Նորություններ
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին մասնակցության հնարավոր հարցերի պարզաբանումներ
10.10.2022
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպվող ՆՄՀ շրջափուլը համահունչ կլինի ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և ուղղված կլինի բնագիտական ուղղություններով (ԲՏՃՄ/STEM) բարձրագույն կրթության որակի զարգացմանը։
1. Ի՞նչ է Նորարարությունների մրցակցային հիմնադրամը և ինչպե՞ս է գործում:
Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (ՆՄՀ) բարձրագույն կրթության ոլորտում պետության կողմից նախաձեռնված և նորարարությունները խթանող քաղաքական մեխանիզմ է, որի շրջանակներում բարձրագույն ուսումնական հաստատություններին (բուհ) մրցակցային հիմունքներով տրվում են դրամաշնորհներ` նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի ընդհանուր կարողությունների հզորացման, ուսուցողական և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների և այլնի խթանման համար: ՆՄՀ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագիր է: ՆՄՀ-ի վարչական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի համակարգում գործող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից: ՆՄՀ-ի ռազմավարական պլանավորումը և որոշումների կայացումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրերի Համակարգող խորհրդի կողմից, որի նախագահը ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Հայտերի ուսումնասիրումն ու գնահատումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման հանձնաժողովի կողմից:
2. Ինչի՞ն պետք է ուղղված լինի բուհի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը ՆՄՀ դրամաշնորհ ստանալու համար։
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև հասանելիության բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՆՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի համադրված լուծմանը.
I. Արդիականության և համապատասխանության խթանում. գործատուների ներգրավում կրթական գործընթացներին (կրթական ծրագրերի մշակմանը մասնակցելու, ուսումնական պրակտիկայի կազմակերպման միջոցով), կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, աշխատաշուկայի ուսումնասիրման կենտրոնների զարգացում, ինչը ենթադրում է կարիերայի կենտրոնների ձևավորում և այլն:
II. Արդյունավետության բարձրացում. հաստատությունների կառուցվածքային բարեփոխումների խթանում, բուհերի ներքին կառավարման համակարգի բարելավում, կառավարման տեղեկատվական համակարգերի ձևավորում և այլն:
III. Մատչելիության/հասանելիության բարձրացում. այս ծրագրերը պետք է հասարակության առավել լայն շրջանակներին բարձրագույն կրթության համակարգում ներգրավվելու հնարավորություն տան՝ թիրախավորելով սոցիալ-տնտեսական առավել ցածր ցուցանիշներ ունեցող խմբերին և կիրառելով տարբեր միջոցներ, ինչպես հեռահար և հեռավար ծրագրերը և այլն:
3. Արդյո՞ք կդիտարկվեն հայտերը, որոնք ԲՏՃՄ/STEM ուղղությամբ չեն։
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպվող ՆՄՀ շրջափուլը համահունչ կլինի ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և ուղղված կլինի բնագիտական ուղղություններով (ԲՏՃՄ/STEM) բարձրագույն կրթության որակի զարգացմանը։ ՆՄՀ ընթացիկ շրջափուլի համար հաստատված գերակա ուղղությունները, համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի, հետևյալն են՝ Հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM - science, technology, engineering and mathematics)։ Հետևաբար այլ ուղղություններով ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
4. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի տեսակները։
ՆՄՀ-ի կողմից ֆինանսավորման ենթակա դրամաշնորհային ծրագրերի տեսակներն են՝
• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն համագործակցության սերտացմանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա:
• Պետական բուհերի ծրագրեր, որոնք կնպաստեն առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` նկատի ունենալով ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և նորարար լուծումները կրթական ոլորտում: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրի գնահատման ժամանակ:
• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ոչ պետական բուհերի խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Ոչ պետական բուհերը կարող են նաև համատեղ ծրագրեր ներկայացնել, ինչը կնպաստի փոքր բուհերի կոնսոլիդացիային և կխթանի բուհերի միջև համագործակցությունը:
5. Ո՞վ կարող է հանդես գալ իբրև հայտատու։
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերում հիմնական հայտատու կարող է լինել իրավասության պայմաններին բավարարող պետական կամ ոչ պետական բուհը: Բոլոր մյուս կազմակերպությունները և ընկերությունները կարող են հանդես գալ միայն իբրև գործընկեր հաստատություն:
6. Ովքե՞ր կարող են ընդգրկվել կոնսորցիում ծրագրերում:
Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ հետազոտական ընկերությունից: Կոնսորցիում ծրագրերում կարող են ընդգրկվել նաև հիմնական հայտատու բուհից բացի այլ պետական և ոչ պետական բուհեր, ինչպես նաև մասնավոր ձեռնարկություններ և կազմակերպություններ, գիտահետազոտական հաստատություններ, որոնք կարող են լինել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա կազմակերպություններ:
7. Արդյո՞ք բուհի մասնաճյուղը կարող է ինքնուրույն դիմել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը առանձին հայտ չի կարող ներկայացնել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
8. Ի՞նչ պայմանների պետք է բավարարեն հայտատուները ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացնելու համար։
ՆՄՀ ընթացիկ շրջափուլին կարող են մասնակցել այն բուհերը, որոնք բավարարում են իրավասության հետևյալ չափանիշներին.
• բուհի` ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն - ՆՄՀ-ին դիմելու համար բուհը պետք է ունենա ինստիտուցիոնալ հավատարմագրում կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրում,
• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայությունը, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
• ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքները (այն բուհերի համար, ովքեր նախորդ փուլերում չեն իրականացրել ՆՄՀ դրամաշնորհային ծրագիր) - ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հայտով իբրև հիմնական դրամաշնորհառու հանդես եկող բուհերը պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը կցված է ՆՄՀ ղեկավար ձեռնարկին (Առդիր 4): Ստուգումը կիրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընդունելի աուդիտորների կողմից։ Աուդիտորները պետք է դասակարգեն ստուգման ընթացքում հայտնաբերված խնդիրները/թերությունները հետևյալ հիմնական երեք խմբերով` կատեգորիա Ա, կատեգորիա Բ, կատեգորիա Գ: Կատեգորիա Ա խմբում պետք է ներառվեն այն խնդիրները/թերությունները, որոնք աուդիտորի կողմից կհամարվեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի համար առանցքային: Կատեգորիա Բ խմբում ընդգրկված խնդիրները նշանակալի են ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի համար: Այլ ոչ էական խնդիրներն ու թերությունները պետք է ընդգրկվեն կատեգորիա Գ խմբում: Ստուգման արդյունքներով կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրելու պարագայում տվյալ բուհի հայտը կմերժվի: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա ընտրության գործընթացի վրա:
ՆՄՀ դրամաշնորհ ստանալու համար իրավասու համարվելու համար բուհը պետք է բավարարի վերոնշյալ բոլոր պահանջներին: Եթե բուհը ներկայացնում է կոնսորցիում ծրագիր, ապա պետք է բավարարի նաև կոնսորցիում ծրագրերին ներկայացվող պահանջներին, որոնք թվարկված են հինգերորդ կետում:
9. Արդյո՞ք իրավասու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել այն բուհը, որն ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել ոչ թե «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի», այլ արտերկրում գործող համանման կառույցի կողմից։
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմելու համար ինստիտուցիոնալ պայմանական կամ ինստիտուցիոնալ հավատարմագրման առկայության պահանջը կարգավորվում է ՀՀ կառավարության` 30.06.2011 թ. N 978-Ն որոշմամբ, որով հաստատվել է ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը: Մասնավորապես, խոսքը այդ կարգի երկրորդ բաժնի 10-րդ և 11-րդ կետերի մասին է, որոնք փոփոխվել են ՀՀ կառավարության 19.03.2014 թ. N 301-Ն որոշմամբ և ուժի մեջ են ըստ այդ փոփոխությամբ հաստատված տարբերակի: Ըստ այդմ, ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմելու համար ինստիտուցիոնալ հավատարմագրման պահանջով իրավասու կհամարվեն այն բուհերը, որոնց ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները գրանցված են հավատարմագրման պետական գրանցամատյանում: Հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցման պայմաններն ու ընթացակարգը նշված են վերոնշյալ որոշման նշված կետերում: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել պատրաստվող բուհերին խորհուրդ է տրվում նախապես «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի» հետ ճշտել իրենց բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների` հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցված լինելու փաստը:
10. Առավելագույնը քանի՞ ծրագրում կարող է ընդգրկված լինել բուհը:
Յուրաքանչյուր բուհ կարող է իրականացնել մեկ ծրագիր որպես հիմնական հայտատու (այն բուհը, որն իր անունից ներկայացնում է հայտը): Կոնսորցիում ծրագրերում հիմնական հայտատուն կարող է լինել միայն բուհը: Սակայն բուհերը կարող են մինչև երեք հայտ ներկայացնել, ինչը կերաշխավորի բուհի տարբեր ներկայացուցիչների (կառուցվածքային միավորների) առավելագույն մասնակցությունը դրամաշնորհային ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Հայտերի ներկայացման փուլում դրամաշնորհային ծրագրերի առավելագույն թիվը, որում հաստատությունը/բուհը կարող է ընդգրկվել կամ որպես հիմնական հայտատու, կամ որպես գործընկեր հաստատություն, երեքն է:
11. Որո՞նք են հայտին առաջադրվող ընդհանուր չափանիշները
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին ներկայացվող հայտերի ընտրության նպատակով սահմանվել են գնահատման չափանիշներ` ներկայացված ծրագրերից լավագույններն ընտրելու և ֆինանսավորելու համար: Ընտրության յուրաքանչյուր չափանիշ ունի որոշակի կշիռ, իսկ գնահատումն իրականացվում է ՆՄՀ ղեկավար ձեռնարկով սահմանված ընթացակարգերով և ընտրության չափանիշներով (Առդիր 1):
Ընտրության չափանիշներն են`
• Ներկայացրած Ծրագրի համապատասխանությունը ժամանակի մարտահրավերներին, ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին:
• Դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորումը և համապատասխանությունը նպատակին։
• Ծրագրի բովանդակությունը: Հաստատությունները պետք է ներկայացնեն ծրագրի հիմնախնդրի ռազմավարական վերլուծություն և հիմնավորում, ծրագրի համապատասխանությունը կրթության որակ և համապատասխանություն ցուցանիշին, ինչպես նաև ծրագրի իրականացման մեթոդաբանությունը: Հայտին կից պետք է ներկայացվի նաև ծրագրի իրականացման պլանը, մոնիտորինգի և գնահատման պլանը, ինչպես նաև գնումների պլանը:
• Ակնկալվող արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է համարժեք լինեն նախատեսված ծախսերին: Հայտերը պետք է՝
հիմնավորեն ծրագրի նորարարական բնույթը և ներկայացնեն ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները,
ներկայացնեն ծրագրի ավարտից հետո ծրագրի ազդեցության շարունակման գործողությունների պլանը,
ներկայացնեն ծրագրի արդյունքների տարածման պլանը:
• Ծախսերի արդյունավետությունը – Հաստատությունները պետք է հիմնավորեն նախահաշվի և ծրագրով նախատեսված գործողությունների համադրելիությունը: Այլ ենթաչափանիշներ են համաֆինանսավորման չափը և ծրագրով նախատեսված ապրանքների/ծառայությունների/խորհրդատվության պատշաճ և հիմնավորված նախահաշվային արժեքների հաշվարկը:
• Գործընկերների որակավորումները և համապատասխանությունը նպատակին (Միայն կոնսորցիում ծրագրերի համար) - Ծրագրային հայտերում պետք է նկարագրվեն գործընկերների փոխլրացնող որակավորումները, փորձառությունն ու հմտությունները և դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ, ծրագրային հայտում պետք է ներկայացվի գործընկերների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը:
12. Ի՞նչ փաստաթղթեր պետք է պարունակի ամբողջական լրացված հայտը
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող հաստատության կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1. Լրացված հայտը` ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ում տրված ձևաչափի,
2. Հաստատության ռազմավարական ծրագիրը (և/կամ բիզնես պլանները՝ կոնսորցիումի բոլոր մասնակիցների),
3. Դրամաշնորհային ծրագրի բոլոր մասնակիցների պետական գրանցման վկայականների պատճենները,
4. Դրամաշնորհային ծրագրի բյուջեն (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 1-ի),
5. Ծրագրի իրականացման պլանը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 2-ի),
6. Ծրագրի տրամաբանական կառուցվածքը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 3-ի),
7. Գործունեության վերջին երկու տարվա փորձի համառոտ նկարագրություն` ներառյալ տեղեկատվություն կնքված հիմնական պայմանագրերի և հիմնական գործընկերների վերաբերյալ` կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների համար (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 4-ի) ,
8. Գնումների պլանը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 5-ի),
9. Մոնիտորինգի և գնահատման պլանը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 6-ի),
10. Նախահաշվի տողերի հաշվարկ (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 7-ի),
11. Կոնսորցիումի անդամ կազմակերպության կողմից համաֆինանսավորումը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 8-ի) ,
12. Կոնսորցիումի անդամ կազմակերպության կողմից ոչ գումարային ներդրումները (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 9-ի) ,
13. Դրամաշնորհառու կազմակերպության կողմից ոչ գումարային ներդրումները (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 10-ի),
14. Կոնսորցիումի մասնակիցների միջև համագործակցության հռչակագիրը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 11-ի) ,
15. Կոնսորցիումի մասնակիցների միջև փոխհամաձայնության հուշագիրը (ըստ ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 12-ի) ,
16. Տեղեկանք նախկինում իրականացված ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աուդիտի արդյունքով աուդիտորական եզրակացությունում նշված դիտարկումների ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ ,
17. Ֆինանսական կարողությունների գնահատման արդյունքները ։
Փաստաթղթերը պետք է ստորագրվեն հաստատության լիազոր անձի կողմից: Հայտի փաթեթը պետք է ուղեկցվի հայտատու հաստատության պաշտոնական գրությամբ:
13. Կարո՞ղ են արդյոք բուհի կողմից ներկայացված հայտի փաստաթղթերը ստորագրվել այլ անձի կողմից, ով բուհի ռեկտորը/ղեկավարը չէ։
Փաստաթղթերը պետք է ստորագրվեն հաստատության լիազոր անձի կողմից: Եթե ստորագրողը հանդիսանում է ոչ թե բուհի ռեկտորը/ղեկավարը, այլ բուհի այլ ներկայացուցիչ, ապա հայտի փաթեթում պետք է ներկայացվի նաև տվյալ անձին բուհի ռեկտորի/ղեկավարի կողմից տրված գրավոր լիազորագիր` ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հայտի փաստաթղթերը ստորագրելու լիազորության վերաբերյալ: Հայտի Բ.4. կետում` դրամաշնորհի համար պատասխանատու անձ տողում պետք է լրացվեն հաստատության լիազոր անձի տվյալները, ով ստորագրում է հայտի փաստաթղթերը:
14. Ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացվի հայտը։
ՆՄՀ ղեկավար ձեռնարկի համաձայն՝ հայտի պատրաստմանը և ներկայացմանը տրվում է երկու ամիս ժամանակ` հայտարարության հրապարակման օրվանից հաշված: ՆՄՀ ընթացիկ փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 21-ն է:
15. Ի՞նչ ժամկետներում կգնահատվի ներկայացված հայտը։
Հայտի իրավասությունն ու ամբողջականությունը գնահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում, որից հետո բացակայող փաստաթղթերի և լրացուցիչ պարզաբանումների համար «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կարող է դիմել հայտատու բուհին` տալով առավելագույնը 7 օր ժամանակ լրացուցիչ պարզաբանումների և բացակայող փաստաթղթերի ներկայացման համար: Դրանից հետո բոլոր իրավասու և ամբողջական հայտերը կտրամադրվեն հայտերի գնահատող հանձնաժողովի փորձագետներին` գնահատման համար: Գնահատումը կիրականացվի ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ի համաձայն` առավելագույնը չորս շաբաթվա ընթացքում: Այնուհետև գնահատման արդյունքները տրամադրվում են ՆՄՀ համակարգող խորհրդին` ֆինանսավորման ենթակա ծրագրերի վերաբերյալ որոշման կայացման համար: Համակարգող խորհրդի որոշումից հետո հայտատու բուհերը կտեղեկացվեն արդյունքների մասին, և բոլոր այն բուհերը, որոնց ծրագրերը կհաստատվեն ֆինանսավորման համար, կհրավիրվեն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` պայմանագրեր կնքելու:
16. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու և ոչ իրավասու ծախսերը:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու են համարվում այն ծախսերը, որոնք անմիջականորեն առնչվում են ծրագրին, ծառայելու են ծրագրի նպատակների իրականացմանը և կարող են կատարվել դրամաշնորհային միջոցներից, այդ թվում համաֆինանսավորման մասնաբաժնից։ Ոչ իրավասու ծախսերն այն ծախսերն են, որոնք չեն կարող կատարվել ՆՄՀ դրամաշնորհային, ինչպես նաև՝ համաֆինանսավորման միջոցներից:
Ստորև ներկայացված ծախսերի ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում, ՆՄՀ-ի շրջանակներում իրավասու ծախսերի տեսակները՝
• գույք,
• համակարգչային և այլ սարքավորումներ, ներառյալ լաբորատոր սարքավորումներ և նյութեր,
• գրենական պիտույքներ և գրականություն,
• ծրագրային ապահովում և էլեկտրոնային ռեսուրսներ,
• տպագրություն, լուսաբանման շրջանակներում եթերաժամի կամ տպագիր մամուլում տարածքի գնում (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 3 %-ը),
• խորհրդատվական ծառայություններ (ազգային և միջազգային),
• սեմինարների, աշխատաժողովների, վերապատրաստումների կազմակերպում,
• գործուղում փորձի ձեռքբերման նպատակով, ներառյալ ճանապարհածախսը, կեցության ծախսերը և հնարավոր մասնակցության վճարները (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 5 %-ը),
• համակարգչային ծրագրերի մշակում և կատարելագործում,
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի աշխատավարձ,
• այլ ծախսեր (ոչ ավել, քան ծրագրի բյուջեի 0,5 %-ը)` ներառյալ բանկային ծառայությունների վճարները, մաքսային վճարները և ծրագրի իրականացմանը առնչվող այլ փոքր տեխնիկական ծախսեր։
Վերը նկարագրված իրավասու ծախսերը վերաբերում են միայն բուհերին, որոնք կամ դրամաշնորհային ծրագրի հիմնական իրականացնող են, կամ կոնսորցիում ծրագրի մասնակից: Կոնսորցիում ծրագրերի մեջ ընդգրկված մյուս մասնակիցների համար իրավասու են համարվում միայն խորհրդատվական ծառայությունների և դրանց հետ կապված գործուղման ծախսերը:
ՆՄՀ դրամաշնորհային, այդ թվում համաֆինանսավորման միջոցները, չեն կարող օգտագործվել ստորև նշված ոչ իրավասու ծախսերի իրականացման համար.
• տարածքների ու շինությունների ձեռքբերում և վարձակալություն,
• մարդատար մեքենաների ձեռքբերում,
• որևէ շինարարական աշխատանքներ, ներառյալ շենքերի վերանորոգում,
• կոմունալ ծախսեր (էլեկտրականություն, ջուր, ջեռուցում, հաղորդակցման միջոցներ, աղբահանություն և այլն),
• անդամավճարներ, տույժեր, տուգանքներ, գույքահարկ և այլն,
• աշխատակազմի վարձատրություն, բացառությամբ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի անդամների։
17. Որքա՞ն է կազմում դրամաշնորհային ծրագրի բյուջեն։
Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհը կարող է լինել առավելագույնը 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Առանձին պետական բուհերի և ոչ պետական բուհերի ծրագրերի արժեքը կարող է լինել առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Բացի դրանից դրամաշնորհային ծրագրերի բյուջեն պետք է ներառի նաև համաֆինանսավորում՝ հայցվող դրամաշնորհային գումարի առնվազն 15 տոկոս` անհատական ծրագրերի և առնվազն 20 տոկոս` կոնսորցիումային ծրագրերի համար: Դրամաշնորհային գումարի չափը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով տվյալ փուլում հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված օրվա համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ամրագրված տարադրամի պաշտոնական փոխարժեքը:
18. Որքա՞ն է կազմում պարտադիր համաֆինանսավորումը։
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերում պարտադիր ներդրումը անհատական ծրագրերի համար դրամաշնորհային գումարի առնվազն 15%, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ առնվազն 20% համաֆինանսավորումն է: Բոլոր այլ ներդրումները, որ իրականացվում են ՆՄՀ դրամաշնորհառու բուհի կամ կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների կողմից (կոնսորցիումային ծրագրերի դեպքում)` կամավոր են։ Այսպիսով, բուհերը և կոնսորցիումի մասնակից կազմակերպությունները (կոնսորցիումային ծրագրերի դեպքում) կարող են կամավոր կարգով իրականացնել կամայական ներդրում պարտադիր համապատասխան գումարային ներդրումից բացի: Համաֆինանսավորումն արտացոլվում է դրամաշնորհային ծրագրի բյուջեում` առանձին սյունակով: Անկախ նրանից, թե կոնկրետ ով է իրականացրել համաֆինանսավորումը` միայն հայտատու բուհը, թե նաև այլ դոնորներ, համաֆինանսավորումը ներկայացվում է իբրև հաստատության ներդրում` մեկ միասնական թվով` ըստ բյուջեի համապատասխան տողերի:
19. Արդյո՞ք պարտադիր է կոնսորցիումի մասնակցի կողմից համաֆինանսավորման իրականացումը։
Կոնսորցիումի մասնակից կազմակերպությունները պետք է հիմնավորեն ՆՄՀ առաջարկվող ծրագրում իրենց մասնակցության համադրելիությունը սեփական կազմակերպության ընդհանուր նպատակներին և առաքելությանը: Այդ կազմակերպությունները կոնսորցիումային ծրագրին կարող են մասնակցել կամ գումարային ներդրման միջոցով, կամ տրամադրելով ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի համար անհրաժեշտ ապրանքներ/ծառայություններ/խորհրդատվություն: Կոնսորցիում ծրագրի մասնակից մասնավոր կազմակերպությունների համար պարտադիր է գումարային ներդրման իրականացումը: Այն դեպքում, երբ ներդրումն իրականացվում է գումարային ձևով, դա պետք է արտացոլվի ծրագրի բյուջեում որպես համաֆինանսավորում: Այլ ներդրումների դեպքում դրանց մանրամասները պետք է ներկայացվեն համապատասխան ձևաչափում (ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 9, 10): Ոչ գումարային ներդրումները չեն արտացոլվում ծրագրի բյուջեում: Դրանք հաշվի կառնվեն հայտի գնահատման ընթացքում: Այդ ներդրումների իրականացումը պետք է մշտադիտարկվի և գնահատվի ՆՄՀ դրամաշնորհ ստացող կազմակերպության և կոնսորցիումի մասնակիցների կողմից` համաձայն նրանց միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի: Ապրանքների/ծառայությունների/խորհրդատվության տեսքով իրականացված ներդրումների իրագործման ընթացքը պետք է ներկայացվի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ծրագրային հաշվետվությունում` համապատասխան ծրագրային գործողության ընթացքի նկարագրության շրջանակներում, որի ապահովման համար նախատեսված էր նշված ներդրման իրականացումը:
20. Ինչպե՞ս պետք է կազմվի համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը կոնսորցիումի մասնակիցների հետ։
Կոնսորցիում ծրագրերի շրջանակներում հայտատու բուհը հայտի փաթեթում պետք է ներկայացնի նաև համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը` ստորագրված կոնսորցիումի մասնակից կազմակերպությունների կողմից: Երկու փաստաթղթերի ձևաչափերը ներկայացված են ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 2-ի Հավելված 11-ում և Հավելված 12-ում: Համագործակցության հռչակագիրը երկկողմանի համաձայնություն է կոնսորցիումի համակարգող կազմակերպության և մյուս մասնակիցներից յուրաքանչյուրի միջև, որով մասնակից կազմակերպությունը լիազորում է համակարգող կազմակերպությանը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերում գործել իր անունից: Ինչ վերաբերում է փոխըմբռնման հուշագրին, ապա դրանով սահմանվում են համագործակցության նպատակը, գործողությունները, հաշվետվողականությունը, տևողությունը: Օտարերկրյա կազմակերպությունների` կոնսորցիումում մասնակցության պարագայում, նշված փաստաթղթերը պետք է կազմվեն երկլեզու` անգլերեն և հայերեն:
21. Կարո՞ղ է արդյոք ծրագրի ղեկավար լինել բուհի ռեկտորը կամ պրոռեկտորը։
Բուհի ռեկտորը չի կարող ներառվել ծրագրի աշխատակազմում, իսկ բուհի պրոռեկտորը՝ ծրագրի աշխատակազմում կարող է ներառվել միայն առանց վարձատրության: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի և աշխատակազմի մյուս անդամների ընտրության տեսանկյունից ՆՄՀ ղեկավար ձեռնարկով սահմանվում են որակավորման նվազագույն պահանջներ (ՆՄՀ ղեկավար ձեռնարկի 7․2.2 բաժնում)։ Միաժամանակ, ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող բուհերին, խորհուրդ է տրվում դրամաշնորհային ծրագրի աշխատակազմում ներառել այն մասնագետներին, ովքեր ունեն բավարար ժամանակ` դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմող բուհերը պետք է հաշվի առնեն, որ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի անդամները, ինչպես նաև բուհի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները չեն կարող ընտրվել իբրև ծրագրի իրականացման հետ կապված խորհրդատուներ:
22. Ի՞նչ հաստիքներ են նախատեսվում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և որքա՞ն է աշխատակազմի աշխատավարձը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատակազմը ներառում է միայն հետևյալ հաստիքները` ծրագրի ղեկավար, համակարգող, գնումների մասնագետ և հաշվապահ: Ծրագրի ղեկավարի, համակարգողի, գնումների մասնագետի և հաշվապահի պարտականությունների մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև ծրագրի աշխատակազմի ընտրության համար սահմանված որակավորման նվազագույն պահանջները տրված են ՆՄՀ ղեկավար ձեռնարկի 7.2.2 բաժնում: Ծրագրի աշխատակազմի նշված հաստիքների համար անձանց տվյալները պետք է ներկայացվեն հայտի համապատասխան բաժնում` կցելով նաև վերջիններիս ինքնակենսագրությունները, որոնցից պետք է ակնհայտ լինի նշված անձանց համապատասխանությունը պահանջվող նվազագույն որակավորումներին: Հայտատու բուհերը պետք է ապահովեն ներկայացված աշխատակազմի պատշաճ աշխատանքը ծրագրի ողջ ընթացքում: Դրամաշնորհային ծրագրի աշխատակազմի ցանկացած փոփոխություն պետք է պատշաճ հիմնավորվի և նախապես գրավոր համաձայնեցվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ:
Ծրագրի աշխատակազմի համար թույլատրելի առավելագույն վարձատրության չափերը հետևյալն են (ներառյալ հարկերն ու սոցիալական վճարները).
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար – ամսական առավելագույնը 150000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հաշվապահ - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
• ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի գնումների մասնագետ - ամսական առավելագույնը 120000 ՀՀ դրամ
23. Որքա՞ն է դրամաշնորհային ծրագրերի տևողությունը
Ներկայացված բոլոր ծրագրերի համար առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը: Միևնույն ժամանակ, հայտատու բուհերին խորհուրդ է տրվում ոչ թե ընտրել ծրագրի առավելագույն տևողությունը, այլ դրա շրջանակներում նախատեսել հնարավորինս իրատեսական ժամանակացույց և վերջնաժամկետներ:
24. Քանի՞ փուլով պետք է իրականացնել դրամաշնորհային ծրագիրը (փուլերի նվազագույն քանակը և տևողությունը)
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացվող հայտը կազմելիս հայտատու բուհերը պետք է հաշվի առնեն, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է իրականացվի նվազագույնը չորս փուլով, ընդ որում` յուրաքանչյուր փուլի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի վեց ամիսը: Բուհերը պետք է հաշվի առնեն ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման համար պահանջվող ժամանակահատվածը` նախապատրաստական աշխատանքների, գնումների/ընտրության գործընթացի, անհրաժեշտ պայմանագրերի կնքման, դրանց իրականացման մանրամասն պլանավորմամբ` սահմանելով ծրագրի իրականացման ընթացքին առավելագույնս համապատասխանող ժամանակացույց: Ըստ այդմ, փուլի սկիզբ և ավարտ սահմանելիս պետք է հաշվի առնել նաև ծրագրի բյուջեն և հերթական փուլով նախատեսված գործողությունների համար պահանջվող գումարը, քանի որ դրամաշնորհային գումարի հերթական հատկացումները խստիվ կապված են փուլային հաշվետվությունների ստացման և ընդունման հետ:
25. Ի՞նչ ընթացակարգերով են իրականացվելու գնումների գործընթացները դրամաշնորհի շրջանակներում
Դրամաշնորհառու հաստատությունը պետք է հետևի ՆՄՀ ղեկավար ձեռնարկի 7.3 բաժնում ներկայացված Համաշխարհային Բանկի կանոնակարգերով սահմանված գնումների ընթացակարգերին: Դրամաշնորհառու հաստատությունը պետք է գնման եղանակի ընտրության ընթացքում հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպիսիք են` պահանջվող գույքի և ծառայության տեսակը, պահանջվող գույքի և ծառայության նախահաշվային արժեքը, օտարերկրյա հայտատուների մասնակցության հավանականությունը և գնման գործընթացի հետ կապված ծախսերը: ՆՄՀ դրամաշնորհառու հաստատությունը ծրագրի շրջանակներում գնման գործընթացները պետք է իրականացնի համաձայն հայտի հետ ներկայացվող գնումների պլանի (Առդիր 2-ի Հավելված 5): Գնումների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը տրված է Ղեկավար ձեռնարկի 7.3 բաժնում: