ» ՍՊԸ-ի, «Վան», «3դենտ», «Վիտալ Մեդ» և այլ մասնավոր տարբեր ստոմատոլոգիական կլինիկաների և Հայ-Ամերիկյան կենտրոնի ստոմատոլոգիայի բաժնի հետ համատեղ, իսկ բուհի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» ծրագրի շրջանակներում ստեղծված
«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը շարունակում է արդյունավետ համագործակցությունը դրամաշնորհային ծրագրի գործընկեր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ՝ իրականացնելով համատեղ հետազոտական նախագծեր և երիտասարդ հետազոտողների վերապատրաստումներ: Միաժամանակ, ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթում Ֆիզիոլոգիայի ինստիտուտը  «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի  հետ համատեղ ներկայացրել է հայտ, որում, նախանշված է երկու հաստատությունների համագործակցության նոր ուղղություն՝ ուղեղի ներբջջային in vivo և patch-clamp ուսումնասիրություններ: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի մյուս գործընկեր «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում ԵՊԲՀ շարունակում է երիտասարդ հետազոտողների վերապատրաստումները՝ ուղղված երկֆոտոնային մանրադիտակի աշխատանքային առանձնահատկությունների յուրացմանը: 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է ֆինանսավորել «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի կողմից ներկայացված «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» ծրագրի հայտը։ Բացի ծրագրի գործընկերներից կենտրոնը համագործակցում է նաև մի շարք տեղական և միջազգային այլ գործընկերների հետ։
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը, որը ևս ստեղծվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնում է մի շարք գիտակրթական, գիտահետազոտական և համագործակցային ծրագրեր պետության աջակցությամբ և մասնավոր գործընկերների հետ համատեղ: Ծրագրի գործընկեր` ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ շարունակվում է համագործակցությունը, պարբերաբար իրականացվում են անհատական խորհրդակցություններ, համատեղ սարքավորումների շահագործում և այլն։ Ծրագրի ավարտից հետո իրականացվել են մի շարք գիտակրթական, գիտահետազոտական և համագործակցային ծրագրեր: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի, «Արփիմեդ», «Լիկվոր», «Ազադֆարմասյութիքլս» դեղագործական ընկերությունների հետ կնքված հուշագրերի շրջանակներում կենտրոնը շարունակաբար իրականացնում է դեղերի, դեղահումքերի, կենսաբանորեն ակտիվ միացությունների քանակական և որակական նույնականացման, մաքրության գնահատման փորձաքննություններ: 2022թ.-ին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել Կենտրոնի կողմից ներկայացված ԳՔ/ՄՍ նոր վերլուծական սարքավորման ձեռք բերման հայտը, 2022թ.-ից Կենտրոնում իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Ֆտորի քանակի որոշում ՀՀ կենցաղային ջրերում և համեմատական վերլուծություն» վերնագրով ծրագիրը: Ակտիվ գործունեություն է ծավալում նաև ԵՊՀ-ում բացված Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Այն ծրագրերի գործընկերների հետ, ինչպես նաև մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչների հետ սերտ համագործակցում է՝ ապահովելով որակյալ կադրեր, մասնավորապես մանրէաբաններ։ Այս տարիների ընթացքում կենտրոնը ստացել է տարբեր դրամաշնորհներ ՀՀ Գիտության կոմիտեի և տարբեր այլ կազմակերպությունների կողմից և համալրվել նորագույն սարքավորումներով։ Ստացվել են նաև տարբեր ստարտ ափ դրամաշնորհներ, որոնք ներկայացվել են կենտրոնում կատարված աշխատանքների հիման վրա։
Գործընկերային հարաբերությունները շարունակվում և ընդլայնվել են ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացված «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ներդրմամբ» կոնսոցիումային ծրագրի շրջանակներում ստեղծված գործընկերային հարաբերությունները, մասնավորապես գործընկեր հաստատության՝ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ի հետ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման շրջանակներում: Միևնույն ժամանակ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ի միջոցով բուհը ձեռք է բերել ոլորտի ընկերությունների հետ համագործակցային նոր կապեր։ Սկսած 2017թ.-ից մինչ օրս բուհը համագործակցում է «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ շինարարական նյութեր արտադրող կազմակերպության հետ և ներկայացված ընթացիկ հայտերով իրականացնում շաղախային, բետոնային, գիպսե ու քարե փորձանմուշների ու փորձարարական պատրաստվածքների լաբորատոր փորձարկումներ: Լաբորատորիայի գործունեության շրջանակներում համագործակցում են նաև մի շարք այլ շինարարական կազմակերպությունների հետ՝ «ՌԵՆՇԻՆ» ներդրումային ՍՊԸ, «Ընդդեմ Իրավական կազմակերպության» ՀԿ, «ԱՏԼԱՆՏ ՇԻՆ» ՍՊԸ, «Սթեմ» ՍՊԸ, «ՄԵՀՐԱԲՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ, Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում՝ 2015-2017 թթ., ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երկու կրթօջախների միջև ստորագրվել է «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիր: Այսօր էլ գործընկերների միջև համագործակցությունը շարունակվում է և մագիստրոսական ծրագիրն արդյունավետ գործում է,դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների միջոցով: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացված «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» (ՏԻՀ) ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագիտական կենտրոնում այսօր էլ շարունակվում է գիտատեխնոլոգիական համագործակցությունը այլ բուհերի, գիտահետազոտական և գործարար ոլորտի կազմակերպությունների հետ։ Փորձագիտական կենտրոնում ՏԻՀ ծրագրով ձեռք բերված արդիական սարքավորումների կիրառմամբ, համագործակցության պայմանագրերի հիման վրա հետազոտություններ են կատարվում համալսարանական, ակադեմիական և այլ ընկերությունների՝ մասնավորապես Հայ-ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, «Էլեկտրոն» ԲԲԸ, «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ, լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, «ՌՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ՍՊԸ համար: ՀԱՊՀ-ի տարբեր գիտակրթական ստորաբաժանումների համար փորձագիտական կենտրոնում կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, մասնավորապես՝«Ռենտգենակառուցվածքային հետազոտություններ» բազային գիտահետազոտական լաբորատորիայում մշակվում է բուն դեղամիջոցի համեմատությամբ ավելի բարձր հակաբակտերիալ ակտիվությամբ դոքսիցիկլինի ZnO/Ag/Fe նանոչափ կոմպոզիցիաների ստացման տեխնոլոգիա: «Նյութագիտության և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայում հետազոտվում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների նմուշները, դրանցում թանկարժեք և հազվագյուտ մետաղների պարունակության ուսումնասիրման և կորզման նպատակով: «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում» հետազոտվում են պեռլիտային, ցեոլիտային, նեֆելինայինտրավերտինի նմուշները, դրանք որպես պոչամբարներից ինչպես թունավոր այնպես էլ օգտակար էլեմենտների կլանիչներ օգտագործելու նպատակով: Միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում իրականացվում են ապակու վրա բարակ ածխածնային թաղանթների և ածխածնային փոշիների կառուցվածքային հետազոտություններ: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում պատրաստվում են ռոբոտներ, եռաչափ մոդելներ, մակետներ և բաղկացուցիչ տարրեր։

 


 

Նորություններ

25.05.2023 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված... 19.05.2023 «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները ներկայացվեցին Նեյրոգիտության շաբաթվա շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հենքի... 18.05.2023 ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ...